Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելով՝ ապահովեցի՞ք ՀՀ տարածքային ամբողջականությունը»․ Աննա Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Սեպտեմբեր 13,2023 21:35

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «2022 թվականի ապրիլին այս ամբիոնում կանգնած՝ ասում էիք, որ միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, եւ մենք կապահովենք կոնսոլիդացիա ՀՀ շուրջը։ 2022 թվականին Պրահայում ընդունվեց հայտարարություն, որով ոչ միայն իջեցրեցիք Արցախի կարգավիճակի նշաձողը, այլ ուղղակի, ոչնչացրեցիք այն։ Այսօր խոսում եք այն մասին, որ դուք պարտավորված եք եղել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պահելու համար այդ հայտարարությունն ստորագրել կամ ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։ Հիմա հարց է առաջնում՝ ե՞ւ․․․ Ապահովեցի՞ք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, կասեցրեցի՞ք բոլոր հնարավոր այն սպառնալիքները, որոնք այսօր ծառացած են ՀՀ առջեւ։ Պատասխանը «ոչ»-ն է։

Միջազգային կոնսոլիդացիայի փոխարեն այսօր մենք ստացել ենք միջազգային մեկուսացում։ Եթե մենք միջազգային մեկուսացման մեջ չլինեինք, ադրբեջանական զինտեխնիկան չէր ավելանա մեր սահմանների շուրջը։ Պրահայում ձեր արած հայտարարությամբ այսօր Արցախը հայտնվել է բլոկադայի մեջ, 120 հազար արցախցիներն էլ սովամահ են լինում։ Սա բացառապես ձեր վարած քաղաքականության հետեւանքն է։ Եթե 2020 թվականին դուք կարողանում էինք ասել՝ նախկինները բանակցել են, Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում, այն, ինչ տեղի է ունենում մեզ հետ, բացառապես եւ միայն ձեր վարած քաղաքականության հետեւանքն է։ Ի՞նչ եք անում, որպեսզի թույլ չտաք հնարավոր նոր էսկալացիան, երկրորդը, ի՞նչ եք բանակցել, ի՞նչ եք պայմանավորվել եւ ի՞նչ եք խոստացել, որ Ադրբեջանն ուզում է ուժի սպառնալիքով ստանալ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Ադրբեջանն ուզում է ուժի սպառնալիքով ստանալ այն, ինչ դուք եք խոստացել։ Ադրբեջանն ուզում է ստանալ այն, ինչ դուք 1999 թվականին պայմանավորվել եք։ Ադրբեջանն ուզում է ստանալ այն, ինչ դուք ավելի ուշ էլ եք պայմանավորվել, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ՝ մենք համաձայնվել ենք դուրս գալ 7 շրջաններից, բայց ամեն անգամ Ադրբեջանը նորանոր պահանջներ էր առաջադրում։ Այ դա է ուզում ստանալ։ Միջազգային մեկուսացման մասին եք խոսում, այդ զենքը, որ Ադրբեջանը ձեռք է բերել, ե՞րբ է ձեռք բերել եւ որտեղի՞ց։ Եվ այդ նույն ընթացքում ՀՀ-ն ինչքա՞ն զենք է ձեռք բերել։ Այո, ճիշտ եք ասում միջազգային մեկուսացման մասին։ Եվ այն փաստը, որ Ադրբեջանը 2000-2017 թվականը, դրանից հետո էլ ձեռք է բերել տասնյակ միլիարդների զենք-զինամթերք, այդ թվում՝ մեր ռազմավարական դաշնակցից, ամենավառ վկայությունն է այն բանի, որ մենք միջազգային մեկուսացման մեջ ենք եղել, այդ թվում՝ մեր մերձավոր դաշնակիցների շրջանակում։ Բա որտեղի՞ց է ձեռք բերել այդ զենքը, բա ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը չի կարողացել այդ զենքը ձեռք բերել։ Ինչ վերաբերում է հարցին՝ ի՞նչ եք խոստացել։ Ես  ձեզ հարյուր անգամ ասել եմ՝ ես խոստացել եմ այն, ինչը հրապարակային կարող եք գտնել ինտերնետում։ Դրանից դուրս ես որեւէ բան չեմ խոստացել։ Եվ Ալմա-Աթայի հռչակագիրը Հայաստանի անկախության մասին է, Հայաստանի պետականության մասին է։ Եվ պատահական չէ, որ վերջերս ձեր խմբակցությունից դուրս եկած մի պատգամավոր կասկածի տակ է դնում ընդհանրապես Հայաստանի Հանրապետության անկախության պիտանելիությունը։ Դա է ձեր ամբողջ գաղափարախոսությունը»։

Աննա Գրիգորյանը կոչ արեց անուններ հնչեցնել։ «Ասեմ անունը՝ սկսած Մեղրիի փոխանակման ծրագրից, շարունակած Ստամբուլի հռչակագրի ստորագրությամբ։ Եվ այդպես շարունակ»,- արձագանքեց Նիկոլ  Փաշինյանը։

Աննա Գրիգորյանն ասաց, որ Քի Վեսթում չի քննարկվել Մեղրիի փոխանակման հարց, քննարկվել է ճանապարհների հարցը։ «Դուք եք հայտարարել՝ զոհաբերում ենք Արցախը, պահում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, եւ միջազգային հանրությունը մեր կողքին է լինելու։ Դա ձեր վարած քաղաքականություն է, ի՞նչ կապ ունի 1991 կամ 1999 թվականը։ 2020 թվականից հետո բոլոր բանակցությունները բացառապես դուք եք վարել, եւ արդյունքը ո՞րն է։ Հետեւանքը հետեւյալն է՝ Ադրբեջանը կուտակել է զորքերը, պատրաստվում է կամ հարձակվել, կամ ճնշել, որպեսզի որեւէ բան ստորագրեք։ Ի՞նչ է ուզում  Ադրբեջանը։ Եթե դուք պայմանավորվել եք Արցախը տալ, անկլավները, հիմա զորքերը կուտակել է, որ դրա տակ ստորագրե՞ք։ Եվ ի՞նչ եք անում դուք, որպեսզի պատերազմ չլինի եւ ընդհանրապես ի՞նչ եք պատրաստվում ստորագրել»,- հարցրեց Աննա Գրիգորյանը։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Եթե դուք այդպես տեղեկացված եք Քի Վեսթի բանակցությունների մասին, ուրեմն հրապարակային հայտարարեք, որ Քի Վեսթում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավարության կարգավիճակն Ադրբեջանի կազմում»։ «Ոչ»,- արձագանքեց Աննա Գրիգորյանը։ «Ոչ-ով չէ։ Դրա համար ասում էինք՝ եկեք քննիչ հանձնաժողով, քննիչ հանձնաժողովում այդ բոլոր հարցերը մանրամասն քննարկվել են։ Չեք եկել, որովհետեւ  փաստարկ չեք ունեցել։ Այդ ձեր բոլոր հարցերին ու փաստարկներին պատասխաններ հնչել են։ Այսօր միջազգային հանրությունը շատ հստակ դիրքորոշում է հայտնում ԼՂ հայերի իրավունքների եւ անվտանգության հասցեագրման մասին։ Միջազգային հանրությունը շատ հստակ դիրքորոշում է արտահայտում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու մասին, շատ կոնկրետ հղում է կատարում Արդարադատության միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշման վրա։ Այսօր միջազգային հանրությունը հստակ դիրքորոշում է արտահայտում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին»,- ասաց Փաշինյանը։

Հարցին, թե ի՞նչ է արվում պատերազմը կանխելու համար, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Դրա համար օգտագործվում են բոլոր հնարավոր դիվանագիտական միջոցները։ Էն մյուս միջոցների մասին Ազգային ժողովի ամբիոնից չեն խոսում»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930