Լրահոս
Օրվա լրահոսը

Շառլ Միշելը հույս է հայտնել, որ Աղդամ-Ստեփանակերտ երթուղու գործարկումը խթան կհանդիսանա կանոնավոր մատակարարումների համար

Սեպտեմբեր 13,2023 12:19

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսնակը նրա անունից հայտարարություն է տարածել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով ռուսական մատակարարման վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ դա խթան կհանդիսանա կանոնավոր մատակարարումների վերականգնման համար: Հայտարարության մեջ ասվում է.

Համաձայն 2023թ. սեպտեմբերի 1-ի մեր հայտարարության մեջ հրապարակայնորեն ուրվագծված տարրերի և առաջարկների՝ նախագահ Միշելը շարունակել է սերտորեն ներգրավված լինել այդ և այլ մոտեցումների առաջմղմամբ՝ առաջնային ուշադրություն դարձնելով լարվածության թուլացմանը և Ղարաբաղի հայերի առջև ծառացած հումանիտար իրավիճակին։

Մասնավորապես, նախագահ Միշելը վերջին մի քանի օրերին ինտենսիվ շփումներ է ունեցել ինչպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ 2023թ. սեպտեմբերի 9-ի հեռախոսազրույցների ժամանակ, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ 2023թ. սեպտեմբերի 10-ին Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովի շրջանակում:

Բաքվի, Երևանի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ նրա գրասենյակի և ԵՄ հատուկ հանձնակատար Տոյվո Կլաարի ամենօրյա փոխգործակցությամբ իրականացվող այս ջանքերն ուղղված են լարվածության թուլացմանը և Ղարաբաղի հայերին հումանիտար ապաշրջափակման համար լուծում մշակելուն:

Այս համատեքստում մենք ի գիտություն ենք ընդունում Աղդամ-Ասկերան երթուղով ռուսական մարդասիրական օգնության անցումը: Մենք հասկանում ենք այս զարգացման հետ կապված ողջ զգայունությունը. մեր ակնկալիքն է, որ դա խթան կստեղծի տեղի բնակչությանը մարդասիրական կանոնավոր մատակարարումների վերսկսման համար:

Իրավիճակը տեղում արագորեն վատթարանում է. կարևոր է ապահովել Ղարաբաղի հայերին առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը։ Աղդամ-Ասկերան երթուղու բացումն այսօր կարևոր քայլ է, որը պետք է նպաստի նաև Լաչինի միջանցքի վերաբացմանը։ Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին պատասխանատվություն և ճկունություն ցուցաբերել՝ ապահովելու, որ օգտագործվի ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամ-Ասկերան երթուղին։

Տեղում այս ծանր իրավիճակը չափազանց երկար է տևել. այժմ կարևոր է գտնել կայուն և փոխադարձաբար ընդունելի լուծումներ՝ ապահովելու մարդասիրական հասանելիությունը, նաև աշնան և ձմեռային սեզոններին ընդառաջ:

Մենք վերահաստատում ենք մեր խորը համոզմունքը, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն նախորդ համաձայնագրերի և ՄՔԴ հրամանի, և ընդգծում ենք մեր հավատքը մատակարարման այլ ուղիների օգտակարության վերաբերյալ՝ ի շահ տեղի բնակչության։

ԵՄ-ն ակնկալում է, որ այսօրվա զարգացումներին կհետևեն ավելի կոնկրետ քայլեր առաջիկա օրերին և շաբաթներին՝ կապված նաև Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև նրանց իրավունքների և անվտանգության շուրջ երկխոսության, հաշտեցման ջանքերի և ընդհանուր հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի հետ։

 

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930