«Անկախ դիտորդ» դիտորդական կազմակերպության ներկայացուցիչ, Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ընտրությունների ժամանակ արգելված է ոչ միայն ընտրակաշառքը, այլեւ բարեգործություն անելը, ու «Անկախ դիտորդը» հանցագործության մասին 2 հաղորդում է ներկայացրել՝ «Ուժը հայրենյաց» կուսակցության եւ «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից ընտրական եւ քրեական օրենսգրքերով արգելված այս արարքը կատարելու մասով:
Aravot.am-ը այս մասին մեկնաբանություն խնդրեց «Ուժը հայրենյաց» կուսակցության 1-ին համար Նելլի Հարությունյանից։
«Ուժը հայրենյաց» կուսակցությունն» իր քարոզարշավն իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, այդ ընթացքում նաեւ արձանագրելով բազմաթիվ աղաղակող փաստեր ՏԻՄ ընտրություններին մասնակցող այլ քաղաքական ուժերի կողմից՝ ինչպես քարոզարշավին խոչընդոտելը, վարչական եւ պետական ռեսուրսի օգտագործումը, վարչական շրջանների աշխատակիցներին, մանկապարտեզների, հայտնի պատգամավորին պատկանող տոնավաճառի աշխատակիցներին հավաքներին բերելը, քաղաքապետարանի անմիջական գործառույթների ի պաշտոնե իրականացումը քարոզչական նպատակներով օգտագործումը եւ բազմաթիվ այլ խախտումներ:
«Ուժը հայրենյաց» կուսակցությունը համագործակցում է անկախ դիտորդների հետ, նրանք մշտապես ներկա են մեր կողմից իրականացվող ակցիաներին, օրենքի խախտում մեր կողմից թույլ չի տրվել եւ մենք պատրաստ ենք օրենքով սահմանված կարգով, եթե կան այդպիսիք, մասնակցել նմանատիպ հայտարարությունների ուսումնասիրությանը եւ քննությանը՝ առանց այդ էլ ընտրական գործընթացների նկատմամբ խաթարված վստահությունն էլ ավելի խոցելի չդարձնելու նպատակով»,- Aravot.am-ին փոխանցեց նա:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ