«1993 թվականի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերին Ռուսաստանի Դաշնությունը կողմ է քվեարկել։ Այդ բանաձեւերում նաեւ օգտագործված է հետեւյալ ձեւակերպումը՝ «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան»»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ Լիսաբոնի գագաթաժողովի այն ձեւակերպմանը, որ «Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի կիրառմամբ, եւ ԼՂ-ն պետք է ինքնավարություն ստանա Ադրբեջանի կազմում», կողմ է եղել նաեւ Ռուսաստանի Դաշնությունը։ Նաեւ ՌԴ-ն է լիազորել Լիսաբոնի գագաթաժողովի նախագահողին հանդես գալ նման հայտարարությամբ։
«2020 թվականի նոյեմբերին եւ դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է։ Հաջորդը՝ Ադրբեջանի հետ ռազմավարական հռչակագրում ՌԴ-ն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ ՌԴ դիրքորոշմամբ՝ ԼՂ կարգավիճակը պետք է անորոշ ժամանակով հետաձգվեր։ Այդ առաջարկությունը տարածաշրջան է բերել 2022 թվականի հուլիսի վերջին, օգոստոսի սկզբին ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչը, եւ Հայաստանին է ներկայացրել, եւ Ադրբեջանին։ Դրանից հետո ՌԴ ներկայացուցիչը՝ պարոն Խովաեւը տարածաշրջան է եկել 2022 թվականի սեպտեմբերին՝ պատասխանն ստանալու համար։ Հայաստան է ժամանել սեպտեմբերի 13-ին։ Սեպտեմբերի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ ՀԱՊԿ-ն եւ ՌԴ-ն Հայաստանի գրավոր ու բանավոր դիմումներին՝ կատարել պայմանագրով սահմանված պարտավորությունները, չեն արձագանքել։ Հայաստանը դրական է արձագանքել Խովաեւի ներկայացրած առաջարկին։ Հոկտեմբերի 6-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչելու պայմանավորվածություն են ձեռք բերում՝ Ալմա-Աթայի հռչակագրի արձանագրության հիման վրա։ Եվ այդ որոշումը ՀՀ-ն ընդունել է սեփական տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նկատառումով։ Այդ իրավիճակում, երբ Ադրբեջանը գրոհում է Հայաստանի տարածքը եւ գրավում է տարածքներ, իսկ Հայաստանի դաշնակիցները լուռ են եւ չեն արձագանքում, Հայաստանի Հանրապետությունը պարտավոր էր հոկտեմբերի 6-ին գալ այդ համաձայնության՝ սեփական ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունն արձանագրելու համար։ Նրանք, ովքեր ասում են, որ սա սխալ որոշում է, նրանք ասում են, որ ՀՀ-ն չպետք է լինի ինքնիշխան պետություն»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա նշեց, որ նոյեմբերի 9-ին հայտարարության մեջ որեւէ անդրադարձ չկա ԼՂ կարգավիճակին։ Եռակողմ հայտարարությունն ընդունվել է մի պայմաններում, երբ Ալմա-Աթայի հռչակագիրը ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի օրենսդրության մաս էր։ «Եթե Լեռնային Ղարաբաղի՝ միջազգային օրենքներով Ադրբեջանի մաս լինելը խոչընդոտ է եռակողմ հայտարարության համար, ուրեմն այդ խոչընդոտն ստեղծել է ՌԴ-ն, որովհետեւ ՌԴ-ն է 2020 թվականի դեկտեմբերին ու նոյեմբերին հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն Ադրբեջանի մաս է»,- ընդգծեց Փաշինյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ