Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն ու նրա հետևում կանգնած ուժերը դեռ շատ են խանգարելու Արցախի նոր նախագահին»․ քաղաքագետ

Սեպտեմբեր 13,2023 19:07

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը նախորդ նախագահ Արայիկ Հարությունյանի քաղաքականության գծի հետևորդը չէ։ Ըստ նրա, ի սկզբանե տարածվող այն լուրերը, թե նա կանի այն, ինչ չի  հասցրել անել Արայիկ Հարությունյանը, վարկաբեկման փորձեր են նորընտիր նախագահին։

«Արցախում իշխանափոխությունից անմիջապես հետո առաջին քայլը, որ փորձեցին անել, վարկաբեկել նոր նախագահին՝ հասարակության լայն շերտերի անտեղյակ լինելն օգտագործելով, որ իբր թե Արայիկ Հարությունյանն ինչ-որ չարեց, անում է նոր նախագահը։  Դա այդպես չէ․ Արայիկ Հարությունյանն, ի տարբերություն Սամվել Շահրամանյանի, ով չհամաձայնեց Ակնա-Ասկերան ճանապարհով Արցախ բերվի ադրբեջանական այսպես կոչված մարդասիրական օգնությունը, կողմ էր դրան»։

Քաղաքագետի համոզմամբ, Արցախում տեղի ունեցած իշխանափոխությունը բնավ ձեռնտու չէր ադրբեջանա-թուրքական տանդեմին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա քաղաքական ուժին։ Ավելին, ըստ նրա, ՀՀ ներկայիս գործող իշխանությունները՝ ի դեմս Սամվել Բաբայանի և  նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, դեռ շատ են խանգարելու Արցախի նորընտիր նախագահին, ներքին ինտրիգներ են հրահրելու։

«Նախորդ օրը հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նրան շնորհավորելու բան չկա։ Նախ ինքը բացահայտ ցույց տվեց, որ իր համար անընդունելի էր Արայիկ Հարությունյանի հրաժարականը, որովհետև Արայիկ Հարությունյանը Արցախում Նիկոլ-Ալիև տանդեմի հակահայկական և հակաարցախյան ծրագրերի իրագործողն է եղել։ Նրա բացակայությունը, իհարկե, Նիկոլ Փաշինյանի համար խնդիրներ կառաջացնի Արցախում՝ պրոթուրքական և պրոադրբեջանական քաղաքականությունն առաջ տանելու։

Նույնիսկ չշնորհավորելով՝ Նիկոլ Փաշինյանը հատուկ շեշտեց, որ Սամվել Շահրամանյանը  Արցախի առաջնորդն է, չնշելով, որ նորընտիր նախագահն է։ Սա ևս ցուցիչ է, թե ինչ վերաբերմունք ունի Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն Արցախի և կոնկրետ Սամվել Շահրամանյանի հանդեպ։

Սամվել Շահրամանյանին չշնորհավորելու կարևորագույն պատճառներից մեկը Նիկոլ Փաշինյանի սարսափն է Ալիևից և Էրդողանից։ Նիկոլ Փաշինյանը գիտի՝ ինչ կլինի իր հետ, եթե հանկարծ հանդգներ շնորհավորել։

Ես նաև նշեմ, որ Նիկոլ Փաշինյանը հեշտ հանձնվողներից չէ, նրա հետևի կանգնած ուժերն էլ հեշտ հանձնվողներից չեն, և նրանք շարունակելու են ամեն ինչ անել, որ խնդիրներ ստեղծեն Արցախի նորընտիր նախագահի համար։ Որքան ես հասկանում եմ, այդ խնդիրը լինելու է Արայիկ Հարությունյանի հորեղբոր տղային պետնախարար նշանակելը, որի վերաբերյալ լուրերն արդեն տարածվում են։

Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի դրածոն է եղել Արցախում, որը հլու-հնազանդ կատարել է նրա բոլոր հակահայկական և հակաարցախյան ծրագրերը։ Նա փորձելու է որոշ չափով վերահսկել գործող իշխանությունների քայլերը և գործողությունները»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930