Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հնդկաստանի վարչապետն ունի հեղինակություն՝ կանխելու պատերազմի սցենարը այս տարածաշրջանում. Newsx պարբերականն անդրադարձել է Արցախի իրավիճակին

Սեպտեմբեր 13,2023 09:55

Հնդկաստանի Newsx հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Արցախում և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ ավելի քան 8 ամիս է, ինչ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման մեջ։

«Այս ամիսների ընթացքում բազմաթիվ միջազգային հորդորներ են ուղղվել Ադրբեջանին՝ կոչ անելով բացել Լաչինի միջանցքը։ Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել՝ Ադրբեջանին պարտադրելով ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Չնայած դրանց՝ մինչ այժմ Ադրբեջանը չի վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը»,-նշվում է հրապարակման մեջ:

Պարբերականը իրավիճակի վերաբերյալ մեջբերել է հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոսքերը. «Ադրբեջանի ղեկավարությունը կառուցողական բանակցող դառնալու և իրական խաղաղության ուղղությամբ աշխատելու փոխարեն՝ ընտրել է զորքերը և տեխնիկան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմանների մոտ տեղակայելու տարբերակը: Ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը միշտ էլ եղել են Ալիևի քաղաքականության անբաժանելի մասը: Սակայն ուժը երբեք չի կարող լուծում ապահովել։ Եվս մեկ ագրեսիայի ընտրությունը, որը հանգեցնելու է նոր մարդկային ողբերգությունների թե՛ հայ, թե՛ ադրբեջանական ժողովրդի համար, ծառայում է միայն մեկ նպատակի՝ ամրապնդել Ալիևի բռնապետական ռեժիմը։ Ալիևից և նրա ընտանիքից բացի ոչ ոք չի շահում պատերազմից: Հիմա ադրբեջանական հասարակությունը պետք է ինքն իրեն հարց տա՝ ինչո՞ւ պետք է մենք կռվենք և մեռնենք Ալիևի բռնապետությունը երկարացնելու համար»:

Պարբերականը գրում է, որ մինչ 120.000 հայեր Լեռնային Ղարաբաղում պատանդ են պահվում քաղաքական նպատակներով, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը գտնվում են նոր պատերազմի շեմին: «Ո՞վ կարող է վերջ տալ սրան։ Ո՞վ կարող է կոտրել այս երկու ազգերի միջև արատավոր շրջանը և ձգտել երկարատև, փոխշահավետ խաղաղության: Ակնհայտ է, որ Հնդկաստանը իր դերն ունի խաղալու», -հարցադրում է անում պարբերականը:

Նշվում է, որ շվեյցարական Impact Investing Solutions միջազգային կազմակերպությունն ակտիվորեն զբաղվում է այս մարդկային ողբերգության կարգավորմամբ: Այս կազմակերպության կառավարման թիմում հնդիկներ կան, և կազմակերպությունը ակտիվորեն օժանդակում է նման մարդասիրական ծրագրերին, ինչպիսին էր, օրինակ, հնդիկ ուսանողների տարհանումը Ուկրաինայից անցյալ տարի ռուսական ներխուժման ժամանակ:

«Կազմակերպությունից Բեն Բեներջին ասում է, որ Հնդկաստանի վարչապետ Մոդին ունի հեղինակություն՝ կանխելու պատերազմի սցենարը այս տարածաշրջանում։ Հատկապես, որ Պակիստանը շատ ակտիվ է և ներգրավված է Հարավային Կովկասում, կարծես թե աջակցում է Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին։ Ի հակադրություն, Հնդկաստանի դերը համաշխարհային մասշտաբով միշտ եղել է մարդկային տառապանքը մեղմելը, մարդասիրական խնդիրներին առաջնահերթություն տալը, մարդկային ողբերգությունները կանխելու և հակամարտությունից տուժածներին օգնություն տրամադրելը: Հնդկաստանը կարող է օգտագործել իր կարգավիճակը՝ որպես տարբեր միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի առաջնորդ՝ տարածաշրջանում խաղաղության խթանման և ուժի հետագա կիրառումը կանխելու համար: Հայաստանի և Ադրբեջանի հետ Հնդկաստանի պատմական և մշակութային կապերը հիմք կծառայեն այս ժողովուրդների միջև վստահության և համագործակցության ամրապնդման համար: Վարչապետ Մոդիի դերակատարումը կայանալու է նրանում, որ նա աջակցի խաղաղության ձեռքբերմանը և վերջ դնի մարդկային ողբերգություններին, որոնց ենթարկվել են և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները վերջին տասնամյակների ընթացքում»,-գրում է պարբերականը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930