ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հարցրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ արդյոք Գրանադայում տեղի կունենա՞ հնգակողմ այն հանդիպումը, որի մասին ազդարարել էր Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Արարատ Միրզոյանն ասաց․ «Հանդիպումների եւ բանակցությունների առաջարկ գոյություն ունեցող պլատֆորմերում գրեթե մշտապես կա։ Եվ ես հիմա չեմ կարող հերքել, որ այդպիսի նախնական պայմանավորվածություններ եւս կան, եղել են։ Վերջին անգամ վարչապետի մասնակցությամբ բրյուսելյան հանդիպումից հետո եւս հայտարարվեց, որ նախատեսվում է առաջնորդների մասնակցությամբ հանդիպում, նաեւ Գրանադայի հանդիպումը հոկտեմբերին։ Նաեւ նախնական պայմանավորվածություններ կային նախարարների մակարդակով հանդիպումների եւ բանակցությունների շարունակականության մասին։ Այս պահին կարող եմ ասել, որ որեւէ կոնկրետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա, կան նախնական համաձայնություններ եւ քննարկումներ»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ