Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Ալմա-Աթիի հռչակագիրը, 1991 թվականի դեկտեմբեր ամսին, հայտնվել է ԼՂ հարցի կարգավորման համատեքստում»

Սեպտեմբեր 13,2023 20:45

«Ձեր պնդումը, թե Ալմա-Աթիի հռչակագիրը Հայաստանի Հանրապետության խորհրդարանը վավերացրել է 1992 թվականի փետրվարին, Ալմա-Աթիի հռչակագիրը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի օրենսդրության անբաժանելի մաս, իրականության հետ որեւէ աղերս չունի»,-այսօր խորհրդարանում ԱԺ-կառավարություն  հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանին դիմելով ասաց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա հղում արեց Փաշինյանի՝ օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, որտեղ Փաշինյանն անդրադարձել է Ալմա-Աթիի հռչակագրին։

Խաչատրյանը պնդեց՝  ՀՀ-ն չի վավերացրել այդ հռչակագիրը եւ որեւէ երկիր չի վավերացրել, ո՛չ վերապահումներով, եւ ո՛չ էլ՝ առանց․«Ըստ այդմ, այն չի հանդիսանում Հայաստանի օրենսդրության անբաժանելի մաս։

Հայաստանն 92 թվականին վավերացրել է Ալմա-Աթայում ստորագրված մի այլ փաստաթուղթ, արձանագրություն, որով Հայաստանը միանում է Մինսկի համաձայնագրին։ Այս փաստաթուղթը Ադրբեջանը չի վավերացրել եւ միացել է ԱՊՀ-ին 1993 թվականի սեպտեմբերի 24-ին։ Հայաստանը վավերացրել է մի այլ փաստաթուղթ,որը հանդիսանում է օրենսդրության մի մասը՝ վերապահումներով հանդերձ։ Օրենսդրության մաս է 1992 հուլիսի 8-ին ընդունված ԼՂՀ-ում ստեղծված իրավիճակի մասին որոշումը, որտեղ հստակ գրված է՝ ՀՀ-ի համար անընդունելի  համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»։

Պատգամավորն ասաց, որ կասկածում է, թե երկրի հինգ տարվա ղեկավարը այս հույժ կարեւոր մանրամասներին տեղյակ չլինի․ «Ուստի, ըստ իս՝ իրականության աղճատումը մեկ նպատակ ունի՝ չընդունել սեփական մեղքը եւ սեփական ձախողումների համար ժամանակի եւ տարածության մեջ մեղավորներ փնտրել»։

Ապա Խաչատրյանը հարց ուղղեց Փաշինյանին՝ ե՞րբ Ալմա-Աթիի հռչակագիրը դարձավ արցախյան հակամարտության կարգավորման հիմք եւ ո՞վ է դրա նախաձեռնողը։

Ի պատասխան պատգամավորի հարցի՝ Փաշինյանն ասաց․ «Ալմա-Աթիի հռչակագրի, Մինսկի հռչակագրին միանալու արձանագրություն ես գուցե դե յուրե ձեւակերպումների տառի իմաստով այդքան էլ ճշգրիտ չեմ եղել, բայց բառի բուն իմաստով եւ ոգու իմաստով ճշգրիտ եմ եղել, որովհետեւ Ալմա-Աթիի արձանագրությունը ձեր նշած պայմանագրին Սովետական միության կազմալուծման եւ անկախ պետություններ դառնալու Բելովեժյան հայտարարությանը միանալու մասին է։ Այդ հայտարարության համատեքստում է ընդունվել Ալմա-Աթիի հռչակագիրը։

Ալմա-Աթիի հռչակագիրն՝ անկախ նրանից, թե որ թվին է ․․․ ոչ թե հետահայաց, հենց սկզբից էլ այդ թեման եղել է, որովհետեւ, ես ամսաթիվը գուցե դժվար հիշեմ, բայց Հայաստանի վերապահումները ձեր նշած արձանագրության վերաբերյալ եթե հիշենք, այնտեղ խոսք է գնում այն մասին, որ ինքնավար միավորները նույնպես պետք է քննարկվեն, որ լինեն անկախ պետությունների համագործակցության մաս։ Ես իմ նույն հարցազրույցում հիշատակել եմ 1991  թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի նույնաբովանդակ հարցազրույցը, ով խոսելով ԼՂ խնդրի մասին՝ այդ համատեքստում, ասում է՝  ռուսական մոդելի ինքնավարությունն այն է, ինչ մենք ուզում ենք Լեռնային Ղարաբաղի համար եւ մեզ ավելին պետք չէ»։

Խաչատրյանն արձագանքեց՝ մեր վերապահումների վավերացման մեջ խոսքն այն ինքնավար կազմավորումների մասին է, որոնք Սովետական միության օրենսդրության համաձայն անցկացրել են հանրաքվե եւ դիմել են միանալու ԱՊՀ-ին․ «Դեկտեմբերի 12-ին Լեոնարդ Պետրոսյանը  պաշտոնապես դիմել է։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն էլ օրենսդրության մաս չէ, գոնե ինձ համար սրբություն չէ, եւ որեւէ արժեք չունի՝ ի տարբերություն ձեզ, ես նրա նախընտրական շտաբի  անդամ չեմ եղել եւ Հայ ազգային կոնգրեսի քվոտայով պատգամավոր չեմ եղել։

Տեր-Պետրոսյանի վրա հղումը որեւէ իրավական հիմք չունի։  Հիմք ունեն ընդունված որոշումներն ու այս փաստաթուղթը, որը ներկայացվել է, որտեղ կարեւորվում է ինքնորոշման իրավունքը։ Երբ ասում եք՝ դա միշտ եղել է, ոչ, դա միշտ չի եղել։ Ադրբեջանը միշտ փորձել է դա մտցնել, բանը հասել է նրան, որ 2009  թվականի փետրվարի 19-ին այնքան է զզվացրել Մինսկի խմբի համանախագահներին, որ նրանք հստակ հայտարարություն են տարածել, ասելով՝ Մինսկի խումբը թույլ չի տա լեգալիստիկ եւ պատմական փաստարկներով շեղել բանակցությունների ընթացքը։

Բանակցությունների հիմք են հանդիսանում հիմնարար սկզբունքները։ Հարցս դա էր՝ ե՞րբ կարողացավ Ադրբեջանը Ալմա -Աթայի հռչակագիրը դարձնել բանակցությունների հիմք»։

Փաշինյանը պատասխանելով Խաչատրյանին, ասաց՝ ես ՀԱԿ ցուցակով եղել եմ պատգամավոր, դուք էլ իմ կառավարությունում եղել եք նախարար, չգիտեմ՝ ում քվոտայով․ «Ձեր կողքին նստած Արծվիկ Մինասյանն էլ է եղել նախարար իմ կառավարությունում։ Հիմա եթե դա ձեզ համար հիմք է, որ իմ ասածներն ընդունեք որպես սրբություն, ուրեմն ՀԱԿ քվոտայով պատգամավոր լինելը կարող է ինձ համար նույնչափ հիմք լինի, որեւէ մեկի ասածն ընդունել սրբություն»։

Ապա Փաշինյանը իր բջջային հեռախոսից ընթերցեց Տեր-Պետրոսյանի հացազրույցի իր նշած հատվածը, կրկնեց այն, ինչ մինչ այդ ասել էր․ «Ահա այս պահից է, որ Ալմա-Աթիի հռչակագիրը, 1991 թվականի դեկտեմբեր ամսին, հայտնվել է ԼՂ հարցի կարգավորման համատեքստում։ Դուք հարցրեցիք, թե ո՞ր պահից է Ալմա -Աթիի հռչակագիրը հայտնվել ԼՂ հարցի համատեքստում, պատասխանում եմ՝ ստորագրման պահից»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930