Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանափոխությունը մայրաքաղաքում՝ կհանգեցնի նաև իշխանափոխության ամբողջ հանրապետությունում. «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ

Սեպտեմբեր 13,2023 15:33

Հարցադրումը ժամանակավրեպ է, եթե քարոզարշավի մեկնարկին հարցնեիք՝ կհասկանայի, բայց արդեն մոտենում ենք քարոզարշավի ավարտին և ակնհայտ է, թե քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ինչ օրակարգով է ներկայանում՝ քաղաքակա՞ն, թե՞ քաղաքային: Այս մասին ասաց «Մայր Հայաստան» դաշինքի Երևանի ավագանու թեկնածու Մանուկ Սուքիասյանը՝ «Մեդիա» կենտրոնում կազմակերպված «Ի՞նչ օրակարգով են քաղաքական ուժերը մասնակցում ավագանու ընտրություններին» թեմայով քննարկմանը։

«Մեր օրակարգն ամբողջական իշխանափոխությունն է, եթե պատկերավոր ասենք՝ ունենք տուն, որի մի սենյակը հարևանը զավթել է, մուրճով ջարդում է պատը և սպառնում է տան անդամներին դուրս վռնդել, իսկ մենք այդ հարցը թողնում ենք ու քննարկում, թե տան վերանորոգումն ինչ դիզայնով պետք է անենք: Այդ տրամաբանությունից մենք դուրս ենք, սկզբից անվտանգություն, հետո՝ մնացածը»,-ասած Սուքիասյանը:

Հարցին, թե ընտրություններին մասնակցող ուժերի մեծ մասը պնդում է, թե սրանք քաղաքային ընտրություններ են ու այլ լծակներ չկան՝ Սուքիասյանը պատասխանեց. «Եթե դու կարողանում ես թույլ չտալ, որ իշխանությունը մայրաքաղաքում հաղթի, դրանով քաղաքական ստատուս-քվո է փոխվում, երկրում մթնոլորտի փոփոխություն և քաղաքական օրակարգը սկսվում է ձևավորվել այն նարատիվներով, որ մենք ենք առաջ քաշում, այսինքն` իշխանափոխության գործընթաց կարելի է ձևավորել ցանկացած ընտրական գործընթացի արդյունքում, իսկ Երևանը Հայաստանի կեսից ավելին է՝ բնակչության առումով և գրեթե 2/3-ը՝ տնտեսական շարժի առումով: Հետևաբար, իշխանափոխությունը մայրաքաղաքում կհանգեցնի նաև իշխանափոխության ամբողջ հանրապետությունում»:

Մանուկ Սուքիասյանի հավաստմամբ, քաղաքացիների հետ հանդիպումների արդյունքում «Մայր Հայաստան» դաշինքը համոզվել է, որ մարդկանց անհանգստացնում են մեր պետության անվտանգային խնդիրները և նրանք պատրաստ են այս դաշինքի հետ գնալ իշխանափոխության:

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Ծովինար Կոստանյանի կարծիքով էլ այս ընտրությունները միաժամանակ, և՛ քաղաքական են, և՛ քաղաքային։ Քաղաքական են, քանի որ առհասարակ ընտրությունները քաղաքական գործընթաց են: Որպես երիտասարդ կուսակցություն, մինչ ընտրական գործընթացներին ներառվելը բազմաթիվ խորհրդատվական հանդիպումներ են ունեցել և հասկացել են, որ պետք է սոցիալական ուղղվածությունը ուղենիշային դարձնեն: «Բազմաշերտ սոցիալական փաթեթ ենք առաջարկում և կարծում ենք, որ Երևանի կառավարման հարցում պետք է էականորեն ընդլայնվի հենց սոցիալական բաղադրիչը քանի որ պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանում աղքատության շեմն արդեն 40 տոկոսի է հասնում և դա իսկապես օրհասական խնդիր է: Մեր կուսակցությունն այս ընտրություններին հանդես է գալիս շատ մեծ սոցիալական փաթեթով»: Օրինակ, իրենք առաջարկում են ուսանողության և թոշակառուների համար 50 տոկոսով զեղչել հանրային տրանսպորտի արժեքը, հիմնել սոցիալական ճաշարաններ, ընդլայնել դպրոցների ու մանկապարտեզների քանակը, մինչև 16 տարեկան երեխաների համար սպորտդպրոցներն անվճար դարձնել, վերազինել ու նորոգել պոլիկլինիկանները:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Ռուզաննա Երեմյանը, որ խոսքը նախ զիջել էր ընդդիմադիր գործընկերներին, ասաց, որ իրենց կուռ ու համախմբված քաղաքական թիմը գնում է քաղաքային ընտրությունների: Նա չհամաձայնվեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ներկայացուցչի հետ, թե անհրաժեշտություն կա մայրաքաղաքում գոնե մեկ նորոգված ու վերազինված պոլիկլինիկայի: «Բա հենց դրանով ենք մենք զբաղված, եթե այս պահի դրությամբ, քաղաքում հիմնանորոգվել է 6 պոլիկլինիկա ամբողջովին արդիականացվել է տեխնիկան՝ դա նշանակում է, որ մենք արդեն ունենք որոշակի թվով քաղաքացիներ, որոնք առաջնային բժշկական ծառայություն են ստանում շատ բարեկարգ պայմաններում: Երբ ասում ենք, որ 53 մանկապարտեզ նորոգվել է, որից 24-ը վերջին տարվա ընթացքում, դա նշանակում է, որ հանրապետության 9400 երեխա արդեն հաճախում է նորմալ մանկապարտեզ»,-ասաց ՔՊ ներկայացուցիչը:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930