Պուտինն ու Փաշինյանը, կարծես, հասցնում են «եռացող» գործընթացը որոշակի աստիճանի, ապա ինչ-որ պահից, հայտարարում են, որ ոչինչ տեղի չի ունեցել` հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ կարգին է
Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-ից ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում ազդարարվեց «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության մեկնարկը։
Համատեղ զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ ՀՀ ՊՆ-ն հաղորդեց, որ զորավարժության օրերին կխաղարկվի հակամարտող կողմերի միջեւ կայունացման ապահովման գործողություններ՝ խաղաղապահ առաջադրանքների կատարմամբ. «Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման եւ մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաեւ բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը՝ ՆԱՏՕ/ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար»:
Մինչեւ սեպտեմբերի 20-ը կայանալիք վարժանքներում ամերիկյան կողմից ընդգրկված են 85, իսկ Հայաստանը ներկայացնում է 175 զինվորական։ Ծանր զինտեխնիկա չի կիրառվում, միայն` հրաձգային զինատեսակներ։
Կարդացեք նաև
«Հայաստանի տարածքում ամերիկյան կողմի հետ զորավարժություններ անցկացնելու որոշումը Հայաստանի սուվերեն որոշումն է, տարբեր կողմեր կարող են անհանգստություններ ունենալ, դժգոհություններ հայտնել, բայց սա Հայաստանի սուվերեն որոշումն է։ Կարծում եմ, որ սա նաեւ արձագանք է եւ արդյունք է հայ- ամերիկյան խորացող հարաբերությունների»,- անցյալ շաբաթ լրագրողների հետ զրույցում նշեց խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, շեշտելով՝ ՀԱՊԿ անդամ լինելով Հայաստանը որեւէ կերպ չի կորցնում իր սուվերենությունը, հատկապես հաշվի առնելով ՀԱՊԿ-ի գործելաոճը Հայաստանում եւ Հայաստանի նկատմամբ: Հարցին, թե հավանակա՞ն է ՀԱՊԿ-ից Հայաստանը դուրս գա՝ Սարգիս Խանդանյանն արձագանքեց, որ այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի տարվում։
Ամերիկյան կողմը, իր հերթին, հիշեցրեց զորավարժությունն առաջինը չէ: «Մենք մշտապես ուսուցումներ ենք անցկացնում եւ աշխատում մեր գործընկերների հետ՝ պատրաստականության ապահովման եւ մեր զինված ուժերի միջեւ փոխգործակցելիության շարունակական բարելավման նպատակով», – հայտարարեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը` «Ազատության» հարցմանն ի պատասխան: Արձագանքելով հարցին՝ «արդյոք սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում անցկացվելիք հայ-ամերիկյան զորավարժությունները առաջի՞նն են անկախ Հայաստանի պատմության մեջ, թե՞ էլի են եղել զորավարժություններ՝ ՆԱՏՕ-ի կազմում անցկացված զորավարժությունները չհաշված», դեսպանությունը նաեւ ընդգծեց. «Հայաստանը Միացյալ Նահանգների վաղեմի գործընկերն է եւ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում 2003-ից ամուր գործընկերային հարաբերություններ ունի Կանզասի ազգային գվարդիայի հետ։ Ամերիկյան եւ հայկական զորամիավորումները մասնակցել են համատեղ զորավարժությունների Հայաստանում, Միացյալ Նահանգներում եւ այլ երկրներում, ընդ որում՝ Հայաստանում այդպիսի վարժանքներ են անցկացվել 2003, 2006 եւ 2008 թվականներին»:
Չնայած տրված տեղեկատվությանն ու հիշեցումներին, այնուամենայնիվ, հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացման փաստը հարուցեց պաշտոնական Մոսկվայի դժգոհությունը: Ռուսաստանի իշխանություններն ամենատարբեր մակարդակներով մի քանի օր շարունակ քննադատում էին Հայաստանի իշխանությունների՝ ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություն անցկացնելու որոշումը։
Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունն անհանգստացնող է, անցյալ շաբաթ նախ հայտարարեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ինչ վերաբերում է վարժանքներին, իհարկե, նման լուրերը մտահոգություն են առաջացնում հատկապես ստեղծված իրավիճակում։ Ուստի՝ մենք խորապես կվերլուծենք այս լուրերը եւ կհետեւենք իրավիճակին»,- նշել էր նա։
Այնուհետեւ տեղեկություն ստացվեց այն մասին, թե Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ, նրա նկատմամբ կոշտ հայտարարություն է արվել։ «Վերջերս մենք արձանագրեցինք, որ պաշտոնական շրջանակներում եւ Հայաստանի Հանրապետության քաղաքական վերնախավում ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցային կապերի նպատակահարմարության վերաբերյալ որոշակի կասկածներ են ի հայտ եկել։ Այս ֆոնին Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին ձեռնարկել է մի շարք ոչ բարեկամական քայլեր, այդ թվում՝ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մեկնարկը, վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մարդասիրական օգնությունը Կիեւի նացիստական ռեժիմին, եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ հայկական տարածքում զորավարժությունների անցկացումը։ Այս առնչությամբ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ եւ նրա նկատմամբ կոշտ հայտարարություն է արվել։ Բացի այդ, ուղարկվել է բողոքի նոտա, որը վկայում է սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորական հայտարարությունների անընդունելիության մասին՝ ուղղված ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին՝ Մարիա Զախարովային: Առանձին-առանձին մտահոգություններ են հնչել սեպտեմբերի 7-ին Հայաստանում բլոգեր Միկա Բադալյանի եւ Sputnik Արմենիա ռադիոյի սյունակագիր Ա. Գեւորգյանի ձերբակալության վերաբերյալ»։
Այնուհետեւ հայտարարության մեջ նշվում էր. «Միեւնույն ժամանակ, Մոսկվան համոզված է, որ Ռուսաստանը եւ Հայաստանը մնում են դաշնակիցներ, եւ գործընկերության զարգացման եւ ամրապնդման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները լիովին կիրականացվեն՝ ի շահ մեր երկու երկրների ժողովուրդների։ Խոսքը, ի թիվս այլ հարցերի, վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում վարժանքների կազմակերպմանը եւ դրան հաջորդող կազմակերպության դիտորդական առաքելության ուղարկմանը հանրապետություն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորմանը նպաստելու նպատակով։ Ռուսական կողմը կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերն այդ նպատակների իրագործման համար»։
Ապա դժգոհությունների արտահայտման հերթը Լավրովինն էր… ԱՄՆ-ի հետ Հայաստանի զորավարժություններ անցկացնելու Երեւանի գործողությունները ափսոսանք են պատճառում Մոսկվային, ոչ մի լավ բան չկա նրանում, որ ՆԱՏՕ-ի մի երկիր փորձում է ներթափանցել Անդրկովկաս, օրերս ասաց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք ոչ մի լավ բան չենք տեսնում նրանում, որ ՆԱՏՕ-ի ագրեսիվ երկիրը փորձում է ներթափանցել Անդրկովկաս։ Չեմ կարծում, որ սա լավ է որեւէ մեկի համար, այդ թվում՝ հենց Հայաստանի։ Մենք ցավում ենք դրա համար՝ Հայաստանի ղեկավարության գործողությունների համար»,- հայտարարեց Լավրովը Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Նա հավելել էր, որ Երեւանի գործողությունները հատկապես տարօրինակ են թվում՝ հաշվի առնելով, որ Հայաստանը երկու տարի է, ինչ հրաժարվում է մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին։
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ Լեռնային Ղարաբաղում համատեղ մոնիտորինգի կենտրոն հիմնած Ռուսաստանն այս օրերին ընդդեմ Հայաստանի թեժացրեց մեղադրանքների տարափը: 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Թուրքիային Հայաստան-Ադրբեջան խնդիրների կարգավորման գործընթացում կողմ նախեւառաջ դարձրեց հենց Մոսկվան, եւ սա անհերքելի փաստ է: Սակայն պարզ է, որ ռուս-թուրքական երկկողմ հարաբերություններում Մոսկվան վտանգ չի տեսնում, իսկ ահա Ադրբեջանի բանակի «ՆԱՏՕ-ականացումը», Ադրբեջանում Թուրքիայի ներկայության ու ազդեցության ամրապնդումը հատկապես վերջին տարիներին, դրանք հարցեր են, ինչպես պաշտոնական Մոսկվան է նշում, որոնք` «Ադրբեջանի ներքին գործն են»:
Ինչեւէ, հայ-ամերիկյան զորավարժությունների մեկնարկին ԱՄՆ պետդեպից կրկին պարզաբանում ներկայացրեցին:
ԱՄՆ-ն պարբերաբար վարժանքներ է անցկացնում իր գործընկերների հետ, եւ Հայաստանը, լինելով ԱՄՆ-ի երկարամյա գործընկերը, մասնակցում է ԱՄՆ-ի զինված ուժերի հետ սովորական զորավարժությունների, որոնք այլ իրադարձություններով պայմանավորված չեն։ Այսպես էր ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը պատասխանել հարցին՝ արդյոք հայ-ամերիկյան զորավարժությունները նպատակ ունե՞ն ինչ-որ կերպ կանխել Ադրբեջանի հնարավոր հարձակումը։ «Մենք կանոնավոր կերպով վարժանքներ ենք անցկացնում եւ գործում ենք մեր գործընկերների հետ միասին՝ պատրաստականությունը պահպանելու համար, եւ շարունակաբար կատարելագործում ենք մեր զինված ուժերի փոխգործունակությունը: Հայաստանը Միացյալ Նահանգների երկարամյա գործընկերն է եւ 2003-ից ի վեր կայուն հարաբերություններ ունի Կանզասի ազգային գվարդիայի հետ՝ որպես Պաշտպանության նախարարության պետական գործընկերության ծրագրի մի մաս: Այնպես որ, ո՛չ, սա սովորական վարժանք է, որը ոչ մի կերպ կապված չէ որեւէ այլ իրադարձության հետ», – ասել էր Պետքարտուղարության խոսնակը:
Միլլերին նաեւ խնդրել էին անդրադառնալ հայ-ամերիկյան զորավարժությունների առնչությամբ Ռուսաստանի հնչեցրած մտահոգություններին։ «Կարծում եմ՝ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը վերջին տարիներին ներխուժել է իր երկու հարեւան երկրներ, այն պետք է զերծ մնա տարածաշրջանի երկրներին իրենց անվտանգությունը կազմակերպելու վերաբերյալ դասախոսություններ տալուց», – եզրափակել էր Միլլերը։
Ըստ երեւույթին բավարար համարելով վերջին օրերին Երեւանից եւ Վաշինգտոնից հնչեցրած պարզաբանումները` Ռուսաստանից հնչող մեղադրանքների թոհուբուհին վերջակետ դրեց նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 12-ին: Խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների մասին, նա նախ նշեց, թե չի կարծում, որ «այստեղ ինչ-որ շրջադարձ կա»: Այնուհետեւ Պուտինը հավաստիացրեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մշտապես կապի մեջ է, վերջերս նրանից ընդարձակ նամակ է ստացել, ու ընդհանրապես` նրա հետ խնդիրներ չունի. «Նա ինձ ընդարձակ նամակ է ուղարկել։ Մենք նրա հետ կապի մեջ ենք, Հայաստանի, Փաշինյանի հետ խնդիր չունենք։ Մենք մշտական կապի մեջ ենք»։
Այսպես, հայ-ռուսական հարաբերություններում հերթական լարվածության հերթական փուլը կրկին անցյալում է: Տպավորություն է, որ նման թոհուբոհերն ու պոռթկումները հստակ կազմակերպվում, ապա` ինչ-ինչ գործընթացներից հետո հեշտորեն կառավարվում են, ընդ որում, Հայաստան-Ռուսաստան բարդ հարաբերություններով պայմանավորված՝ Հայաստանում իշխանափոխության իրականացման անխուսափելիության մասին սին հույսեր արթնացնելով տարբեր քաղաքական ուժերի մոտ:
Պուտինն ու Փաշինյանը, կարծես, հասցնում են «եռացող» գործընթացը որոշակի աստիճանի, ապա ինչ-որ պահից, հրապարակավ հայտարարում են, որ իրականում ոչինչ տեղի չի ունեցել, հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ կարգին է, ու ամեն ինչ ավարտվում է: Մինչեւ հաջորդ պատեհ առիթը…
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.09.2023