Ադրբեջանը չի կարող ինքնուրույն լայնամասշտաբ պատերազմ սկսել: Այդ երկիրը չունի դրա համար ռազմական եւ տնտեսական բավարար ներուժ: Հաջողության հեռանկար ունենալու համար Ադրբեջանին անհրաժեշտ է Թուրքիայի բազմակողմանի ռազմական աջակցությունը՝ այնպիսի աջակցություն, որը նա ստացել է 44-օրյա պատերազմի ժամանակ: Բայց դա էլ բավարար չէ՝ Ադրբեջանին պետք է նաեւ Ռուսաստանի առնվազն լուռ համաձայնությունը՝ այն համաձայնությունը, որը նա ստացել էր 2016 եւ 2020 թվականներին: Այս պահին, իմ տպավորությամբ, Ադրբեջանն այդ երկկողմանի «դոբրոն» չունի: Դա չի նշանակում, իհարկե, որ մեկ շաբաթ կամ մեկ ամիս հետո Թուրքիան եւ Ռուսաստանը չեն արտոնի նոր պատերազմը:
Կլինի՞ արդյոք լայնամասշտաբ պատերազմ, թե՞ ոչ՝ անցած շաբաթ, հավանաբար, քննարկվում էր Սոչիում՝ Պուտինի եւ Էրդողանի հանդիպման ժամանակ: Հիմնական թեման, ինչպես հայտնի է, այսպես կոչված, «հացահատիկային գործարքն» էր, բայց գրեթե բացառված է, որ երկու ղեկավարները չքննարկեին իրավիճակը Հարավային Կովկասում: Այստեղ Ռուսաստանն ու Թուրքիան, անշուշտ ունեն ընդհանուր օրակարգ, որտեղ կենտրոնական տեղ է զբաղեցնում «Զանգեզուրի միջանցքը»: Մեր իշխանությունները շարունակում են պնդել, որ նման բան թույլ չեն տա, եւ թեման փակված է: Դե, հաստատ ճիշտ են ասում, այդ ե՞րբ են մեր իշխանությունները ստել: Համենայնդեպս, այս օրերին համապատասխան հայտարարություններ են արել Ադրբեջանի ԱԳ նախարարը եւ Թուրքիայի Տրանսպորտի նախարարը:
Հօգուտ այն ենթադրության, որ մոտ օրերս լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը բարձր չէ, խոսում է նաեւ Իրանի Պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշթիանիի հայտարարությունն այն մասին, որ իր երկիրը թույլ չի տա տարածաշրջանում նոր պատերազմ:
Մյուս կողմից, այնպիսի մասշտաբի բախումներ, որոնք տեղի են ունեցել ուղիղ մեկ տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին-14-ին, ցավոք, միանգամայն հնարավոր են նաեւ հիմա: Հիշեցնեմ, որ այն ժամանակ մենք ունեցել ենք 224 զոհ: Ընդհանուր առմամբ, ըստ Հայաստանի Զինված ուժերի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի, այժմ օկուպացիայի տակ է գտնվում մեր երկրի ինքնիշխան տարածքի 139 քառակուսի կիլոմետր տարածքը: Անցած տարվա իրադարձությունների մասին ոչ ոք, կարծես թե, չի հիշում: Եվ ավելին՝ իշխանական քարոզիչները հավաստիացնում են, որ Փաշինյանը պայքարում է երկրի ինքնիշխանության համար:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
IMPEACHMENT – Through the impeachment process, Congress charges and then tries an official of the federal government for “Treason, Bribery, or other high Crimes and Misdemeanors.” The definition of “high Crimes and Misdemeanors” was not specified in the Constitution and has long been the subject of debate.