Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով՝ ով, բայց իրենք պիտի խոսեն սարի ծաղիկից, երբ խոսվում է քաղաքակրթությունից, սեպտեմբերի 17-ին լինելու է ՔՊ-ի երեւանյան արկածախնդրության ավարտը». Թանդիլյան

Սեպտեմբեր 13,2023 20:12

«Նախկինում թերահավատություն կար, բայց ուրախությամբ պիտի ասեմ, որ մեր թիմի կատարած աշխատանքի շնորհիվ մարդիկ տեսան ե՛ւ հաշվարկները, ե՛ւ հասկացան, որ մեր նախագծերը մասնագետների հետ քննարկված են ու իրատեսական»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը:

Անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության եթերում Երեւանի ավագանու անդամի թեկնածուների միջեւ առաջին բանավեճին՝ Մանե Թանդիլյանն ասաց. «Տպավորությունս տխուր էր, հատկապես իշխանության ներկայացուցչի արձագանքներից: Մատնանշվեց Արամ Մանուկյանի տան մասին, անգամ պատմամշակութային արժեքի, ՀՀ առաջին հիմնադիր հոր մասին նման ձեւով արտահայտվելը խոսում է խեղված արժեքներով իշխանության մասին»:

Այդ հեռուստաբանավեճի ժամանակ ՔՊ թեկնածու, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ընդդիմադիրներին ասել էր, թե՝ դուք չեք կարողանում քաղաքակիրթ բանավեճի կանոնները պահել, ինչպե՞ս եք Երեւանը կառավարելու: Մանե Թանդիլյանն արձագանքեց. «Երբ խոսում են քաղաքակրթության մասին, ես անմիջապես հիշում եմ իրենց ֆեյքային բանակը, միակ կայացած կառույցը ֆեյսբուքում եւ իրենց համակիրների խոսքն ու հռետորաբանությունը, որով ատելություն են մտցրել մարդկանց մեջ եւ պառակտել ամբողջ ազգը: Ով՝ ով, բայց իրենք պիտի խոսեն սարի ծաղիկից, երբ խոսվում է քաղաքակրթությունից: Բանավեճի ժամանակ դժվար էր մեկուկես րոպեում ներկայացնել ծրագրերը, բայց Մեսրոպ Առաքելյանը դա պատշաճ արեց, ես թաքուն հպարտություն էի ապրում իմ թիմակցի պատասխաններից եւ վարքից»:

Այդ հեռուստաբանավեճի ժամանակ որոշ ընդդիմադիր ուժեր իշխանական թեկնածուին թողած՝ ընդդիմադիրներին էին հարցեր ուղղում ու պատասխաններ պահանջում: Մանե Թանդիլյանն այս առնչությամբ ասաց. «Առաջին հերթին դա այն մասին է, որ նրանք ընդդիմություն չեն: Երկրորդը՝ նրանք պայքարում են իշխանության դեմ արդեն գալիք, որովհետեւ նրանք հասկանում են, որ ՔՊ-ն պարտվելու է այս ընտրություններում եւ արդեն իսկ իրենց խոսքն ու վարքագիծը ձեւավորում են՝ ինչպես ապագա իշխանություններին ընդդիմություն, որովհետեւ նրանք այսօրվա իշխանությունների ընդդիմությունը չեն, սա շատ պարզ է: Այսպիսի հուշումների համատեքստում երեւանցիները պիտի իմանան՝ ում ընտրել, որ սեպտեմբերի 17-ին ամբողջական իշխանափոխությունը դառնա իրականություն Երեւանում, ապա՝ հանրապետությունում»:

Թանդիլյանն ասաց, որ մոլորության մեջ են բոլոր նրանք, ում թվում է, թե կմոլորեցնեն երեւանցիներին. «Մարդիկ հավաքական իմաստություն ունեն եւ ես համոզված եմ, որ սեպտեմբերի 17-ին լինելու է այս քաղաքական ուժի երեւանյան արկածախնդրության ավարտը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930