«Հետք». Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մոտ 500 աշխատակցի օրերս պարգևավճար է տրվել։ Այն եղել է աշխատակիցների աշխատավարձի 50%-ի չափով։ Այդ ՀՈԱԿ-ում միջին աշխատավարձը 110 հազար դրամ է։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն այս օրերին ակտիվ մասնակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին։ Նա ՔՊ-ի ավագանու թեկնածուների ցուցակում 155-րդն է։
Ավագանու ընտրությունից առաջ պարգևավճար բաժանելու վերաբերյալ «Հետք»-ի տեղեկությունները ո՛չ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը հերքեց, ո՛չ էլ ՀՈԱԿ-ի հանրային կապերի պատասխանատուն։
-Պարոն Բեգոյան, մենք տեղեկություն ունենք, որը ցանկանում եմ անձամբ Ձեզնից ճշտել։ Ճի՞շտ է, որ Ձեր ղեկավարած ՀՈԱԿ-ի աշխատակիցներն իրենց աշխատավարձի 50%-ի չափով պարգևավճար են ստացել, եթե այո, ապա ինչի՞ առիթով են ստացել պարգևավճար։
Կարդացեք նաև
-Նախ սկսենք նրանից, որ ես արձակուրդում եմ և այդ տեղեկությունը ես ինքս պետք է ճշտեմ։ Ես այս պահին տեղեկություն չունեմ։ Երկրորդ՝ այդ աշխատակիցները հիմնականում մեր այգեպաններն են։ Լինում է, որ ստանում են, որովհետև իրենց աշխատավարձը 110 հազար դրամ է, շատ ցածր է։ Տարվա մեջ այդպես լինում է, որ ստանում են։ Տվյալ դեպքում՝ ստացել են, թե ոչ, չեմ կարող ասել, դա ճշտել է պետք։
-Այսօր, եթե մենք պարգևավճարների մասին այս նյութը գրենք, լինելու են հայտարարություններ, որ ընտրություններից առաջ փորձել եք մարդկանց նյութապես շահագրգռել։
–Գիտեք ինչ կա, եթե գրելու եք այդ նյութը, այդ դեպքում գրեք իմ այս պատասխանը։ Այդ ընտրությունները գիտեինք չէ՞, որ լինելու է 2023 թ․-ին, այդ դեպքում եթե այդպես էր, կբարձրացվեր աշխատավարձերը։ Ոմանք գլուխները պատով կտան, որ կշահարկեն այդ խնդիրը, որովհետև վստահաբար կարող եք գրել, որ այսօր 110 հազար դրամով աշխատող այգեպանի ծանրագույն աշխատանքն արևին, ձմռանը ձյուն մաքրելը, էտի սեզոնին էտ իրականացնելը, այդ աշխատավարձերը միանշանակ չեն համապատասխանում իրենց կատարած աշխատանքին․․․․ Էնպես որ դա շահարկողները պետք է մի քիչ էլ սրբություն ունենան։ Մեր կոնտինգենտը բավականին տարիքով է, և այդ մեր տատիկ-պապիկները կատարում են տիտանական աշխատանք։ Դա շահարկելն առնվազն անամոթություն կլինի, որովհետև աշխատավարձերի ցածր լինելն է պատճառը։ Եթե հիշողությունս չի դավաճանում, երկու անգամ անցած տարի է վճարվել պարգևավճար և մեկ տարի էլ այս անգամ գարնանը՝ Եռաբլուրի մեծ հսկա անտառը հիմնելուց հետո, այո, այդ մարդկանց վճարվել է։ Այս հիմիկվանը ստացվել է միջոցներ գտնել, պարգևավճար տալ, ես չեմ կարող ասել, որովհետև զբաղվածությունս մեծ է և կազմակերպությունից շատ տեղեկություններ չունեմ։
Պարգևավճար տալու մասին տեղեկությունը փորձեցինք նաև ստուգել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Աղաբեկյանից։
Տեղեկությունը Արթուր Աղաբեկյանից բանավոր ստուգելու մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան։ Պարգևավճարի վերաբերյալ մեր հարցերն ուղարկել ենք գրավոր տարբերակով։
Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: