Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքացու տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվել է ՀՔԱՎ-ի աջակցությամբ

Սեպտեմբեր 13,2023 19:15

2023 թվականի մայիսի 11-ին Սոցիալական ապահովության իրավունքի խախտման հիմքով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ իրավաբանական խորհրդատվության է դիմել ՀՀ քաղաքացի Ա․Ղ-ն։

Ա․Ղ-ն աշխատանքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելուց հետո, հիմք ընդունելով ՀՀ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 9-րդ հոդվածը (Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ)  դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոն` տարիքային աշխատանքային կենսաթոշակի չնշանակման խնդրով։

Վերջինիս մերժվել է տարիքային աշխատանքային կենսաթոշակի նշանակումը` հիմք ընդունելով աշխատանքային գրքույկում գործարանում աշխատելու նշումը ջնջումով գրված լինելու հանգամանքը։ Պատշաճ գնահատականի չէր արժանացել այն գրառումը, որով հիմնավորվում է, որ ջնջումով գրառված տվյալների ուղղումները ճիշտ են և համապատասխանում են իրականությանը։

Արդյունքում՝ վերջինիս մերժվել է տարիքային աշխատանքային կենսաթոշակի նշանակումը, քանի որ կենսաթոշակի նշանակման վարչության կատարած ուսումնասիրությամբ այն կազմել է 8 տարի, որը չի համապատասխանել օրենսդրի սահմանած դրույթներին։

Տարիքային աշխատանքային կենսաթոշակ չնշանակելու որոշումը կազմակերպության աջակցությամբ բողոքարկվել է, ըստ վերադասության, նշվել է, որ «սեփականություն» հասկացությունը բովանդակում է ոչ միայն ֆիզիկական բարիքների սեփականությունը, այլև սեփականություն կարող են համարվել որոշ գույքային այլ իրավունքներ և շահեր, ինչպես նաև անվիճելի և կատարման ենթակա պահանջի իրավունքը։

Այսպիսով՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի իմաստով ֆիզիկական անձանց կենսաթոշակ նշանակելը տեղի է ունենում ֆիզիկական անձի դիմումի առթիվ հարուցված վարչական վարույթի արդյունքում՝ կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի կողմից կայացվող որոշման հիման վրա։ Այդ որոշումն էլ  տվյալ ֆիզիկական անձին հնարավորություն է տալիս անարգել օգտվելու իր` կենսաթոշակ ստանալու իրավունքից: Օրենսդիրը հստակ սահմանել է, որ կենսաթոշակ նշանակելու դիմումի առթիվ հարուցված վարչական վարույթի ընթացքում վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` պարզելու համար տվյալ ֆիզիկական անձի կենսաթոշակ ստանալու համար անհրաժեշտ` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված բոլոր պարտադիր պայմանների ու պահանջների առկայությունը կամ բացակայությունը:

Սակայն քաղաքացու կենսաթոշակի նշանակման դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում կայացրած որոշումը փաստացի չի եղել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում կայացրած որոշում։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ բողոքարկվել է Ա․Ղ-ի տարիքային աշխատանքային կենսաթոշակ չնշանակելու որոշումը։ Հարուցված վարչական վարույթի ընթացքում վարչական մարմինը կատարել է լրացուցիչ ուսումնասիրություն, որի արդյունքներով աշխատանքային ստաժում հաշվառվել է նախկինում չհաշվառված ժամանակահատվածը։

Այսպիսով՝ 2023 թվականի հուլիսի 25-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հարուցված վարչական վարույթի եզրափակիչ փուլում կայացվել է որոշում, որով Ա․Ղ-ին նշանակել է տարիքային աշխատանքային կենսաթոշակ՝ այն ձեռք բերելու օրվանից։ Միևնույն ժամանակ նշվել է, որ նախորդ ժամանակահատվածի համար չվճարված կենսաթոշակի գումարը կընդգրկվի կենսաթոշակի առաջիկա վճարման ցուցակում։

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930