«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավը շարունակում է Կենտրոն վարչական շրջանում։ «Կիլիկիայի բնակիչների համար լավ նորություն ունենք այսօր, այս հատվածում պատրաստվում ենք կառուցել նոր մանկապարտեզ՝ Կիլիկիա եւ Նորագյուղ թաղամասերի համար։ Մեր արձանագրած ամենամեծ խնդիրներից մեկը մանկապարտեզի բացակայությունն է, սկսում ենք դա»,- հայտարարեց Ավինյանը։
«Փաստորեն հրաշքներ լինում են, աչքերներիս չենք հավատում, արդեն երեխաներն այսօր տեսել են, որ տեղեկությունը փակցված է»,- արձագանքեց տարածքում գործող մանկապարտեզի տնօրենը։ Նա երեխաներին հորդորեց շնորհակալություն հայտնել Ավինյանին։ «Ապրեք դուք, երեխեք ջան, կարո՞ղ է նկարվենք, երեխեք»,- արձագանքեց Ավինյանը։ Նա ասաց, որ հաջորդ տարի մանկապարտեզի շինարարությունը կսկսեն, նախատեսվում է, որ 2025 թվականին այն պատրաստ կլինի։
Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ այս տարի 24 մանկապարտեզ են հիմնանորոգում Երեւանում, հաջորդ տարի նախատեսում են 33 մանկապարտեզի հիմնանորոգում, իսկ 2025 թվականին՝ 35 մանկապարտեզի հիմնանորոգում։ «Եվ Երեւան քաղաքում չհիմնանորոգված մանկապարտեզ չի մնա»,- հավելեց նա։
Կենտրոն վարչական շրջանում եւս բնակիչները դժգոհեցին սանմաքրման աշխատանքներից։ «Մենք կամաց-կամաց ավելացնում ենք սանմաքրողների քանակը, արդեն սկսել ենք բակեր մտնել։ Եթե մի քիչ էլ մենք ինքներս կարողանանք մեր մշակույթի մեջ բան փոխել, այդ վերաբերմունքը չունենանք քաղաքի նկատմամբ, ինձ թվում է, լավ կլինի»,- նշեց Ավինյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ