Այսօր «Ապրելու երկիր» կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավն իրականացրեց Նոր Նորքում:
Շենգավիթ վարչական շրջանում կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանին ողջունում էին թզբեհով տղամարդիկ, անգամ «երրորդմասցի Գոգոն», որը Թանդիլյանի վզովն ընկավ ու ջերմ ողջունեց, ուստի հարցրեցինք՝ Նոր Նորքո՞ւմ էլ նույնքան հեղինակություն ունի թեկնածուն:
Կարդացեք նաև
Թանդիլյանը պատասխանեց. «Մեր համակիրները բոլոր տեսակի, բոլոր մտքերի տեր մարդիկ են, որովհետեւ մենք բոլոր տիպի երեւանցիների, սոցիալական խմբերի համար մեր ծրագրերում ունենք առաջարկներ: Մարդիկ գիտեն, որ իրենց հոգսերը՝ կլինի Երրորդ մասում, թե Մասիվում, մենք ճանաչում ենք եւ դրանց լուծումներ ունենք: Գիտեք, ես պատգամավոր եմ ընտրվել հենց Մասիվից եւ շատ ուրախ եմ, որ ինձ պատահող մարդիկ ասում են՝ քեզ մի անգամ ընտրել ենք, նորից ենք ընտրելու: Դա շատ ոգեւորիչ է, որովհետեւ երկրորդ անգամ ընտրողը լավագույն գնահատականն է քո գործունեության»:
Նորքում թեկնածուն խոստացավ շենքերի սեյսմակայունության խնդիրները լուծել:
Մանե Թանդիլյանը կանգնած էր այն շենքի հարեւանությամբ, որը փորձագետը, Aravot.am-ի հետ զրույցում ցույց էր տալիս ու վստահեցնում, որ երկրաշարժ լինելու պարագայում այդ շենքն առաջիններից է փլվելու, խոցելի է, ուստի հարցրեցինք՝ եթե դառնաք քաղաքային իշխանություն, ո՞նց եք փրկելու այդ շենքը փլվելուց: Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Սեյսմակայունության բարձրացման երկու տիպի մոդել կա, որը նաեւ Ճապոնիայում է կիրառվել եւ ուրախությամբ պիտի ասեմ՝ հայ ակադեմիկոսի գյուտ է եւ լուծում, իր հետ սերտ աշխատել ենք: Նախ ռետինե, մետաղական բարձիկների վրա շենքը բարձրացնում են, որը թույլ չի տալիս երկրաշարժի ժամանակ ճոճել այդ շենքը, դա երկու բալ առնվազն բարձրացնում է շենքի սեյսմակայունությունը: Իհարկե, պրոֆեսիոնալների հետ պետք է քննարկենք՝ այս շենքը հենց այդ մեթոդո՞վ կանենք, թե՞ վերեւից հարկ ավելացնելու մեթոդով: Վատագույն դեպքում, եթե որեւէ շենք այնպես լինի, որ հնարավոր չլինի սեյսմակայունությունը բարձրացնել, այն պիտի փոխարինվի նոր շենքով: Մենք պարտավոր ենք ամեն օր հոգ տանել մեր բնակիչների անվտանգության մասին, սրանից կարեւոր բան չկա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ