Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տարի անց, ոչ ոք արդեն որևէ թիվ ու բառ չի ասում ՀՀ օկուպացված տարածքների մասին. Տաթևիկ Հայրապետյան

Սեպտեմբեր 13,2023 16:03

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական հարձակման անցավ Հայաստանի Հանրապետության դեմ: Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցավ 224 զոհ։

Արդեն 2022 թվականի նոյեմբերի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը երեք հարձակումների արդյունքում օկուպացրել է Հայաստանի մոտ 140 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք։

Մինչ այդ Փաշինյանը հայտարարել էր, որ 2021 թ. մայիսի 12-ին ադրբեջանական զորքերի ներթափանցման հետևանքով օկուպացված են ՀՀ մաս կազմող 40-45 քառակուսի կիլոմետր տարածք:

«2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ/կմ տարածք»,-մարտի 24-ին Ազգային Ժողովում նշել էր Արարատ Միրզոյանը: Դա հակասում էր Փաշինյանի նշած թվին:

Մեկ տարի անց, ոչ ոք արդեն որևէ թիվ ու բառ չի ասում ՀՀ օկուպացված տարածքների մասին, ոչ ոք չի խոսում ՀՀ-ի դեմ սանձազերծված լայնամասշտաբ գործողություններից, ոչ ոք չի խոսում, որ մենք երկու օրվա մեջ ավելի քան 200 կյանք ենք կորցրել…

Ինչո՞ւ, հավանաբար, որ չխաթարվի «խաղաղության» կեղծ, անբովանդակ ու վտանգավոր օրակարգը: ՀՀ օկուպացված տարածքների թեման արագորեն դուրս եկավ օրակարգից, որովհետև անգամ Արցախն ու ՀՀ-ն Իրանին ու ՀՀ-ն Վրաստանին կապող միջպետական ճանապարհները զիջելու դիմաց Փաշինյանը չի կարող հարկադրել Ալիևին դուրս գալ ՀՀ օկուպացված տարածքներից: Դրա համար թեման արագորեն մոռացվում է: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Փաշինյանի բանակցային ունակությունների և «ձեռքբերումների» մասին:

Ցավակցում եմ մեր զոհերի ընտանիքներին ու հարազատներին: Ցավում եմ մեր երկրի համար, որ նման ղեկավարություն ունի, որի ամեն քայլ միմիայն մեծացնում է հակառակորդի ախորժակը՝ ավելի մեծացնելով մեր երկրի դեմ ուղղված սպառնալիքները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930