Լեհահայ համայնքի կողմից երկար սպասված իրադարձություններն այլևս իրականություն են։ Սույն թվականի սեպտեմբերի 2-ին Զաբժե քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանի անմիջական աջակցությամբ 334 տարվա երկար դադարից հետո տեղի է ունեցել Լեհաստանում հայկական եկեղեցու պաշտոնական հանձնման հանդիսավոր արարողությունը՝ նախագահությամբ Ուկրաինայի հայոց թեմի և Լեհաստանի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդ Գերշ. Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։
Արարողությանն իրենց մասնակցությունն են բերել Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերշ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Լեհաստանում ՀՀ դեսպան Տիար Սամվել Մկրտչյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ։ Եկեղեցական կառույցը հետայսու կծառայի որպես Լեհաստանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի։
Միջոցառումը շարունակվել է Զաբժեի Սուրբ Աննա եկեղեցում, որտեղ պաշտոնապես ընթերցվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը՝ Տիար Հրաչյա Բոյաջյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով պարգևատրելու մասին։
Պաշտոնական արարողություններին հաջորդել է Հայ մշակույթի 2-րդ փառատոնի շրջանակներում Լվովի Մայր Եկեղեցու «ՍԱՂՄՈՍ» երգչախմբի համերգը՝ նվիրված Ամենայն Հայոց Կաթողիկոս Ս. Ներսես Շնորհալու մահվան 850 ամյակին։
Կարդացեք նաև
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 3-ին, Լեհաստանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արքեպիսկոպոսության հիմնադրման 655-ամյակի տոնակատարության շրջանակներում Կրակովի Վավելի Մայր Տաճարում տեղի է ունեցել էկումենիկ աղոթք՝ Կրակովի միտրոպոլիտ Մարեկ արքեպիսկոպոս Յեդրաշևսկու, Լեհաստանի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից:
Իր խոսքում գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը նշել է,- «Ուզում եմ առանձնահատուկ կերպով շնորհակալություն հայտնել Ձեզ Մարեկ արքեպս․ Յենդռաշեվսկի՝ Ձեր ցուցաբերած առանձնահատուկ վերաբերմունքի համար թե մեր նախորդ հանդիպման ընթացքում, և թե այս նախադեպը չունեցող էկումենիկ աղոթքի համար։
Օրհնություններս եմ փոխանցում Զաբժեում ՀՀ պատվավոր հյուպատոս Տիար Հրաչյա Բոյաջյան Ձեզ՝ երկօրյա այս պատմական իրադարձությունների նախաձեռնման և կազմակերպչական գործընթացների ծանր լուծը Ձեր ուսերին կրելու համար»։
Արարողությանը ներկա են եղել Լեհաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական Անջեյ Վաշկոն, Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Զաբժեում ՀՀ պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը, Ներքին գործերի և վարչակազմի նախարարության վարչության տնօրեն Անջեյ Սոսնովսկին և Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Արարողությունից հետո Լեհաստանի Հանրապետության նախագահի խորհրդական Ան. Վաշկոն նախագահ Անջեյ Դուդայի անունից, ՀՀ դեսպան Ս. Մկրտչյանը և ՀՀ պատվավոր հյուպատոս Հ. Բոյաջյանը ծաղկեպսակներ են տեղադրել Կազիմիր Մեծ թագավորի շիրիմին։