«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր նախընտրական քարոզարշավ իրականացրեց Կենտրոն վարչական շրջանում։
Նորագյուղ թաղամասում մի բնակչուհի դիմեց Ավինյանին՝ խնդրելով, որ ծառայության մեջ գտնվող թոռանը կարճաժամկետ արձակուրդ տրամադրեն։ «Ես մի խնդրանքով եմ եկել, մենք շատ զինվորներ ունենք, հենց հիմա սահմանին կանգնած են, բայց ես խնդրում եմ, եթե հնարավոր է, գոնե մի 5 օրով գան տուն, իրենց տեսնենք, գնան։ Շատ հեռու է, մենք չենք կարողանա գնանք տեսնել։ Ուղղակի խնդրում եմ, տատիկն է խոսողը»,- ասաց կինը։ «Շատ լավ, կխոսեմ պաշտպանության նախարարի հետ։ Խոստանում եմ, հենց էսօր էլ կխոսեմ»,- խոստացավ Ավինյանը։
Նորագյուղի բնակիչները բարձրաձայնեցին նաեւ իրենց տների սեփականության հարցը։ Ավինյանն ասաց, որ թաղամասում մոտ 20 տան սեփականության վկայականի հարցը լուծել են։ «Նորագյուղում տուն չի լինելու, որ չլուծվի։ Վստահ եղեք, որ այս տարվա վերջին կլուծենք»,- ասաց Ավինյանը։
Կարդացեք նաև
Մի բնակչուհի բարձրաձայնեց վերելակների հարցը։ «Գիտեք՝ մեր ցավն այսօր մեր վերելակների խնդիրն է, շատ հիվանդագին խնդիր է»։ «Ձերոնք եկան ինձ մոտ, ուղղակի մի շատ կարեւոր հանգամանք մոռացան ասել, որ դա այն դեպքն է, որտեղ մարդ է մահացել։ Ես չէի իմացել։ Արդեն ընթացքի մեջ է, ուր որ է պետք է գան մտնեն ու սկսեն աշխատանքները»,- ասաց Ավինյանը։ Բնակչուհին հաստատեց, որ վերելակի պատճառով մահվան դեպք է գրանցվել։
Բնակիչների հարցադրումներին ի պատասխան Տիգրան Ավինյանն ասաց․ «Որեւէ հարց, որը դուք բարձրացրել եք, անուշադրության չի մատնվել։ Լուսավորությունից սկսած, ասֆալտով վերջացրած, ձեր սեփականության իրավունքներով, պլյուս նաեւ Կարմիր կամուրջի հարցը, մանկապարտեզի հարցը»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ