Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը դեռեւս չի արձագանքել հայկական կողմի առաջարկներին»․ Սարգիս Խանդանյան

Սեպտեմբեր 13,2023 12:51

Ադրբեջանը դեռ չի արձագանքել «խաղաղության պայմանագրի» շուրջ հայկական կողմի վերջին առաջարկներին։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ «Իմ տեղեկություններով՝ մինչեւ այս պահն Ադրբեջանը դեռեւս չի արձագանքել այդ առաջարկներին»,- ասաց նա։

Սարգիս Խանդանյանի խոսքով՝ Հայաստանի սահմանին զորքերի կուտակումները փաստում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության, ստանձնած պարտավորությունները չկատարելու եւ հարցերն ուժի միջոցով լուծելու հերթական փորձի մասին։ «Եվ պետք է սրան շատ աչալուրջ վերաբերվել։ Գիտեք, որ բազմաթիվ միջազգային շփումներ են տեղի ունեցել այս ընթացքում, որպեսզի ավելացվի ճնշումն Ադրբեջանի վրա, եւ Ադրբեջանը չփորձի ուժի կիրառմամբ որեւէ հարց լուծել։ Ես կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը եւ նաեւ Ադրբեջանի այս ագրեսիվ քաղաքականությունը բացասաբար են ազդում բանակցությունների վրա։ Բայց սա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հետ կանգնի խաղաղ ճանապարհով խնդիրները հանգուցալուծելու եւ խաղաղության համաձայնագիր ստորագրելու իր նպատակից։ Ուստի, Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի վերադառնալ բանակցությունների սեղան եւ շարունակել հարցերի քննարկումները»,- ասաց նա։

Խանդանյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունը մեղավորություն չի զգում Լաչինի միջանցքի փակման հարցում։ «Մեղավորն Ադրբեջանն է, Ադրբեջանն է փակել Լաչինի միջանցքը»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, որ երեկ ռուսական բեռների համար բացվեց Ակնայի ճանապարհը, Խանդանյանն ասաց․ «Լեռնային Ղարաբաղում հումանիտար վիճակը բարելավելու, ընդհանրապես ԼՂ հայությանը պաշտպանելու տեսանկյունից չափազանց կարեւոր է Լաչինի միջանցքի անհապաղ բացումը։ Իսկ մյուս ճանապարհների հետ կապված այդ հարցերով ես չէի ցանկանա մեկնաբանություններ տալ, որովհետեւ դա Լեռնային Ղարաբաղի իշխանությունների եւ ժողովրդի որոշելիքն է։ Եվ չեմ կարծում, որ այստեղ Հայաստանը պետք է միջամտի»։ Նա նշեց, որ չի տիրապետում միջանցքի բացման մասին տեղեկատվությանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930