Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ կարմիր գիծ է ՀՀ ինքնիշխանությունը կասկածի տակ դնող որեւէ հայտարարություն»․ Նիկոլ Փաշինյանը՝ թուրք նախարարի խոսույթի մասին

Սեպտեմբեր 13,2023 18:06

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքի նախարարի հայտարարությանը, ըստ որի․ «Մեր տարածաշրջանի համար մեկ այլ լավ լուրն այն է, որ Զանգեզուրի կապուղու միջոցով նոր հնարավորություններ ի հայտ եկան, եւ այս կապուղին Կովկասում կարգավորման համար կենսական կարեւորություն ունի։ Հավատում ենք, որ այս կապուղու կյանքի կոչումը, որը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ուղղակի երկաթուղային եւ ցամաքային հաղորդակցություն է ապահովելու, ողջ թյուրքական աշխարհին միմյանց կապող կարեւոր քայլ է լինելու»։ Թուրքիայի նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում էլ հայտարարել էր․ «Զանգեզուրի միջանցքը կարեւոր միջանցք է, որը եւ թյուրքական աշխարհն է միմյանց կապելու, եւ ապահովելու է հեռավոր Արեւելքի կապը Եվրոպայի հետ»։ Նա ասել էր, որ Ադրբեջանն այդ ուղղությամբ աշխատանքները շարունակում է, թուրքական կողմը եւս առաջիկայում աշխատանքները սկսելու է։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Արդյոք մենք դե՞մ ենք Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ երկաթուղու վերաբացմանը։ Ոչ, մենք դեմ չենք, ընդհակառակը, մենք կողմ ենք դրան եւ կարծում ենք, որ դա Հայաստանի համար շատ կարեւոր նախագիծ է։ Արդյոք մենք դե՞մ ենք տարածաշրջանի տրանսպորտային երթուղիների բացմանը, ոչ։ Կողմ ենք, որ ինչպես Ադրբեջանը եւ Թուրքիան Հայաստանի տարածքով, այնպես էլ Նախիջեւանը եւ Ադրբեջանի արեւմտյան շրջանները Հայաստանի տարածքով հաղորդակցվեն։ Արդյոք մենք դե՞մ ենք, որ Հայաստանի տարածքով անցնեն տարածաշրջանային գազամուղեր, նավթամուղեր, էլեկտրական հաղորդման գծեր, ոչ, մենք դեմ չենք, ընդհակառակը, շահագրգռված ենք ու հետաքրքրված այդ ծրագրերով։ Եվ այդ ամենը պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության եւ իրավազորության սահմաններում, ինչպես նաեւ մյուս երկրների ինքնիշխանության եւ իրավազորության սահմաններում։ Մեզ համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կամ իրավազորությունը որեւէ կերպ կասկածի տակ դնող որեւէ հայտարարություն։ Դա մեզ համար կարմիր գիծ է»։

Նա նշեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթում որպես միջանցք հիշատակված է միայն Լաչինի միջանցքը։ ՀՀ տարածքով միջանցք նախատեսված չէ։ «Այստեղ շատ կարեւոր է, որ մենք միջազգային հանրության ականջին շփոթ չստեղծենք։ Շատ դեպքերում, օրինակ, Եվրոպայում միջանցք ասում են՝ հասկանալով տրանսպորտային հաղորդակցությունը։ Ադրբեջանի որոշ շրջանակներ շատ դեպքերում, հասկանալով այդ բառի զգայնությունը եռակողմ համաձայնության կոնտեքստում, օգտագործում են սխալ կոնտեքստներ եւ ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ նկրտումներ ձեւավորելու համար։ Դա մեզ համար ոչ միայն անընդունելի է, այլեւ կարմիր գիծ է»,- հավելեց նա։

Փաշինյանն ասաց, որ արդեն երկար ժամանակ է՝ Հայաստանի կառավարության օրակարգում շրջանառվում է մի նախագիծ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին երեք անցակետ բացելու վերաբերյալ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930