Անցյալ տարվա երկրորդ կեսի և այս տարվա առաջին կեսի ակտիվ դրամական հոսքերից հետո դրսից Հայաստան ուղարկվող գումարները կտրուկ նվազում են։ Հատկապես պակասել են Ռուսաստանից դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալները, ինչը պայմանավորված է նաև նրանով, որ ռուբլու փոխարժեքն էականորեն նվազել է, իսկ դրամի փոխարժեքը՝ ամրապնդվել։ Ընդհանուր առմամբ, նվազել է ռուբլով փոխանցումների տեսակարար կշիռը։ Ռուսաստանի այն քաղաքացիների հոսքը, որոնք իրենց միջոցներով տեղափոխվում էին Հայաստան, արդեն կանգնել է։ Այլ կերպ ասած՝ երկարաժամկետ կտրվածքով Ռուսաստանից դեպի Հայաստան նոր ժամանողներ չկան, ովքեր իրենց հետ կարող են բերել մեծ քանակությամբ արտարժույթ։
Արդյունքում ստացվում է, որ դադարել է անցյալ տարվանից սկսված ահռելի կապիտալի հոսքը դեպի Հայաստան, որը պայմանավորված էր մարդկանց տեղաշարժով։ Մյուս կողմից էլ՝ փոխանցումների նվազեցման համար պայմաններ է ստեղծել նաև պատժամիջոցային ռեժիմի վերահսկողությունը՝ փակելով արևմտյան տեխնոլոգիաները Հայաստանի միջոցով Ռուսաստանին տրամադրելու ճանապարհը։
Այս ամենի հետ մեկտեղ, պետք է հաշվի առնել, որ ՀՀ տնտեսությունը մի շարք մարտահրավերների առաջ է կանգնել։ Այդ մարտահրավերների շարքում անհնար է չնկատել ՀՀ պետական պարտքի սրընթաց աճը։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն «մասնագիտացել» է նորանոր պարտքեր ներգրավելու հարցում։ 2023 թվականի հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 11 մլրդ 352 մլն դոլար։ Երբ դրամը դոլարի նկատմամբ արժևորված է, պետական պարտքի այս ծավալը համեմատաբար հեշտ է սպասարկել, սակայն երբ դրամն արժեզրկվի, լուրջ խնդիրներ կունենանք այս տեսանկյունից՝ լրացուցիչ միջոցներ ուղղելով պարտքի սպասարկման համար։
Տարօրինակ է, որ չի նվազում նաև գազի գինը, քանի որ կապույտ վառելիքի մատակարարումը Հայաստանին հաշվարկվում է դոլարով, իսկ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ էականորեն նվազել է։ Դրա փոխարեն էականորեն աճում են բենզինի գները։ Իսկ եթե երկրում որոշ էներգակիրների գներն ավելանում են, ապա դա պայմաններ է ստեղծում գնաճային ճնշման ավելացման համար։ Ոլորտի պատասխանատուների այն պարզաբանումներն էլ, թե բենզինի գների բարձրացումը պայմանավորված է Ռուսաստանում այդ ապրանքի գների բարձրացմամբ, հիմնավոր չեն, քանի որ Հայաստանը կարող է բենզին ձեռք բերել նաև այլ երկրներից։
Կարդացեք նաև
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։