Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդը պետք է վարի այն մեքենան, որն իր հնարավորությունների սահմաններում է»․ Փաշինյանը՝ վրացական պետհամարանիշերով մեքենաների մասին

Սեպտեմբեր 13,2023 17:26

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների խնդրին։

Question and answer session between the members of the RA National Assembly and the RA Government took place at the RA NA

Պատգամավոր Շիրակ Թորոսյանն ասաց, որ ՊԵԿ կողմից առաջարկվող կարգավորումը հետեւյալն է՝ ավտոմեքենայի մաքսազերծման գնի չափով գումար պետք է «սառեցնի» անձը, որպեսզի կարողանա Հայաստանում այդ մեքենան օգտագործել։

Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Նախ ասեմ, որ մենք մեծագույն հարգանք ունենք վրացական ամեն ինչի, այդ թվում՝ պետհամարանիշների նկատմամբ, բայց պիտի նկատեմ, որ խոսքը բոլորովին ուրիշ բանի մասին է։ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետհամարանիշով ավտոմեքենաներ օգտագործելու ժամկետներ ու կարգեր կան։ Եվ մենք գիտենք, որ այդտեղ խոսքը ոչ միայն վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաներ ունենալու մասին է, այլ ՀՀ նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները չկատարելու մասին է։ Ես ուզում եմ ասել, որ որեւէ պատճառաբանությամբ ՀՀ նկատմամբ հարկային եւ մաքսային պարտավորությունները չկատարելը մեզ համար անընդունելի է»։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե մարդիկ Վրաստանի ռեզիդենտ են, օրենսդրությունը կարգավորում է նրանց՝ վրացական պետհամարանիշերով մեքենաներ վարելու հարցը։ Եթե անձը Վրաստանի քաղաքացի է, որեւէ մեկը չի կարող խոչընդոտ առաջացնել։ «Իսկ նրանք, ովքեր դա օգտագործում են որպես հարկերից խուսափելու միջոց, միանշանակ պետք է ամենակոշտ ձեւով այդ հարցը կասեցվի։ Երբ տեսա, որ Հայաստանում վրացական պետհամարանիշերով մեքենաներն ավելացել են, շատ ուրախացա՝ մտածելով, որ մեր կապերը, զբոսաշրջային հոսքերն ակտիվանում են։ Եվ հետաքրքրվեցի, բայց պարզվեց, որ դա իրականում մաքսային պարտավորություններից խուսափելուց համար է»,- ընդգծեց նա։

Շիրակ Թորոսյանը նկատեց, որ սահմանվել է գումարի չափ, որն անհամատեղելի է մարդկանց հնարավորությունների հետ՝ հաճախ ավտոմեքենայի գնից բարձր գումար են պահանջում «սառեցնել»։ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Մարդը պետք է վարի այն մեքենան, որն իր հնարավորությունների սահմաններում է։ Ես, օրինակ, ունեմ եւ ունեցել եմ մեքենա, դրանք այն մեքենաներն են, որոնք իմ հնարավորությունների սահմաններում են։ Եվ, կներեք, այդ սառեցման գումարն այնքան մեծ է դրված, որպեսզի մարդը նախընտրի գալ, իր մեքենան նորմալ մաքսազերծել ՀՀ-ում»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930