Լրահոս
Օրվա լրահոսը

Ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ թույլ չտալով գնալ նոր ռազմական էսկալացիայի. «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության կոչը միջազգային հանրությանը

Սեպտեմբեր 13,2023 13:12

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության մեծացման, Լեռնային Ղարաբաղի շուրջ և Հայաստանի հետ պետական սահմանին զինտեխնիկայի կուտակումների կապակցությամբ.

««Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն իր խորը մտահոգությունն է հայտնում Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության մեծացման, Լեռնային Ղարաբաղի շուրջ և Հայաստանի հետ պետական սահմանին զինտեխնիկայի կուտակումների կապակցությամբ։

Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ռազմական տեխնիկայի կուտակումը, Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչող ռազմաշունչ հռետորաբանությունը, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական գործընթացների խաթարման՝ պետական ինստիտուտների կազմալուծման  սպառնալիքները և  միտումնավոր ստեղծված հումանիտար աղետը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ցեղասպանություն, ցույց են տալիս, որ էթնիկ ազգայնականությամբ և ռասիստական գաղափարախոսությամբ առաջնորդվող Ադրբեջանը ոչ միայն պատրաստ չէ գնալու կառուցողական երկխոսության, այլ շարունակում է հանդես գալ ուժի դիրքերից՝ խախտելով իր իսկ կողմից ընդունված մարդու իրավունքների պաշտպանության մի շարք միջազգային հռչակագրերն ու կոնվենցիաները և միջազգային միջնորդների ջանքերով Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Ադրբեջանի նման գործելակերպը մեզ՝ ադրբեջանական ագրեսիայի ենթարկվածներիս, հուշում է, որ անցած 30 տարիների ընթացքում ադրբեջանական հասարակության մեջ հայատյացությունը միայն աճել է։ Ռասիստական և կրոնական այդ ատելությունը, որը ներդրվում է անմիջապես պետության կողմից, թույլ է տալիս վստահորեն պնդել, որ Ադրբեջանը չի պատրաստվում ապահովել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը, այնպես էլ չի պատրաստվում պատասխանատվություն կրել 1988թ․ Սումգայիթի, 1990թ․ Բաքվի, 1992թ․ Մարաղայի կոտորածների համար։

Ադրբեջանը պետք է համարժեք, արդարացի փոխհատուցում տրամադրի բռնությամբ տեղահանված շուրջ հարյուր հազարավոր հայերին, պետք է թույլ տա, որ բոլոր հայ փախստականներն ու բռնի տեղահանվածները, առնվազն նրանք, ովքեր ցանկանում են, վերադառնան իրենց հայրենիքի՝ իրենց կողմից նախընտրած վայր՝ այնտեղ բոլոր երաշխիքներով ապահովելով նրանց ֆիզիկական, քաղաքական և քաղաքացիական, այդ թվում ինքնության անվտանգությունը:

Ադրբեջանը պարտավոր է վերականգնել ոչնչացված հայկական պատմամշակութային և ճարտարապետական շինությունները, եկեղեցիները, առնվազն պատմամշակութային արժեք ունեցող գերեզմանատները, սրբազան տարածքները, վերականգնել նրանց կեղծած ինքնությունները, մինչդեռ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ շարունակում է ևս մի մշակութային ցեղասպանություն այս անգամ Լեռնային Ղարաբաղի իր վերահսկողության տակ անցած շրջաններում։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը կոչ է անում միջազգային հանրությանը արդյունավետորեն ճնշում գործադրել Ադրբեջանի ռասիստական կառավարության վրա՝ թույլ չտալով վերջինիս գնալ նոր ռազմական էսկալացիայի տարածաշրջանում՝ խախտելով միջազգային համաձայնությունները, ինչը մեծապես խարխլում է մեր տարածաշրջանի կայունությունն ու ժողովրդավարացման անշրջելի գործընթացը։

Կոչ ենք անում ադրբեջանական իշխանություններին վերջ տալ միջպետական խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու կործանարար պրակտիկային, հրաժարվել ռազմական հռետորաբանությունից, հայատյացության քստմնելի քարոզից, առերեսվել պատմական իրականությանն ու հարգել Ադրբեջանից և Լեռնային Ղարաբաղից բռնությամբ տեղահանվածների, փախստականների իրավունքները»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930