Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական փաստարկով երբեք չենք կարող ԼՂ հարցը լուծել։ Եթե հնարավոր լիներ՝ դուք լուծած կլինեիք»․ Փաշինյանը՝ Գեղամ Մանուկյանին

Սեպտեմբեր 13,2023 21:12

«Այսօր ԱԺ դահլիճում կատարվեց մի ահավոր բան», խորհրդարանում այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Եւ այդ ահավոր բանը, ըստ Մանուկյանի, Փաշինյանի՝ Ալմա-Աթիի հռչակագրի մասին հայտարարությունն էր։

Մանուկյանի խոսքով՝ ղարաբաղյան բանակցությունների 20-23 տարիներին երբեւէ Ալմա-Աթիի հռչակագիր տերմին չի օգտագործվել, իսկ 2022 թվականին  այս իշխանությունն այդ հռչակագիրը դրեց Ալիեւի, տարբեր երկրների բանակցողների, պետական գործիչների բերանը․«Եւ Արցախի հարցով ահա՝ Ալմա-Աթիի հռչակագիր»։ Այսօր Փաշինյանն Արթուր Խաչատրյանի հարցին ի պատասխան ասաց՝  «դե յուրե կարող է Ալմա-Աթիի հռչակագիրը վավերացվել է ձեւակերպումը ճշգրիտ չլինեն․․․»։Դե յուրե նա կարող է ճշգրիտ չօգտագործել մի փաստաթղթի մասին, որը հիմք օգտագործելով՝ առավոտվանից գիշեր խոսում են Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մասին»։

Մանուկյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝  կա՞ որեւէ հայկական փաստարկ, որ Արցախը չի կարող եւ չէր կարող լինել Ադրբեջանի կազմում, որը Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից կարող է բերել, եւ որ կուզենար այս բանակցությունների ընթացքում օգտագործեր։

Ի պատախսան հարցի Փաշինյանն ասաց՝ ձեր հարցը ձեր պատասխանը տալիս է․«Եւ դա հատուկ է բոլորիս, անկախ նրանից՝ ընդդիմություն ենք, թե իշխանություն, մենք օգտագործում ենք եւ օգտագործել ենք հայկական փաստարկ հասկացությունը, եւ փորձել ենք Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել հայկական փաստարկների շրջանակներում՝ չգիտակցելով, որ ԼՂ հարցը, ցավոք, հայկական փաստարկներով չէ, որ կարգավորվելու է։ Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ կան միջազգային փաստարկներ, իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումներ, որը մենք խորապես հավատացել ենք, որ հայկական փաստարկներով կարող ենք թուլացնել, հաղթահարել,  զրոյացնել։ Եւ այն ձեր փաստերը, որ բերում եք, չգիտեմ՝ ինչ ապացուցելու, վկայում է մի բանի մասին՝ ես հայկական փաստարկներին պակաս նվիրված չեմ եղել, որքան դուք եք նվիրված։ Խնդիրն այն է, որ մենք հայկական փաստարկով չենք կարողացել եւ չենք կարող երբեք եւ հետո էլ չենք կարողանալու լուծել որեւէ հարց։ Եթե հնարավոր լիներ՝ դուք լուծած կլինեիք, եւ այդ խնդիրը մեզ չէր հասնի»։

Փաշինյանը դիմելով ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորներին,   ասաց՝ձեր քաղաքական թիմի առաջնորդն ասում է՝ բանակցային  գործընթացում պետք էր հույս տալ Ադրբեջանին, որ խնդիրն առանց պատերազմի կլուծեր․« Ես խոստովանեմ՝ չենք կարողացել Ադրբեջանին հույս տալ, որովհետեւ հույս տալու ռեսուրսը վերջացել էր։ Երբ մենք եկանք իշխանության, արդեն ձեր տված հույսերն իրականացնելու ժամանակն էր եկել։  Հայկական փաստարկներով չի լուծվի այդ հարցը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930