Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲԸՄ-ն՝ ի դեմս Ուրուգվայի մասնաճյուղի, նախաձեռնել է հայերենը որպես օտար լեզու ուսուցանելու գործընթաց

Սեպտեմբեր 13,2023 18:18

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Ուրուգվայի Հանրակրթության ազգային ադմինիստրացիայի ղեկավար Հեկտոր Գոյի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Ուրուգվայի Հանրակրթության ազգային ադմինիստրացիայի լեզուների քաղաքականության հարցերով տնօրեն Ալդո Ռոդրիգեսը, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վասկեն Յակուբյանը, Մոնտեվիդեոյի հայկական Նուբարյան դպրոցի տնօրեն Խավիեր Փոլադյանը և ՀԲԸՄ Ուրուգվայի խորհրդի անդամներ:
ԿԳՄՍ նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի միջև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության քաղաքականության բնագավառներում երկկողմ համագործակցության շարունակական զարգացումն ու համագործակցության ընդլայնումը:

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վասկեն Յակուբյանը խոսելով համագործակցության մասին՝ նշել է, որ ՀԲԸՄ-ն՝ ի դեմս Ուրուգվայի մասնաճյուղի, նախաձեռնել է հայերենը որպես օտար լեզու ուսուցանելու գործընթաց: Նախաձեռնությունն իրականացվում է Ուրուգվայի կառավարության հովանավորությամբ՝ օտար լեզուների ուսուցման խթանման ռազմավարության շրջանակում: Մասնավորապես, ՀԲԸՄ-ի և Ուրուգվայի Հանրակրթության ազգային ադմինիստրացիայի համատեղ ջանքերով մշակվել և փորձարկվել է հայերենի՝ որպես օտար լեզվի ուսուցման դասագիրք, որը կիրառելի է նաև Ուրուգվայի ոչ հայկական դպրոցներում:

«Ուրուգվայում, ինչպես գիտեք, հայկական մեծ համայնք կա, որը երկրի հանրային կյանքում շատ կարևոր դերակատարություն ունի: Այդ իսկ պատճառով, հայերենի ուսուցումը կարևոր է նաև Ուրուգվայի հայկական համայնքի համար և կարող է խթանել հաղորդակցությունը երկու երկրների միջև: Ձեռնարկների լույս ընծայման նպատակը միայն հայերենի ուսուցումը չէ, այլև լեզվի մատուցումը՝ որպես մշակութային արժեք հատկապես նրանց, ում համար հայերենը մայրենի լեզու չէ»,- ասել է  Ուրուգվայի հանրային կրթության ազգային կառավարման՝ ANEP-ի լեզվական քաղաքականության տնօրեն Ալդո Ռոդրիգեսը՝ տեղեկացնելով, որ Ուրուգվայում գործում են Հայաստանի պատվին անվանակոչված երկու հանրային կրթահամալիրներ:

Հյուրերի տեղեկացմամբ՝ հայերենի ուսուցման դասագրքերում բազմաթիվ նյութեր կան հայոց պատմության և մշակույթի վերաբերյալ, ուստի հայերենը մատուցվում է նաև որպես մշակութային արժեք։ Ալդո Ռոդրիգեսի խոսքով՝ իրենք աշխատում են Ուրուգվայում հայոց լեզվի և հայկական մշակույթի,  ինչպես նաև գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում նախագծերի մշակման ուղղությամբ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի Հանրակրթության ազգային ադմինիստրացիայի գործընկերներին՝ Ուրուգվայում հայոց լեզվի և մշակույթի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանն ուղղված ջանքերի և նվիրված աշխատանքի համար՝ ընդգծելով, որ այն գնահատանքի է արժանի: Անդրադառնալով Հայաստանում կրթական համակարգին՝ նախարարը ներկայացրել է նաև Լեզվի կոմիտեի և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) գործունեությունը, որոնք կրթական բարեփոխումների այս փուլում կարևոր գործառույթներ են իրականացնում:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ևս ողջունել է հյուրերին՝ ընդգծելով երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները. «Դժվար թե Հայաստանում հանդիպեք մեկին, ով չգիտի՝ Ուրուգվայն առաջինն է ընդունել Հայոց ցեղասպանությունը: Ուրուգվայը մեզ համար իսկապես շատ կարևոր երկիր է: Կարևորում ենք նաև Ուրուգվայի համալսարանում գործող հայագիտական կենտրոնի գործունեությունը և վստահ ենք, որ երկու երկրների միջև համագործակցության ներուժն ընդլայնման  մեծ հեռանկար ունի»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ուրուգվայի և Հայաստանի կրթական ոլորտի քաղաքականություն մշակող մարմինների համագործակցության հնարավորությունները և հեռանկարները, հեռավար շրջաններում օտար լեզուների ուսուցման կազմակերպմանը վերաբերող հարցեր:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930