«Ազատություն». Հարցի պատասխանը Թբիլիսիի Իլյա համալսարանի դասախոս Հանս Գութբրոդն է գտել, նրա ուսումնասիրության արդյունքների մասին պատմող հոդվածը հրապարակել է Eurasianet պարբերականը:
Պարզվում է՝ վրացիներին ամենաշատը հետաքրքրում է իրենց թագավորական ժառանգությունը․ առցանց հանրագիտարանում նրանք հաճախ փնտրում են Դավիթ Աղմաշենեբելիի (Դավիթ Շինարար), Թամար թագուհու մասին հոդվածները:
Հայերին ամենաշատը հետաքրքրում է մշակույթը, նշում է ուսումնասիրությունների հեղինակը՝ վկայակոչելով Հայաստանի բնակիչների կողմից Վիքիպեդիայում ամենաշատ փնտրվող էջերի ցանկը՝ 30 ամենաընթերցված էջերից 17-ը մշակույթի և լեզվի մասին է։
Գութբրոդն ուշագրավ փաստ է առանձնացրել, որն ընդհանուր է միայն վրացիների և հայերի համար․ ոչ Վրաստանում, ոչ էլ Հայաստանում որևէ ժամանակակից քաղաքական գործչի նվիրված հրապարակում տեղ չի գտել ամենաընթերցված հարյուր հոդվածների ցանկում։
Կարդացեք նաև
Մինչդեռ Ադրբեջանում պատկերը միանգամայն այլ է։ Նախ ադրբեջանցիները Վիքիպեդիայում հիմնականում իրենց ոչ վաղ անցյալի պատմական վիրավորանքների մասին հոդվածներն են ամենաշատն ընթերցում․ հետազոտությունը վկայում է, որ Ադրբեջանի քաղաքացիների կողմից 30 ամենափնտրվող էջերից 10-ը ազգայնականության, ազգային տրավմաների մասին են՝ այդ թվում Խոջալուի դեպքեր, 44-օրյա պատերազմում ադրբեջանական կողմի զոհերի մասին տվյալներ։
Ադրբեջանցիները նախապատվությունը տալիս են իրենց հանգուցյալ նախագահի՝ իշխանությունը որդուն ժառանգած Հեյդար Ալիևի մասին էջին։ Ադրբեջանից Վիքիպեդիայի այցելուները հաճախ են փնտրում նաև իրենց ավելի քան քսան տարի առաջնորդող Իլհամ Ալիևին նվիրված հոդվածը, ընդ որում՝ նախագահ Ալիևն հայրենակիցների շրջանում ժողովրդականությամբ առաջ է անցնում նույնիսկ իսլամական կրոնի հիմնադիր Մուհամեդից։
Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: