Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լոկ բառե՞րն են կանգնում կոկորդում․ կոկորդում գնդի զգացողության առաջացման պատճառները

Սեպտեմբեր 14,2023 09:32

Կոկորդում գնդի զգացողություն թերևս ունեցել ենք բոլորս, երբ հուզվելիս կամ զայրանալիս զգացմունքները կարծես մի կծիկ են դառնում ու ու ոչ մի կերպ «կուլ չեն ուզում գնալ»․․․ Բայց արդյո՞ք կոկորդում գնդի զգացողության պատճառը լոկ հուզական է։

Կոկորդում գնդի զգացողության վերաբերյալ առաջին գրառումները պատկանում են Հիպոկրատին, որն այդ զգացողությանը անդրադարձել է դեռևս 2500 տարի առաջ, սակայն միայն 1707 թ․-ին է այդ վիճակը հստակ նկարագրվել Ջոն Փերսելի կողմից որպես պարանոցի մկանների կծկման պատճառով առաջացած ճնշում վահանաձև գեղձի աճառի վրա։

Նախկինում բժիշկները կոկորդում գնդի զգացողությունը հիստերիկ նոպայի դրսևորում էին համարում, և այդ զգացողությունը հայտնի էր որպես «հիստերիկ գունդ», քանի որ հաճախ էր ասոցացվում դաշտանադադարի շրջանին բնորոշ հոգեվիճակի ու կանանց հոգեբանական այլ գործոնների հետ։

Միայն 1968 թ․-ին այդ զգացողությունը դադարեցին կապել հիստերիայի դրսևորումների հետ՝ անվանելով «globus pharyngeus»։

Կոկորդում գնդի զգացողության պատճառները տարբեր են՝ ներառյալ սթրեսն ու անհանգստությունը, և հաճախ դժվար է լինում ախտորոշել խնդիրը, մանավանդ որ ֆիզիկական զննումը սովորաբար որևէ տեղեկություն չի տալիս այդ վիճակի մասին։

Կոկորդում գնդի զգացողություն հավասարապես ունենում են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ, սակայն կանայք ավելի հաճախ են այդ խնդրով դիմում բժշկին։ Այս խնդիրն ավելի շատ անհանգստացնում է միջին տարիքի մարդկանց։

Կոկորդում գնդի զգացողության առաջացման պատճառները

Այս նյարդայնացնող վիճակի առաջացման պատճառները տարբեր են, և հենց դրանց բացահայտումն էլ թույլ կտա խնդրի արդյունավետ բուժում մշակել։ Դրանք են՝

  • կոկորդի բորբոքումը,
  • գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունը,
  • հոգեբանական գործոնները՝ սթրեսն ու անհանգստությունը,
  • վերին կերակրափողային սֆինկտերի գործառույթի խանգարումները,
  • հազվադեպ հանդիպող ուռուցքները,
  • վահանաձև գեղձի հիվանդությունները,
  • կողմնակի իրերը, որոնք ինչ-ինչ պատճառներով հայտնվել են կոկորդում։

Տոնզիլիտը, ֆարինգիտը, քրոնիկ սինուսիտը՝ հետքթային հոսքով, այն հիվանդություններն են, որոնք առաջացնում են կոկորդի բորբոքում, գրգռվածություն, կոկորդում անհարմարության, գնդի զգացողություն։

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունը երբեմն կարող է կոկորդում գնդի զգացողության պատճառ դառնալ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կոկորդում գնդի զգացողություն ունեցող մարդկանց 23 – 68 տոկոսի մոտ այդ վիճակը բացատրվում է թթվային ռեֆլյուքսի կամ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության ախտանշաններով։

Որոշակի կապեր կան այդ անհարմար զգացողության ու հոգեբանական վիճակների միջև։ Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ սթրեսը, դեպրեսիան, առողջության մասին անհանգստությունը, կյանքի տարբեր իրադարձությունները, որոնք սթրեսային ու տրավմատիկ են, մեծ չափով կապվում են կոկորդում գնդի զգացողության հետ։

Վերին կերակրափողային սֆինկտերի գործառույթների խանգարում է առաջանում, երբ սեղմիչը, որը կառավարում է օդի հոսքը կոկորդում, կանոնավոր չի աշխատում։ Եթե կոկորդում գնդի զգացողություն առաջանում է այս խանգարման պատճառով, ապա այն բուժվում է ներարկումների միջոցով, որոնք կոչված են կանոնավորելու վերին կերակրափողային սֆինկտերի աշխատանքը։

Հազվադեպ կոկորդում գնդի զգացողության պատճառը կարող է լինել ուռուցքը, օրինակ՝ Մերկելի բջջային կարցինոմայի մետաստազները կոկորդում։

Վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները ևս կոկորդում գնդի զգացողության պատճառ կարող են դառնալ, ընդ որում դա հնարավոր է ինչպես հիվանդության ակտիվ փուլում, այնպես էլ վահանաձև գեղձի լիովին կամ մասնակի վիրահատությունից հետո։ Դեռևս հայտնի չէ վահանաձև գեղձի հիվանդությունների ու կոկորդում գնդի զգացողության հստակ կապը, բայց մի բան պարզ է, որ
թիրեոիդէկտոմիան (վահանաձև գեղձի հեռացումը) որոշ դեպքերում թեթևացնում է նաև այդ զգացողության հետ կապված անհարմարությունները։

Կոկորդում հայտնված կողմնակի իրերը հեռացնելիս պետք է համոզվել, որ դրանք ամբողջությամբ են հեռացվել, քանի որ անգամ փոքրիկ մասնիկը կարող է, ժամանակի ընթացքում ներաճելով, արգելափակել շնչուղիները։

Կոկորդում գնդի զգացողության պատճառ կարող են լինել նաև հետևյալ գործոնները՝

  • Քունք-ստործնոտային հոդի խնդիրները,
  • բավականաչափ թուք արտադրելու անկարողությունը,
  • պարանոցի ոսկրային կոշտուկներն (օստեոֆիտ) ու շպորները,
  • մախաթակորճային համախտանիշը (Իգլի համախտանիշ),
  • կոկորդի ու ըմպանի լարվածությունը։

Կոկորդում գնդի զգացողությունը հատուկ բուժում չունի և այս խնդրի բուժումն, ինչպես նշվեց, կախված է առաջացման պատճառից։ Եթե հիմնական պատճառը ֆիզիկական է, օրինակ՝ թթվային ռեֆլյուքսը, ապա այս հիվանդությունը բուժելու դեպքում հիմնականում անհետանում է նաև կոկորդում զգացվող անհարմարությունը։ Հոգեբանական խնդիրների դեպքում կարող են օգտակար լինել անհանգստության ու սթրեսի նվազեցման համար կիրառվող միջոցները։

Շատ հաճախ կոկորդում գնդի զգացողությունն անցնում է, մինչ մարդը կորոշի դիմել բժշկին, սակայն երբ երևույթը ստանում է քրոնիկական բնույթ, ապա առողջապահության ոլորտի մասնագետի հետ խոսելը կարող է շատ արդյունավետ լինել։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Medical News Today

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930