«Եկել եմ հորդորելու, որ լինեք համարձակ, անկաշկանդ ձեր քաղաքական կամքը արտահայտելիս»,- ՀՀ ԱԺ ամբիոնից դիմելով երևանցիներին՝ երեկ հայտարարեց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։
Նա նշեց, որ մի քանի օր առաջ մամուլում հրապարակումներ կային՝ իբր դպրոցներում քաղաքական գործունեություն ծավալելու կամ քաղաքականությունը դպրոցներ կամ այլ կրթական ու մշակութային հաստատություններ մտցնելու կապակցությամբ, որն ըստ պատգամավորի՝ ՀՀ ԱԺ-ում վերարտադրվեց նաև ընդդիմադիր պատգամավորներ Լիլիթ Գալստյանի և Գեղամ Նազարյանի կողմից․ «Ես ուզում եմ հարցնել՝ իսկ դուք հետաքրքրվե՞լ եք, օրինակ զանգե՞լ եք այդ մարդկանց, հարցրել՝ ո՞վ է ձեզ ճնշել, ո՞նց է ճնշել, ո՞նց է շահագրգռել, ի՞նչ է տեղի ունեցել, որովհետև, ճիշտն ասած, երբ ես կարդացի այդ վերնագրերը, մամուլի ամբողջ աղմուկը, որ ՔՊ-ն դառնում է ՀՀԿ, ամոթից գետինն էի մտնում։ Ավելի մեծ վիրավորանք, քան այդ ձևակերպումն է, դժվար լիներ։ Զանգել եմ դպրոցների, մանկապարտեզների, մշակութային հաստատությունների տնօրեններին և ասել եմ՝ տվեք այն անունը, որը իբր թե ձեզ պարտադրել է գալ ՔՊ-ի քարոզարշավին։ Այդ մարդիկ ինձնից են իմացել այդ լուրը, մեծ մասն ինձնից է հղումն ուզել, որ տեսնեն՝ ինչ է տեղի ունենում։ Որոշ մարդիկ այդ տեսանյութերում ճանաչել են իրենց գործընկերներին, բայց մի դեպքում էլ տնօրենն ասում է՝ բայց էն մյուս աշխատակիցն էլ Արզաքանցյանի քարոզարշավին է գնացել, ես ի՞նչ անեմ, հո չե՞մ ընկնի աշխատակիցների հետևից։ Մի հաստատություն կա, որտեղից 141 հոգի են իբր թե ներգրավված եղել մեր քարոզարշավին, որտեղ աշխատում են ընդամենը 43 հոգի։ Այդպիսի էլի դեպքեր կան․ ասենք 35 հոգանոց մասնակիցներից պարզվում է 11 հոգանոց հաստատությունից է գնացել»։
Թագուհի Ղազարյանն ասաց, որ զանգել, առաջարկել է պատմել այդ պատմությունը, իր օգնությունն է առաջարկել, եթե իրենց նկատմամբ լինի ճնշում կամ նյութական շահագրգռության մոտեցում․ «Առաջարկել եմ նման դեպքեր ի հայտ գալու դեպքում կապվել ինձ հետ։ Ասում են՝ ո՞նց անենք, որ դպրոցի համբավը չվնասվի։ Իրենք գտել են այդ մամուլի հրապարակումները և ի ապացույց այն բանի, որ ես չեմ հորինում այս պատմությունը, կարող եք սեպտեմբերի 8-ի մամուլի հրապարակումներից մեկը նայել, որտեղ դպրոցների անունները հանվել են, մնացել են քանակները։ Դպրոցի տնօրենը զանգել է այդ ԶԼՄ-ին և հարցրել՝ ինչո՞ւ է իր դպրոցն այնտեղ հայտնվել»։
Կարդացեք նաև
ՔՊ-ական պատգամավորն ասաց, որ բոլոր դպրոցների, մանկապարտեզների, մշակութային հաստատությունների աշխատակիցներին, պետական և համայնքային հիմնարկների աշխատակիցներին հորդորում է նման երևույթների ի հայտ գալու դեպքում ուղղակի զանգել կամ գտնել իր կոնտակտները և իրեն պատմել․ «Արդար ընտրությունների անցկացումը մեր կուսակցության ինքնությունն է։ Հորդորում եմ մեր բոլոր աջակիցներին որևէ ակնարկ անգամ չանել, որը կհասկացվի իբր ընտրությունների միջամտություն։ Իմ և մեր քաղաքական թիմի հանձնառությունը ընտրությունների և ընտրությունների գործընթացների վերաբերյալ չեն փոխվել։ Եթե խնդիրներ լինեն, կարող եք կապվել ինձ հետ, իմ կոնտակտները հրապարակային են։ Սիրելի ուսուցիչներ և տնօրեններ, ես պարտավորվել եմ ի պաշտոնե ստանձնել ձեր բոլորի իրավունքների պաշտպանությունը։ Մի կաշկանդվեք բարձրաձայնել, երբ ձեր անունները շահարկվում են տարբեր ուժերի կողմից, դրա մասին ևս բարձրաձայնեք։ Մենք պատրաստ ենք ձեզ օգնել, դուք ասեք, մենք կանենք»։
Aravot.am-ն այս հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություններ ստացավ այդ տեսանյութի հեղինակ Արթուր Չախոյանից։ Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ՔՊ-ական պատգամավորի այն հայտարարությանը, թե մարդիկ տեղյակ չեն եղել այդ ամենից, Արթուր Չախոյանը պատասխանեց․ «Դա լկտի սուտ է, թե տնօրենները տեղյակ չեն տեսահոլովակի մասին, որովհետև ինձ հետ հենց կապվել են աշխատակիցները, խնդրել են, սպառնացել են, որ այդ տեսահոլովակը ջնջեմ։ Այսինքն՝ եթե ՔՊ-ն զանգել է, ու իրենք ասում են՝ սկի չգիտեն տեսահոլովակի մասին, այդ դեպքում ստացվում է, որ ինձ զանգել են այլմոլորակայիննե՞րը, սպառնացել են, որ ջնջեմ տեսահոլովակը։ Դա փաստում է, որ ՔՊ-ի պաշտոնյաների կողմից հնչում է լկտի սուտ, ինչը բազմիցս արձանագրվել ու փաստվել է»։
Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորի այն հորդորին, թե ճնշումների դեպքում դիմեք մեզ, որպեսզի ձեր իրավունքները պաշտպանենք, Արթուր Չախոյանը նշեց․ «Հայտարարությունները, որ նման դեպքերում դիմեք մեզ, մենք կպաշտպանենք, ցինիզմի շարքից են հնչում, որովհետև երբ ես եղել եմ 4-րդ գյուղում ու նկատել էի ցուցակագրման փաստ, որ հանրայնացրել եմ ցուցակները և այլն, ես ահազանգել էի ոստիկանություն, բայց ոստիկանությունը եկավ, ինձ անհիմն ձերբակալեց, որ ես հանրային տարածքում կանգնած նկարում եմ։ Բայց դա թույլատրվում է։ Իրենք ի՞ նչ պաշտպանության մասին են խոսում, երբ ոստիկանությունն ինձ ձերբակալում է, և նույն ԱԺ-ից, ՔՊ-ից ոչ մի բան չի հնչում, թե ինչու Չախոյան Արթուրին ոստիկանությունն անհիմն ձերբակալեց։ Իսկ եթե մնացած առումով ամեն ինչ թափանցիկ ու ազնիվ է, ես խնդրել էի, որ ինձ ցույց տային այդ փաստաթղթերը, եթե դա օրինական, նորմալ կլիներ, ես պատրաստ էի հանրային ներողություն խնդրել, բայց ինձ չտրվեց, տարածքից հանեցին։ Ինձ ոստիկանը անհիմն այդ գործողությունների ժամանակ ձերբակալեց ու հիմա իրենց ցինիզմի ձևով ԱԺ-ում նման հայտարարություններ են անում։ Դա ամոթալի է»։
Այն, որ ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ դպրոցի տնօրենները զանգել են լրատվամիջոցներ, որ իրենց անունները հանեն, ըստ Արթուր Չախոյանի՝ երկրորդ հակասությունն է․ «ԱԺ պատգամավորն ասում է՝ մենք զանգել ենք, իրենք տեղյակ չեն եղել տեսահոլովակի մասին և մյուս հարցում ասում է, որ տնօրենները զանգել են ԶԼՄ, որ ջնջեն իրենց դպրոցների անունները։ Էդ որ ես մոտենում եմ մոտ 30 հոգու և երբ ցուցակների թիվն եմ արձանագրում, այդ մարդիկ ովքե՞ր էին, այլմոլորակայիննե՞ր, իրենք դպրոցների ու մանկապարտեզների աշխատողնե՞ր չէին։ Դա լկտի սուտ է։ Իրենք աշխատում են մանկապարտեզներում, դպրոցներում»։
ՔՊ-ական պատգամավորի այն դիտարկմանը, թե մի հաստատության հետ կապված, որտեղից 141 հոգի են ներգրավված եղել քարոզարշավին, մինչդեռ այնտեղ աշխատում են ընդամենը 43 հոգի, Արթուր Չախոյանն այսպես արձագանքեց․ «Ջրաշխարհի վերաբերյալ թիվը եղել է կարծես 100 հոգի։ Հստակ թիվը եղել է 30-40, ես ասել եմ՝ 30,40, 50,60, աշխատակիցն էլ ասաց՝ հարյուր հոգի։ Եթե հերքում են, ասում են, թե այդ մարդը Ջրաշխարհի աշխատակից չէ, ու ես գնամ իրեն Ջրաշխարհի տարածքում նկարեմ, որ ինքն աշխատում է, այդ դեպքում ի՞նչ սուտ են հորինելու։ Կամ նույն մանկապարտեզների, դպրոցների աշխատողներին, ուսուցիչներին։ Այսինքն՝ ստացվում է, որ այլմոլորակայիններ են եղել, և սեպտեմբերի 7-ին Գայի արձանի տարածքում հանրահավաք տեղի չի ունեցել։ Այսինքն՝ ներողություն եմ խնդրում նման հայտարարությունը ճիշտ է, որովհետև ՔՊ-ի կողմից սեպտեմբերի 7-ին հանրահավաք տեղի չի ունեցել, այլ հանրահավաք ունեցել է նախկին իշխանությունը՝ ՀՀԿ-ն։ Իրենց ցինիզմին ուրիշ մեկնաբանություն տալ չեմ կարող»։
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ․ Գ․ Հիշեցնենք, որ այս խնդրին անդրադարձ եղավ նաեւ այսօր կառավարության հետ Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ եւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ վարչական ռեսուրսի հետ կապված որեւէ քննարկման թեմա չկա։ «Կլինեն փաստեր եւ հանգամանքներ, եւ այն բոլոր մարդիկ, ովքեր կփորձեն որեւէ ուսումնական հաստատության ուղղորդմամբ տանել որեւէ հավաքի, նրանք կստանան օրենքով սահմանված իրենց պատիժը։ Բայց ես առանձնապես վստահություն չէի ունենա ձեր վկայակոչած փաստերին, որովհետեւ հենց դրանք հրապարակվել են, նայել եմ այդտեղ՝ կա՞ որեւէ համար, որը վերաբերում է նախարարության ենթակայության որեւէ հաստատության եւ հենց առաջին րոպեներին այդ ճշտումներն արվել են։ Եվ կարող եմ ամենայն վստահությամբ ասել, որ այդտեղ ներկայացված որեւէ թիվ չէր համապատասխանում իրականությանը։ Այդտեղ, օրինակ, նշված էր 114 դպրոց, երբ թե այդ դպրոցի անձնակազմը, թե տնօրինությունը որեւէ տեղ չէր եղել եւ որեւէ բանի չէր մասնակցել, չնայած դրա սահմանադրական իրավունքը յուրաքանչյուր քաղաքացի ունի։ Այստեղ խոսելու շատ բան չկա, կլինեն փաստեր, կլինի օրենքի ամբողջ խստությամբ պատիժ»։