Լրահոս
Օրվա լրահոսը

«Համամարդկային երաժշտական մշակույթի երևույթ». ԳԱԱ-ում միջազգային գիտաժողովով նշանավորվեց Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանը

Սեպտեմբեր 13,2023 14:04

Սույն թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Արամ Խաչատրյան – 120» խորագրով միջազգային գիտաժողովը։

Գիտաժողովի նպատակն է ներկայացնել խաչատրյանագիտության արդի վիճակը, քննության առնել հայ ականավոր կոմպոզիտորի ստեղծագործական, կատարողական, երաժշտական, հասարակական գործունեությունը, արժևորել նրա թողած ժառանգությունը, բացահայտել նրա ստեղծագործության դերը հայ և համաշխարհային երաժշտության մեջ, նախանշել զարգացման ուղիները։

Գիտաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին ողջունեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ «2023 թվականին նախարարության իրականացրած մշակութային միջոցառումների շարքում հատկապես կարևոր տեղ է զբաղեցնում Արամ Խաչատրյանի երաժշտության հանրահռչակումը։ Անցած ամիսների ընթացքում հայ երաժիշտները հյուրախաղերով հանդես են եկել աշխարհի տարբեր երկրներում՝ ներկայացնելով կոմպոզիտորի սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները։  Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նախատեսվում են Օպերային թատրոնի հյուրախաղերը Ֆրանսիայում և Վրաստանում, որի ընթացքում Փարիզում և Թբիլիսիում կներկայացվեն Խաչատրյանի բալետները։

Կոմպոզիտորն ապրում է այնքան, որքան հնչում է նրա երաժշտությունը, որքան երկար մենք կխոսենք նրա մասին։ Կարևոր է նաև նշել Խաչատրյանի պատմաքաղաքական դերը, երբ խորհրդային ժամանակներում նա կարևոր դահլիճներում հնչեցնում էր «Սպարտակ», «Գայանե»։ Նա ցույց էր տալիս, թե ինչքան մեծ է արվեստի դերը քաղաքականության, կրթության և այլ ոլորտներում։ Մենք այս փաստը պետք է հիշեցնենք մեր նոր սերնդին, դա խիզախության փաստ է։ Հուսով եմ, որ այս գիտաժողովի արդյունքները կհարստացնեն հարուստ ճանապարհ անցած խաչատրյանագիտությունը», – ասաց  Դանիել Դանիելյանը։

«Աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ, արվեստագիտության դոկտոր Արամ Խաչատրյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյա պատմության ընթացքում միակ երաժիշտ ակադեմիկոսն է։ Նա ակադեմիկոս է ընտրվել 60 տարի առաջ՝ 1963 թվականի մարտի 9-ին, ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանի առաջարկությամբ։ Այդ օրվանից մինչև իր կյանքի վերջն Արամ Խաչատրյանը սերտորեն կապված էր ակադեմիայի՝ մասնավորապես Արվեստի ինստիտուտի հետ։ Պատահական չէ, որ նա ցանկացել է, որպեսզի իր թանգարանը բացվի և գործի հենց Արվեստի ինստիտուտին կից։

Արամ Խաչատրյանի ստեղծագործական գործունեության ուսումնասիրության հարցերին նվիրված ակադեմիական առաջին գիտական նստաշրջանը գումարվել է  այս դահլիճում՝ 1974 թվականի հոկտեմբերի 22-ին, որին մասնակցել է Արամ Խաչատրյանը։ Այդ գիտական նստաշրջանը համախմբել է համամիութենական երաժշտագիտական մտքի առաջատար ուժերին։ 13 պետություններում ներկայացվել է Խաչատրյանի ստեղծագործությունը, գործունեությունը, արժևորվել այն թե՛ որպես ազգային երաժշտության և մշակույթի երևույթ, թե՛ որպես Արևելքի և Անդրկովկասի, սովետական և համամարդկային երաժշտական մշակույթի երևույթ։ Այսօր կրկին, սակայն առանց Արամ Խաչատրյանի, այս նույն դահլիճում հավաքվել են արդի միջազգային արվեստագիտության՝ մասնավորապես երաժշտագիտության վաստակաշատ ներկայացուցիչներ և երիտասարդ հետազոտողներ աշխարհի 8 երկրներից։

Սա վկայում է այն մասին, որ անցած տասնամյակների ընթացքում աշխարհում ոչ միայն չի նվազել հետաքրքրությունն Արամ Խաչատրյանի հանճարեղ երաժշտության հանդեպ, այլ նաև նրա ստեղծագործական գործունեությունը շարունակում է մնալ հայ և օտարազգի հետազոտողների ուշադրության կենտրոնում։ Այս տարվա հոկտեմբերին ԳԱԱ-ն բոլորում է իր հիմնադրման 80-ամյակը, և ես կարծում եմ, որ ինչպես անցած 80 տարիների ընթացքում, այնպես էլ հետագայում, ակադեմիան՝ ի դեմս Արվեստի ինստիտուտի, շարունակելու է մնալ հայ արվեստագիտության առաջատար կենտրոնը՝ իր շուրջը համախմբելով գիտական, ստեղծագործական և կատարողական աշխարհի երևելի ներկայացուցիչների։ Համոզված եմ, որ գիտաժողովի արդյունքները կդառնան կարևոր և նշանակալի ներդրում միջազգային ասպարեզում», – ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։

«Այս գիտական միջոցառումը գումարվում է հայ ժողովրդի համար դրամատիկ ժամանակահատվածում։ Վերջին ամիսներին արցախահայությունը գտնվում է շրջափակման մեջ: Մեր ժողովուրդը երկար ժամանակ փորձում է հաղթահարել 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքները։ Նման պայմաններում Խաչատրյանի անձը և երաժշտությունը կարող են կարևոր դեր ունենալ մեր ժողովրդի կյանքում։

Նա մեծ հետք է թողել համաշխարհային երաժշտության պատմության մեջ, բարձրացրել է Արևմուտքի և Արևելքի երաժշտության սինթեզը նոր մակարդակի վրա։ Արամ Խաչատրյանը դարձել է Հայաստանի երաժշտական այցեքարտը: Նրա երաժշտությունն աչքի է ընկնում լավատեսությամբ և հումանիստական ուղղվածությամբ։ Պատահական չէ, որ 1943 թվականին՝ պատերազմի ժամանակ, նա ստեղծեց իր երկրորդ սիմֆոնիան՝ լավատեսական ավարտով։ Նա մերժում էր պատերազմը, նա հումանիստ էր։

Ես վստահ եմ, որ մեր գիտաժողովի արդյունքները շատ կարևոր հանգրվան կդառնան միջազգային խաչատրյանագիտության ասպարեզում, առհասարակ, երաժշտագիտության մեջ։ Ուզում եմ հավատալ, որ Արամ Խաչատրյանի երաժշտությունը, անձն ու գործը կօգնեն հայ ժողովրդին հաղթահարել իր պատմության այս դժվար փուլը և նորից թևակոխել դեպի պայծառ ապագա», – ասաց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը։

Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը նշեց, որ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների նկատմամբ երաժշտագետների կողմից հետաքրքրությունը տարիների ընթացքում միայն մեծանում է։

Արմինե Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին, որոնք ժամանել են Երևան՝ մասնակցելու գիտաժողովին, այդ թվում Արամ Խաչատրյանի թոռնուհուն՝ Օլգա Կուզինային։

Նա ընթերցեց  Արամ Խաչատրյանի որդու՝ Կարեն Խաչատրյանի ողջույնի խոսքը՝ ուղղված գիտաժողովի մասնակիցներին։

«Մենք չպետք է մոռանանք, որ պատկանում ենք այն ազգին, որը համաշխարհային մշակույթին նվիրեց այնպիսի մեծություն, ինչպիսին է Արամ Խաչատրյանը, ով դարձավ մի ամբողջ դարաշրջանի սիմվոլ», – նշեց  Արմինե Գրիգորյանը։

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը կարևորեց Արամ Խաչատրյանի ստեղծած կոմպոզիտորական դպրոցը։ «Արամ Խաչատրյանը ստեղծագործական իմաստով մեծ ազդեցություն ունեցավ մեր սերնդի վրա։ Այս գիտաշրջանը հնարավորություն կտա նորովի մեկնաբանել Խաչատրյանի երաժշտությունը և նրա մոտեցումները դեպի երաժշտություն», – ասաց Արամ Սաթյանը։

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 14-ը։ Գիտաժողովի ընթացքում ԱՄՆ-ից, Լատվիայից, Լիբանանից, Հայաստանից, Նիդեռլանդներից, Շվեդիայից, Ռուսաստանից և Ուկրաինայից ժամանած արվեստի գործիչները հանդես կգան շուրջ 4 տասնյակ գիտական զեկուցումներով՝ ներկայացնելով հայ ականավոր կոմպոզիտորի ստեղծագործական, կատարողական ու երաժշտական-հասարակական գործունեությունը, ստեղծած կոմպոզիտորական դպրոցը, Արամ Խաչատրյանի դերը մշակութային դիվանագիտության զարգացման գործում, կերպարը հայ կերպարվեստում, արվեստի ազդեցիկ նշանակությունը երաժշտագիտական մտքի վրա։

Գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930