Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտավախություն ունե՞մ, որ Ռուսաստանը Հայաստանում հեղափոխություն կանի, այստեղ հեղափոխություն կարող է անել միայն ՀՀ ժողովուրդը»․ Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 13,2023 19:25

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովի հայտարարությանը, որ «պաշտոնական Երեւանի վերջին քայլերը ոչ բարեկամական են»։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշեց, որ ռուսական կողմը մեջբերում է հատկապես ՀՀ իշխանությունների կողմից Հռոմի ստատուտի վավերացման ուղղությամբ քայլերը։

«Ինձ հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն է լինելու Քաղաքացիական պայմանագիր խմբակցության դիրքորոշումը, երբ Ազգային ժողովում քննարկենք այդ հարցը։ Ես ցանկանում եմ, որ դուք անդրադառնաք այս լարված հարաբերություններին, որոնք 2018 թվականից պարբերաբար սրացումներ են արձանագրում։ Զախարովան անդրադարձավ նաեւ այն հարցին, որ Հայաստանի իշխանությունները մտահոգություն ունեն, որ Ռուսաստանը կարող է հեղափոխություն կազմակերպել ՀՀ-ում։ Դուք նման մտահոգություններ ունե՞ք»,- հարցրեց պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների համատեքստում կողմնորոշվում եմ ռուսաստանցի իմ գործընկերոջ հայտարարություններով։ Ես պարտավոր չեմ ու ուշադիր չեմ էլ հետեւում, ես ուշադիր հետեւում եմ ՌԴ նախագահի հայտարարություններին, ով ասաց, որ Հայաստանի հետ հարաբերություններում խնդիրներ չկան, եւ ինձ հետ հարաբերություններում էլ խնդիրներ չկան։ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման օրից ես մոտ 7-8 հեռախոսային խոսակցություն եմ ունեցել ՌԴ նախագահի հետ։ Մյուս գործընկերների հետ կամ ոչ մի խոսակցություն չեմ ունեցել, կամ շատ ավելի պակաս խոսակցություն եմ ունեցել»։

Փաշինյանը հավելեց․ «Ինչ վերաբերում է վագներական փնտրելու մասին ԱԱԾ գործողություններին, ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել մամուլում հայտնված հրապարակումներին։ Ես ինչքան տեղյակ տեղյակ եմ, նման հրապարակում է եղել տելեգրամյան ալիքներով, ԱԱԾ-ն իր իրավասության շրջանակներում ստուգում է հրապարակված տեղեկությունը։ Ինչ վերաբերում է հարցին՝ մտավախություն ունե՞մ, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանում հեղափոխություն կանի, Հայաստանում հեղափոխություն կարող է անել ՀՀ ժողովուրդը։ Եվ Հայաստանի ժողովուրդն այդ հեղափոխությունն արել է»։

Հռոմի ստատուտի մասին հարցին անդրադառնալով՝ Փաշինյանն ասաց, որ այն վավերացվելու է խորհրդարանական մեծամասնության կողմից։ Եվ դա որեւէ կապ չունի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ, դա կապ ունի Հայաստանի անվտանգային խնդիրների հետ։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930