Լրահոս
Օրվա լրահոսը

Տպավորություն չունե՞ք, որ լրագրողը ցանկություն ունի, որ իրեն վիրավորեն. փոխքաղաքապետի արձագանքը՝ ՔՊ հայտնի աջակցի վարքագծին

Սեպտեմբեր 13,2023 23:03

«Մենք մարդկանց քաստինգով չենք բերում մեր երթերին, հավաքներին, եթե ցանկություն ունեն մեզ միանալ, մեր քաղաքացիներն են, մենք իրենց չենք խոչընդոտում, բայց, ամեն դեպքում,  նման պահվածքը ընդունելի չէ․ պետք է այդ սադրանքներին չտրվել» , -Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի փոխքաղաքապետ, ավագանու  թեկնածու Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով օրեր առաջ լրագրող Անի Գեւորգյանի ու ՔՊ աջակցի միջադեպին:

Հիշեցնենք, որ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավի ընթացքում օրեր առաջ ՔՊ աջակիցներից մի կին սպառնացել էր լրագրող Անի Գեւորգյանին «քացու տակ գցել», լրագրողին անվանել էր «դիշովկա» եւ այլ վիրավորական արտահայտություններով պիտակավորել: Հիշեցնենք նաեւ, որ լրագրողը այդ կնոջ պահվածքին ի պատասխան՝ միայն հետաքրքրվել էր, թե ով է նա, որ նման սպառնալիքներ է հնչեցնում:

«Տեսանյութը նայել եմ, ոչ այնքան սպառնալիքի տարր, որքան անպարկեշտ վարքագիծ  եմ տեսել»,- շարունակեց  Սուրեն Գրիգորյանը:

Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ նման աջակիցներին ՔՊ-ն չի՞ հեռացնում իրենց շարքերից, ի պատասխան մեր զրուցակիցը հարցրեց. «Ինչ գործողություն եք մեզնից ակնկալում, ոնց եք պատկերացնում, մարդը գալիս է, ուզում է մեզ հետ քայլել, մենք ասում ենք՝ մեզ հետ չքայլե՞ս»:

Մեր դիտարկմանը՝ իսկ եթե աջակիցը այնպիսի վարք է դրսեւորում, որը վարկաբեկում է տվյալ քաղաքական ուժի՞ն, Սուրեն Գրիգորյանն  այսպես արձագանքեց. «Ձեր նշած անձը մեր համակիրն է, բայց մեր կուսակցության անդամ չէ: Այս դեպքում դժվար եմ պատկերացնում, ոնց պետք է ինքը մեր կուսակցությունը վարկաբեկի: Ոչ մի կուսակցություն, այդ թվում մերը, չունի վերահսկողություն, թե ով է իր համակիրը դառնում»:

Փոխքաղաքապետը մի քանի անգամ անդրադարձավ լրագրողի գործունեությանը, ու կոնկրետ այս  դեպքում էլ սադրանքները վերագրեց լրագրողին. «Իսկ նկատո՞ւմ եք, որ մյուս համակիրները, կուսակցության անդամները հեռացնում են այդ կնոջը, իրարից անջատում են, ասում են՝ լավ, վերջ, իսկ լրագրողը շարունակում է քայլել, այդ հարցերը տալ: Տպավորություն չունե՞ք, որ լրագրողը ցանկություն ունի, որ իրեն վիրավորեն»:

Մեր արձագանքին, թե նկատել ենք, որ այն համակիրները, որոնք, որ փորձում էին, այսպես ասած, հեռացնել  լրագրողին սպառնացող կնոջը՝ կանգնելով նրա ու լրագրողի միջեւ, այդ կերպ խոչընդոտում էին լրագրողի աշխատանքը, մի կողմ հրելով միկրոֆոնը, մեր զրուցակիցը չհամաձայնեց:

Պարոն Գրիգորյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե համաձա՞յն է այն քննադատություններին, թե ՔՊ-ն, նման աջակիցներ իր  շարքերում ներգրավելով, հավասարվել է նախկիններին, ի պատասխան ասաց. «Ձեր նշած լրագրողը, ձեր գործընկերը բազմիցս այս քարոզարշավի ընթացքում մեր թեկնածու Տիգրան Ավինյանին հարց տալու հնարավորություն է ունեցել, ստացել է իր հարցերի պատասխանները: Եթե մենք նախկինների գործելաճը որդեգրեինք, այդ լրագրողը մեր թեկնածուին հարցեր տալու հնարավորություն առնվազն չէր ունենա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930