2023 թվականի սեպտեմբերի 8-ին Հաագայում տեղի ունեցած «Հանուն Արցախի ինքնորոշման իրավունքի» հանրահավաքի վերաբերյալ
Հաագայում տեղի ունեցավ բազմամարդ հանրահավաք՝ հանուն Արցախի։ Արցախում տիրող ահագնացող վիճակն այսօր յուրաքանչյուր արժանապատիվ հայ մարդու ստիպում է փողոց դուրս գալ և բողոքի ձայն բարձրացնել 120000 արցախահայերի նկատմամբ իրականացվող ցեղասպանության դեմ։ Մեծ թվով նիդերլանդահայեր, որոնց միացել էին նաև Բելգիայի բազմաթիվ հայեր, իրենց հուժկու վրդովմունքը արտահայտեցին համայն աշխարհում տիրող անտարբերության վերաբերյալ՝ Ադրբեջանի կողմից արդեն 10 ամիս շարունակվող Արցախի պաշարման կապակցությամբ։ Ցույցը նախաձեռնողները մի խումբ մտահոգ ձեռներեց նիդերլանդահայեր են, որոնք նպատակ ունենալով միավորելու ազգի բոլոր կարող ուժերին, դիմել էին բոլոր հայկական կազմակերպություններին և միություններին համախմբվելու կոչով։ Մեծ թվով կազմակերպություններ արձագանքեցին և այսօրվա ցույցը վերջին ժամանակների ամենաբազմամարդ հավաքն էր։
Մարդկանց համախմբել է ցույցի գաղափարը՝ ըստ որի այն ուղղված չէ Հայաստանի այսօրվա իշխանությունների դեմ այլ անցկացվում է հանուն Արցախի փրկության։ Այդուհանդերձ կա հստակ ուղերձ ուղղված Հայաստանի կառավարությանը և դա Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու միտումների հետ է կապված։ Ելույթ ունեցողները հաստատեցին, որ որևէ արժանապատիվ հայի մտքով չի անցնում արցախահայությանը միայնակ թողնել ցեղասպան թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ և Հայաստանի կառավարությունը իր քաղաքականությունը շտկելու դեպքում կարող է ստանալ ողջ սփյուռքի աջակցությունը ընդհուպ մինչև Հայաստանի և Արցախի սահմանների ֆիզիկական պաշտպանության հարցերում։ Այս ուղերձը պարունակող նամակը հանրահավաքի պատվիրակության կողմից հանձնվեց Հայաստանի Հանրապետության դեսպանությանը, ակնկալիքով, որ դեսպանությունը ամենասեղմ ժամկետում հանդես կգա պատասխանով։
Հանրահավաքի ընթացքում բազմիցս շեշտվեց ազգային միասնության գաղափարը և կոչ արվեց է՛լ ավելի աշխուժորեն շահագրգռել համայնքների յուրաքանչյուր անդամին սատար կանգնելու Արցախի ժողովրդի պայքարին։
Կարդացեք նաև
Նշվեց հոկտեմբերի մեկին Բրյուսելում համաեվրոպական ցույցին մասնակցելու անհրաժեշտության մասին։ Այդ օրը Եվրոպահայությունը ողջ աշխարհին իր հզոր «ո՛չ»-ը պետք է ասի Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու վերաբերյալ։ Ցույցի ընթացքում պարբերաբար հնչում էին հզոր վանկարկումներ առ այն, որ Արցախը երբեք Ադրբեջանի մասը չի եղել և չի լինելու։
«Հանուն Արցախի» հոլանդա-հայկական նախաձեռնող խումբ