Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը Հայաստանի ու Արցախի շուրջ առկա իրավիճակը համարում է պայթյունավտանգ: Փորձագետը նոր ռազմագործողությունների հավանականությունը մեծ է համարում:
«Գործող իշխանությունը փոխանակ առավելագույնս օգտագործի հայ-ռուսական ռազմավարական հեռահար շահերով պայմանավորված դաշինքի ռեսուրսը, անում է ամեն հնարավորը, որպեսզի մոտալուտ ու անխուսափելի ռազմագործողությունների ընթացքում ռուսական կողմը աջակցություն չտրամադրի Հայաստանին, սադրի ՌԴ կողմից դաշնակցային պարտավորությունները չկատարելը՝ ի պատասխան այն անտեղի, ՀՀ շահերին չհամապատասխանող հակառուսականության, որն իրենք ի ցույց են դնում,- 168.am-ի հարցադրումներին ի պատասխան անդրադառնալով Հայաստանի անվտանգությանն առնչվող վերջին մի քանի դրվագներին՝ հայ-ամերիկյան զորավարժություններին, ԵՄ դիտորդական առաքելության օպերատիվ գրասենյակի բացմանը, հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամի մասին փորձագիտական շրջանակների ահազանգերին՝ նշեց Դավիթ Ջամալյանը՝ շարունակելով,- Ե՛վ հայ-ամերիկյան զորավարժությունները, և՛ ԵՄ դիտորդների առկայությունը, և՛ այժմ էլ հերթական գրասենյակի բացումը ՀՀ հյուսիս-արևելքում, և՛ Էրատոյի այցը Կիև, շատ հստակ ծրագրված, համակարգային հակառուսականության հերթական դրսևորումներն են, որոնք ակտիվացել են, կիրառվում են ադրբեջանական ագրեսիայի նախօրեին՝ նպատակ ունենալով ՌԴ-ին սադրել, որպեսզի հետո անխուսափելի աղետի մեղքը բարդվի ՌԴ վրա, թե տեսեք՝ ՌԴ-ն ոչինչ չարեց»:
Ռազմական փորձագետը հավելեց՝ Կրեմլում գիտեն, որ այստեղ նստած իշխանությունը հակահայկական իշխանություն է նախևառաջ, հետո նոր՝ հակառուսական:
Նրա համոզմամբ՝ հենց այս հանգամանքը հաշվի առնելով են Ռուսաստանն ու Իրանը փորձում զսպել Ալիևին, ու եթե այս երկու զսպող հանգամանքները չլինեին, Սյունիքը կորցրած կլինեինք:
Կարդացեք նաև
«Եթե հիմա Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից, պատերազմի հավանականությունը շեշտակիորեն կնվազի: Ո՞ւմ երեխաների կյանքի հաշվին ես հակառուսական խարդավանքներ ու դավեր նյութում: Խոսքը հարյուրավոր զոհերի մասին կարող է լինել. արնաքամ լինող բանակ, որ նորմալ սպառազինված չէ, վերականգնված չէ, որ ավելի շատ իմիտացիա է արվել մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ, քան իրական գործ, եթե դու հրաժարվում ես ընդունել ՀԱՊԿ-ի օգնությունը՝ զորավարժությունների անվան տակ Հայաստանին տրամադրվելիք սպառազինությունը. այս պարագայում, եթե հարվածը ընդունեց, մեծաթիվ զոհերի հեռանկարն անխուսափելի է»,- շեշտեց նա:
Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում։