Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ կարդում եմ «ֆրոնտին նամակներս», տպավորություն է՝ զգացել եմ, որ պատասխաններ չեմ ստանալու». հերոսի քույր

Սեպտեմբեր 14,2023 13:00

Աննա Սարգսյանի արձակը ցավի ու սիրո բախման կիզակետում ծնել է կամ ավելի շուտ հայտնաբերել մի մոլորակ, ուր ապրում են անմահության լուսակիրները, նրա եղբոր ու հինգ հազար եղբայրների գոյության աներեւույթ վայրը։ «Որ չկորչի պատերազմում» գիրքը նվիրված է 44-օրյա պատերազմում զոհված եղբորը՝ Արտակ Սարգսյանին եւ ոչ միայն…
«Արտակն արդարություն բերելու իր երազանքն ուներ, այն այսօր ի՞նչ անուն կունենար, ի՞նչ բանաձեւ մեր իրականության մեջ, երբ այն հողը, որի վրա թափվեց մեր եղբայրների արյունը, դեռեւս տնքում եւ տոկում է անարդարության օղակի մեջ, Արցախը կյանքի ճանապարհի նոր կռիվ ու պայքար է տանում անմարդկային զրկանքների մեջ» հարցից սկսվում է մեր անավարտ զրույցը («Մենք ամբողջ մի կյանք շարունակելու ենք ապրել աշխարհում, որտեղ նա չկա». հերոսի քույր, «Առավոտ», օգոստոսի 5), որի շարունակությանը սպասում էր ընթերցողը:

– Ամեն անգամ, երբ մտածում եմ այս հարցի շուրջ, մտքերս ինքնամխիթարանք են հնչում իմ ականջին, սակայն պատասխանս նույնն է մնում. Արտակը «չէր դիմանա» այս իրականությանը: Ամենահարմարվող մարդու համար անգամ հնարավոր չէ գտնել հարմարվելու եզրեր, դատարկել միտքը ու շարունակել կյանքը (ինչպես հաճախ ասում են, որ պետք է անել): Արդարությունը, եթե լիներ, Արտակի դեմքն ու կապույտ, անբիծ աչքերը կունենար: Պատերազմի դաշտում Արտակի զենքը գնդացիրն էր։ Գնդացրորդ լինելու համար զինվորը պիտի ֆիզիկապես ուժեղ լինի։ Թեթեւ զենք կրող տղաները միշտ օգնում էին գնդացրորդներին, որովհետեւ զենքը ծանր շղթա ուներ՝ փամփուշտները վրան հավաքած։ Հրամանից հետո տղաները վազում էին վերեւ։ Արտակը չթողեց, որ իրեն օգնեն։ Ասես ինչ-որ գազան էր զարթնել նրա մեջ, ինչ-որ անբնական ուժ, որով կարողացավ միայնակ հասնել սարի գագաթը՝ ծանր զենքը վրան ու առանց մեկ վայրկյան կանգ առնելու։ Րոպեներ առաջ էր, որ ժպտում էր կողքին։ Արտակը, որ ժամեր առաջ սպայի դի էր իջեցնում, որ փրկում էր վիրավոր ընկերներին, հանում էր ռազմի դաշտից, որ ընդհատում էր դիվերսանտների առաջխաղացումը, հիմա ինքն էր ընկել, իրեն էին իջեցնելու… Խնդիրներին միշտ բաց ճակատով էր առերեսվել, ու երեւի դա էր պատճառը, որ բեկորը հենց ճակատին էր դիպել։ Ճանճից էլ փոքր բեկորը սպանել էր որդուն, եղբորը, ընկերոջն ու զինվորին, ով լուռ էլ զոհվեց Հայրենիքի սրտում։ Հայրենիքը գուցե սկսվում է սահմանից, բայց այն սիրելը սահմաններ չի ճանաչում։

Երեւի շատ սիրելուց էլ իրար կորցրին երկուսը՝ Արտակը եւ Հայրենիքը. «-Գոնե Ղարաբաղ չընկնեիր, Արտո՜ ջան։

-Չէ՛, տենց մի՜ ասեք, էն էլա մերը…»։

– Պատերազմի ու զինվորի մասին պատմելիս, նրանք գրքումդ ապրում են ներկայով: Նկարագրելով նրանց առօրյան, զրույցները, գործողությունները՝ դու ապրեցնում ես ժամանակը, որում նրանցից շատերը անմահացան, Արտակը եւս: Կարդալով գիրքդ մտածում եմ, ասես, գրել ես քո գրքով մի հայց մարդկության դատարանին, որը գուցե եւ դեռ չկա, ամենաարդար ու Արտակի երազած արդարությունը բերող դատարանին, հիշեցնելով, որ պատերազմը հանցագործություն է եւ զոհերի հավաքական թիվը անհատների, անձերի, նրանց հարազատների հանդեպ մեծագույն ոճիր է, հանցանք, որը սպանեց հազարավոր մարդկանց անհատ առ անհատ: Ո՞ւմ դատին կուղղեիր այս հայցը, Աստծո՝ թե՞…

– Արտակի ու նրա նման տղաների կյանքն ընդհատելու համար մինչ օրս էլ ես պատասխան եմ պահանջում, ինքս էլ չգիտեմ՝ ումից։ Սկզբում միանշանակ Աստծո դատաստանին էր հայցս ուղղվել, հետո՝ երկարատեւ մի վեճ, ապա դադար եղավ։ Այժմ հայցն ուղարկել եմ կյանքին՝ առանց պատասխան ստանալու ակնկալիքի։ Կյանքը պատասխանի փոխարեն շարունակվում է, իսկ մենք դոփում ենք տեղում, որովհետեւ ամեն դեպքում երջանիկ կյանքը կանգ առավ, երբ կորցրինք Արտակին։ Անկեղծ ասած՝ երբեմն էլ Արտակին եմ ուղղում հայցս ու հարցս՝ «ինչո՞ւ», եւ նայում եմ ժպտացող, լուռ դեմքին։

-Պատերազմի վավերագրությունների նորագույն էջերում «Որ չկորչի պատերազմում»-ը իր տեղն անպայմանորեն կունենա, որովհետեւ կենդանի ապրումներից բացի, զինվորական կյանքի, նրա այլ օրենքների ու հոգեբանական կողմերի այնքան նուրբ ու համակողմանի վերլուծություն է տալիս, այն նաեւ մի յուրօրինակ նամականի է, ծառայության, այնուհետեւ ճակատում կյանքի ու մահու պայքարի մեջ գտնվող զինվոր-եղբորն ուղղված խոսք ու իրականության նկարագիր անպատասխան նամակներով, որոնցում թիկունքի կյանքն է ասես փորձում չափել պատերազմի անկայուն զարկերակը:

«Եկեղեցում միշտ զինվորի համար շշուկով աղոթք կա, ու մոմերը, որ տարբեր կողմերում հավաքված վառվում են, էլի զինվորի համար են, եթե ոչ բոլորը, ապա գոնե կեսը։ Մոմերն անուններ ունեն՝ զինվոր տղաների անուններ։ Բակում նստած էին, երբ տեսան՝ հարսանիք է եկեղեցում։ Հետո միայն պարզվեց, որ ամուսնացող տղան՝ Լեւոնը, հետախույզ էր, հատուկ նշանակության խմբի հրամանատար, կոչումով՝ մայոր, ու հաջորդ օրը նա էլ մյուս կամավորների հետ մեկնել էր ռազմաճակատ։ Անվերադարձ»:

– Պատերազմական վավերագրություների, գրականության մեջ «նամակներ ֆրոնտից»-ն ընդունված ժանր է, քո գրքում այն նոր դրսեւորում ունի՝ «Նամակներ ֆրոնտին»…«Ուզում եմ նորից քեզ գրել, եղբայ՜ր։ Կարոտս խեղդում է ավելի քան երբեւէ։ Առավոտս խաղաղ չէր. գիշերվա աղոթքներս երեւի տեղ չէին հասել։ Օդից սարսափ է կախված, ու երկու էդքան հպարտություն։ Ազգովի նստած ենք փշերի վրա, ամեն զանգի հետ վեր ենք թռչում, գուցե մեր զինվորն է, գուցե դու ես։ Երեւի Աստծո հետ կյանքում էսքան չէի խոսել. խաղաղություն էի ուզում (էի, եմ…)։ Խաղաղությունից թանկ չկա ոչինչ, դուք եք խաղաղություն պարտադրողները, դուք ամենաթանկն եք։ «Մեռնեմ կյանքիդ»-ը զգում եմ ամբողջ ներսովս ու պատասխանում «ցա՜վդ տանեմ»-ով։ Ների՜ր ինձ ամեն արածիս ու չարածիս համար: Ես քեզ սիրում եմ։ Էլ չեմ լացելու։ Լա՜վ մնա, բան չի մնացել։ Քո քույրիկ»։ Անպատասխան այդ նամակներում, բացի քրոջական սիրուց ու կարոտից, նաեւ իրականության քո ընկալումներն ու վերլուծություններն են, որոնք եւ հարց ու պատասխան են կարծես, պատասխաններ նաեւ Արտակի փոխարեն: Ինչո՞ւ…

– Հիմա երբ կարդում եմ «ֆրոնտին նամակներս», տպավորություն է՝ զգացել եմ, որ պատասխաններ չեմ ստանալու։ Ամենաշատն ատում եմ հենց այդ զգացումը՝ Նրանից պատասխան, շնորհավորանք, խորհուրդ չստանալու։ Երբ Արտակը զինվորական արձակուրդի մեջ էր, ասում էի՝ «կկարդա՞ս՝ ինչ եմ գրել Քեզ», ասաց՝ չի ուզում իմանա ինչքան եմ Իրեն կարոտել, վերադարձից հետո պիտի։ Այդպես էլ չկարդաց։

– Եղբորդ մասին խոսելիս միշտ ներկա ժամանակով ես խոսում, գրելիս միշտ «Իր» կամ «Իրեն» բառերը գրում ես մեծատառով: Արտակի երազանքների մասին խոսելիս ասում ես, որ երազում էր հոր հետ բոնսայների ցուցահանդես կազմակերպել Ճապոնիայում: Արդյո՞ք կա նպատակ իրագործել Արտակի այդ երազանքը, քանի որ ծառերն իրենք ասում են, որ լսում են մարդկանց, գուցե նրանք եւս սպասում են Արտակին:

– Հայրս բժիշկ է, ով չնայած մեդալով է ավարտել բժշկական համալսարանը ու տարիներ նվիրել նաեւ հետագա կրթությանը՝ զբաղվում էր գրեթե ամեն ինչով, բացի բժշկությունից։ Այդ ամեն ինչի մի ոլորտն էլ բոնսայ ծառերն են կազմում, որին Արտակն ու ես ծանոթ էինք դեռ մանկուց։ Հայրս մեզ պատմում էր դրանց ստեղծման մասին, պատմությունը, հետաքրքիր փաստեր ներկայացնում, իսկ այ Արտակը ժամանակի ընթացքում դարձավ հայրիկի աջ ձեռքը նաեւ այս գործում։ Հաճախ կարելի էր նրանց երկուսին գտնել մեր այգում՝ հայրիկի փոքր, հարմարավետ ու ծառաշատ աշխատասենյակում, բոնսայներ խնամելիս։ Արտակի ու հայրիկի մոտ ձեւավորվեց Ճապոնիայում բոնսայ- ցուցահանդես ունենալու նպատակը, որն այսուհետ միայն երազանք է մնալու։ Իրականացնել գուցե ստացվի, բայց կիսատ է լինելու առանց Նրա։

– Գրում ես. «Տղաները գիտեին՝ ինչպես կռվել, բայց չգիտեին՝ ինչպես ապրել կռվից հետո»։ Սիրելի Աննա, Դուք Արտակի, Ձեր եղբոր, ողջ կյանքի ու ազգի հերոսի երազանքների կրողն եք եւ նաեւ մասամբ Ձեր ձեւով իրականացնողը, կյանքի կոչողը, ի՞նչ կփոխեիր քո ու եղբորդ կողմից մեր հասարակության մեջ, այ ինչպե՞ս ապրել պատերազմից հետո:

– Այն, ինչ կփոխեի մեր հասարակությունում եւ առհասարակ աշխարհում, Եղբորս երազանքն էր. արդարություն հաստատել: Արտակը կուզեր` չարությունը հանեինք մարդկանց միջից: Մարդիկ իսկապես շատ են չարացել, եւ հետաքրքիր է, որ այդպիսիների մեջ գերակշռում են նրանք, ովքեր չեն զգացել վշտի դառնահամը: Արտակն ինձ սովորեցրել է լավին լավով պատասխանել, իսկ վատը անտեսել: Սովորեցրել է չչարախոսել, երբ ցավեցնում են ինձ ու սիրել, շա՛տ սիրել կյանքը: Ես մտածելակերպ կփոխեի այստեղ` դրանք սովորեցնելով:

– Կարդում եմ հերթական փշաքաղող տողերդ. «Արտակ»-ը Արցախի հնագույն անունն էր։ Ուրարտական ժամանակներում Արցախը կոչվում էր Ուրդիխունի, Արքունի ու Արտակ։ Արտաշես Ա-ի օրոք Արտակ կամ Արդակ աշխարհի անվանումը ձեւափոխվել, դարձել էր Արցախ՝ Ար + Ցախ՝ «Արտաշեսի անտառներ»։ Նույնիսկ Մարտակերտի մեջ Արտակը կար, Արցախի հետ կապված էր իր աշխարհ գալու օրվանից, անգիտակցաբար»: Ինչպիսի՞ն կուզենաս տեսնել Հայաստանն ու Արցախը եւ նրանում ապրող հային, հատկապես այն ընտանիքներին, որոնք իրենց ամենաթանկը տվեցին հայրենիքին ու ազգի լինել-չլինելու պատերազմին…

– Ամբողջական. այսպիսին եմ ուզում տեսնել: Ամբողջական Հայաստան, ամբողջական Արցախ, ամբողջական ընտանիք: Անհնարն եմ ուզում, բայց միայն այդ դեպքում կարող էի իսկապես երջանիկ մեկը լինել:

– Փնտրել, գտել ես գործով, անմարդկայնի ցավի միջով քայլելու, ապրելու եւ ապրեցնելու «Որ չկորչի պատերազմում»-ի բանաձեւը, այդպե՞ս է:

– Արտակի կյանքը իզուր չէր, հետեւաբար իզուր չէ նաեւ մահը, իսկ ավելի ճիշտ` անմահությունը: Պիտի ապրեմ, նաեւ ապրեցնեմ, այլ տարբերակ չկա: Պիտի, «որ չկորչի պատերազմում»:

Հարցազրույցը՝

Արմինե ՄԵԼԻՔ–ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
13.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930