Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-իտալական եղբայրական հարաբերությունների խորացման գործում կարևոր դերակատարություն են ունեցել Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիները. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Սեպտեմբեր 14,2023 00:10

Սեպտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իտալիայի Հանրապետության նախկին վարչապետ Ռոմանո Պրոդիին։

Հանդիպմանը ներկա էին նաև Իտալիայի Հանրապետությունում
Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով մեծանուն քաղաքական գործչի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, շնորհավորեց վերջինիս ԵՊՀ-ի կողմից պատվավոր դոկտորի կոչմանն արժանանալու առիթով։

Հանդիպմանը Հայոց Հովվապետը նշեց, որ հայ-իտալական բարեկամությունն ունի դարերի պատմություն և ընդգծեց, որ եղբայրական հարաբերությունների խորացման գործում կարևոր դերակատարություն են ունեցել Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիները, որոնց ջերմ գործակցությունը շարունակվում է և այսօր:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց նաև տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակին, Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ շարունակ ոտնձգություններին, ինչպես և շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետին։ Հայոց Հայրապետը, գնահատելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում միջազգային հանրության ներդրած ջանքերը, կարևոր նկատեց առավել ազդու միջոցների գործադրումը՝ կանխելու արցախահայության նկատմամբ բռնաճնշումների և Արցախը հայաթափելու Ադրբեջանի քաղաքականությունը։

Իր խոսքում Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին անդրադարձավ տարածաշրջանային ընդհանուր զարգացումներին և աշխարհաքաղաքական փոփոխություններին՝ ի մասնավորի կարևոր նկատելով հակամարտության խաղաղ կարգավորման գործում միջազգային կառույցների առավել ներգրավվածությունը։

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930