Երեք տարի առաջ մենք գործարկեցինք աշխարհի գիտագործնական ուսումնասիրությանն առնչվող մի ծրագիր՝ կրթական, ոչ առեւտրային կազմակերպությունների միջոցով. այս մասին այսօր Երեւանի պետական համալսարանի, «Խելացի քաղաքակրթության ինստիտուտի» (Մոսկվա), «Ինտեգրացիա և զարգացում հասարակական կազմակերպության» նախաձեռնությամբ հրավիրված՝ «Համալսարանների եւ հասարակական կազմակերպությունների համագործակցություն՝ կրթական եւ երիտասարդական ծրագրերի շրջանակներում», թեմայով գիտագործնական սեմինարի ժամանակ ասաց «Խելացի քաղաքակրթության ինստիտուտի» նախագահ, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի գիտական ձևավորման կենտրոնի վերլուծաբան Մարինե Ոսկանյանը:
Նախաձեռնության զարգացումն ապահովվում է SMART-Civilization հարթակի միջոցով, որն ապահովում է երկխոսություն՝ ռուսական եւ արտասահմանյան, այսպես ասած՝ «մտքի գործարանների», ոչ կառավարական կազմակերպությունների, «խելացի քաղաքների եւ ագլոմերացիաների», «խելացի ընկերությունների» եւ լրատվամիջոցների միջեւ: Ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվում նաեւ ակադեմիաներին, համալսարաններին՝ քաղաքակրթական նախագծերի, քաղաքակրթական կողմնորոշման համար՝ նպաստելով միջքաղաքակրթական փոխգործակցության շրջանակներում նորարարական, գործարար, գիտական, մշակութային եւ կրթական համագործակցության ամուր ճարտարապետության ձեւավորմանը։
«Մեր փորձագետները ձեւավորում են ժամանակակից քաղաքակրթությունների ապրելակերպն արժեքների շուրջ, տարածքների, անհատականությունների եւ նախագծերի շուրջ, մաքրում են ավելորդությունները, զարգացնում են նորարարությունները: Նրանք ունեն բարձր հմտություններ՝ կառավարման, մեդիայի, հումանիտար ոլորտում, թվային տեխնոլոգիաների, մարքեթինգի, գովազդի, կինոյի ոլորտներում, ինչպես նաեւ՝ արդյունաբերություն, ճարտարապետություն, դիզայնի: Աշխատում են քաղաքակրթական ուղղվածության սոցիոլոգիայի ուղղությամբ»,- մանրամասնեց Մարինե Ոսկանյանը։
Տիկին Ոսկանյանի գնահատմամբ, իրենց աշխատանքում միշտ առանձնահատուկ է եղել հասարակական կազմակերպությունների աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը. իր գնահատմամբ, հասարակական կազմակերպությունները պետք է ակտիվ լինեն հանրային դիվանագիտության մեջ՝ համագործակցելով բուհերի հետ. «Մենք շահագրգռված ենք, որպեսզի համագործակցությունը ունենա մշտական հիմք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ