ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձավ կրթական հաստատությունների կուսակցականացման հարցին։ «2018-ին իշխող քաղաքական ուժը հայտարարում էր, որ մանդատ է ստացել կրթության համակարգից արմատախիլ անելու բոլոր կուսակցական եւ խմբային երեւույթներն ու շահերը։ Իսկ իրականությունը բոլորովին այլ է՝ թե բուհերում, թե հանրակրթությունում։ Վստահաբար տեսել եք, թե Նոր Նորքում տասնյակից ավելի մանկավարժական կոլեկտիվների ներկայացուցիչներ ինչպես էին Ավինյանի քարոզարշավին զեկուցում իրենց ներկայությունը։ Սա իրավական անուն ունի՝ վարչական ռեսուրսի շահագործում, նաեւ՝ քաղաքական։ Ո՞րն է ձեր գնահատականը»,- հարցրեց Լիլիթ Գալստյանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ վարչական ռեսուրսի հետ կապված որեւէ քննարկման թեմա չկա։ «Կլինեն փաստեր եւ հանգամանքներ, եւ այն բոլոր մարդիկ, ովքեր կփորձեն որեւէ ուսումնական հաստատության ուղղորդմամբ տանել որեւէ հավաքի, նրանք կստանան օրենքով սահմանված իրենց պատիժը։ Բայց ես առանձնապես վստահություն չէի ունենա ձեր վկայակոչած փաստերին, որովհետեւ հենց դրանք հրապարակվել են, նայել եմ այդտեղ՝ կա՞ որեւէ համար, որը վերաբերում է նախարարության ենթակայության որեւէ հաստատության եւ հենց առաջին րոպեներին այդ ճշտումներն արվել են։ Եվ կարող եմ ամենայն վստահությամբ ասել, որ այդտեղ ներկայացված որեւէ թիվ չէր համապատասխանում իրականությանը։ Այդտեղ, օրինակ, նշված էր 114 դպրոց, երբ թե այդ դպրոցի անձնակազմը, թե տնօրինությունը որեւէ տեղ չէր եղել եւ որեւէ բանի չէր մասնակցել, չնայած դրա սահմանադրական իրավունքը յուրաքանչյուր քաղաքացի ունի։ Այստեղ խոսելու շատ բան չկա, կլինեն փաստեր, կլինի օրենքի ամբողջ խստությամբ պատիժ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ