Լրահոս
Ինչը չենք արել 33 տարում
Օրվա լրահոսը

Հելեն Դադայանի աճյունի տեղափոխման հարցում Ադրբեջանը փորձում է ձեռնտու փաստաթղթեր ստանալ. Սիրանուշ Սահակյան

Սեպտեմբեր 13,2023 23:33

Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը նախորդ շաբաթ դիմել է ՄԻԵԴ՝ Երեւան-Գյումրի ավտոճանապարհին օգոստոսի 14-ին ողբերգական ավտովթարի հետեւանքով զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունն Արցախ տեղափոխելու հարցով: Այս հարցով Սահակյանն ավելի վաղ էլ էր դիմել ՄԻԵԴ ու մերժում ստացել:

«Անհապաղ միջոց կիրառելու խնդրանքով դիմել ենք ՄԻԵԴ եւ սպասում ենք արձագանքի: Նախկինում միջպետական գանգատի շրջանակներում ՀՀ-ն ներկայացրել էր խնդրանք ընդդեմ Ադրբեջանի, որը, ցավոք, դատարանի կողմից մերժվեց: Մի փոքր վերափոխել ենք խնդրո առարկան ու հստակեցրել պատասխանատվությունը նոր գանգատի շրջանակներում եւ նման խնդրանք ենք ներկայացրել: Որպես կանոն՝ այդ խնդրանքները հրատապ ընթացակարգով են քննվում, ողջամտորեն այն կարող է տեւել մինչեւ 7 օր: Այս պահին դեռ դատարանից արձագանք չունենք, սպասում ենք դատարանի որոշմանը: Իսկ նախորդ խնդրանքը դատարանը մերժել էր՝ գտնելով, որ անհապաղ միջոցների շրջանակից դուրս է: Առանձնակի պատճառաբանություններ հատուկ ներկայացված չեն եւ այդպիսին է նաեւ դատարանի պրակտիկան»,- Aravot.am-ին ասաց Սիրանուշ Սահակյանը:

Քանի որ ունենք նախադեպ, որ օրինակ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Ադրբեջանը շրջանցեց՝ չկատարելով, մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ ինչ երաշխիքներ կան, որ ՄԻԵԴ-ի՝ մեզ համար դրական որոշման դեպքում Ադրբեջանը կկատարի ու ոչ թե նորից կշրջանցի:

«Առհասարակ նման երաշխիքներ չեն կարող լինել այնպիսի հարցերում, որտեղ կան միջպետական փոխհարաբերություններ: Առավել եւս նման սպասում չի կարելի ունենալ Ադրբեջանի նման գործելակերպ ու մոտեցում ունեցող երկրներից: Բայց կարծում ենք, որ վճռի գոյությունն արդեն իսկ մեծ տեղաշարժ է: Վճռի գոյությունը ոչ միայն պարտականություն է առաջացնում տվյալ պետության, այլ այն կառույցի համար, որի շրջանակներում գործող դատարանը որոշումներ է կայացրել, եւ այդ մարմինները պարտավորված են զգում գործընթացներ տանել, այդ թվում՝ քաղաքական, որ չենթարկվող պետությունները գործեն դատարանի վճռին հոգուն համահունչ ու ի կատար ածեն: Դրա համար նույնիսկ չկատարելու հավանականության պարագայում կարեւորում ենք վճռի գոյությունը եւ դրա հիման վրա ակտիվ դիվանագիտական, իրավաքաղաքական աշխատանքը միջազգային ատյաններում»:

Մեր հարցին՝ ինչ խնդիր է Ադրբեջանը լուծում Հելենի աճյունի տեղափոխումն արգելելով, ի պատասխան Սիրանուշ Սահակյանն ասաց. «Ակնհայտ է, որ կա մարդու իրավունքների հարց, որը մարդասիրական է: Մեծ կորուստ ունի ընտանիքը ու ընդամենը մահացածի դին ընթացակարգերին համապատասխան պետք է հանձնվի հողին: Ադրբեջանը փորձում է այդ խնդիրը լուծելու համար հասնել նաեւ քաղաքական օգուտների եւ ապօրինի պահանջներ է ներկայացնում, որ ուղեկցող փաստաթղթերում ոչ թե մատնանշվի Արցախի հանրապետություն կամ հայկական պատմական տեղանուններ, այլ փոփոխված: Իհարկե, փաստաթղթեր տրամադրողի դերում պետք է հանդես գա ՀՀ-ն, քանի որ աճյունը ՀՀ-ում է, բայց Ադրբեջանն այդ ճանապարհով փորձում է հասնել իրավական փաստաթղթերում Արցախի՝ Ադրբեջանի կազմում ճանաչման:

Ադրբեջանը նման գործելակերպ ունեցել է նաեւ մինչեւ պատերազմը, քանի որ դատական գործընթացի շրջանակներում միշտ առարկություններ էր ներկայացնում եւ դատարանի միջոցով փորձում էին հարկադրել դիմումատուներին, որ օգտագործեն ադրբեջանական անուններ: Այդ խնդրանքները չեն բավարարվել, մեր գանգատներում օգտագործում ենք բացառապես հայկական անուններ, սակայն այս գաղափարից չեն հրաժարվել ու փորձում են այս էմոցիոնալ հարցը օգտագործել, որ ճնշում բանեցնեն ՀՀ իշխանությունների վրա եւ ստանան իրենց ձեռնտու փաստաթղթերը քաղաքական նպատակներով:

Մյուս կողմից սա նաեւ անմարդկային վերաբերմունք է ընտանիքի հանդեպ: Ընտանիքը Արցախում բնակվող ընտանիք է եւ ինքնությունը կապված է նաեւ տեղանունների հետ, կարծես թե հարկադրում են հրաժարվել ինքնությունից, որ ապահովեն զավակի աճյունի տրամադրումը ընտանիքին: Այսինքն՝ հրաժարվել մեկ իրավունքից հօգուտ այլ իրավունքի ապահովման, որի պարտականությունը Ադրբեջանինն է: Սրանք անթույլատրելի սխեմաներ են եւ այդ հարցերը նախնական բարձրաձայնել ենք ե՛ւ անհապաղ միջոցի կիրառման խնդրանքում, ե՛ւ հետագայում ներկայացնելու ենք հիմնական գանգատի շրջանակում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930