Քրոնիկ հոգնածության համախտանիշը (ՔՀՀ), որը նաև հայտնի է որպես միալգիկ էնցեֆալոմիելիտ, լուրջ հիվանդություն է, որը խստորեն ազդում է մարդու առօրյա կենսագործունեության վրա։ Սա նաև բարդ հիվանդություն է, որն ազդում է ողջ օրգանիզմի վրա՝ առաջացնելով ցավեր ու հոգնածություն։
Նախկինում այս վիճակը չէր ընկալվում որպես հիվանդություն, սակայն վերջին տարիներին փորձագետներն ավելի լրջորեն են սկսել ուսումնասիրել այդ խնդիրը՝ պարզելու համար, թե ինչու է այն առաջանում և որոնք են բուժման ուղիները։ Ընդամենը մի քանի օր առաջ Advanced Science ամսագրում հրապարակված զեկույցի տվյալները հուսադրող են, քանի որ հայտնում են գիտնականների կողմից ստեղծված նոր թեստի մասին, որն ախտորոշում է խնդիրը՝ առաջին անգամ հնարավորություն ընձեռելով օբյեկտիվ եղանակով հայտնաբերել այս բարդագույն հիվանդությունը, որից տառապող 10 մարդուց 9-ը չգիտի, որ իրեն անհանգստացնող վիճակը քրոնիկ հոգնածության համախտանիշն է։
Անալիզը մշակվել է Օքսֆորդի համալսարանի հետազոտողների կողմից, որոնք, համեմատելով քրոնիկ հոգնածության համախտանիշ, ցրված սկլերոզ և առողջական հայտնի խնդիրներ չունեցող մարդկանց թեստերի արդյունքները, պարզել են, որ նոր թեստի ճշգրտությունը 91 տոկոս է, դրանից բացի 84 տոկոս դեպքերում թեստը թույլ է տալիս տարբերակել հիվանդության թեթև, միջին ու ծանր ձևերը։
Նոր թեստն օգտագործում է արհեստական ինտելեկտն արյան բջիջում լազերի առաջացրած թրթիռները վերլուծելու համար։ Օգտագործվող տեխնոլոգիան կոչվում է ռամանովյան սպեկտրոսկոպիա, որը, ինչպես նշում են հեղինակները, կարող է «հարցաքննել առանձին բջիջները»։
Կարդացեք նաև
Ի՞նչ է քրոնիկ հոգնածության համախտանիշը
Քրոնիկ հոգնածության համախտանիշը, ինչպես նշվեց, ազդեցության բարդ մեխանիզմներ ունի և անդրադառնում է օրգանիզմի տարբեր համակարգերի ու գործառույթների վրա։ Արդյունքում ախտանշանները կարող են շատ տարբեր լինել, ինչը խստորեն բարդացնում է քրոնիկ հոգնածության համախտանիշի ախտորոշումը։
Հիմնական ախտանշանները
Հիվանդության ախտանշանները տարբեր մարդկանց մոտ կարող են տարբեր լինել, սակայն կան 3 հիմնական ախտանշաններ, որոնք առկայությունը ախտորոշման հիմք է բժիշկների համար
1․ Երբ առաջանում են դժվարություններ նախկինում հեշտությամբ իրականացվող գործողությունների հետ կապված
ՔՀՀ ունեցող մարդը հոգնածություն է զգում, որը խանգարում է նրան առօրյա գործերն իրականացնելիս։
Այդ հոգնածությունը՝
- ուժեղ է,
- չի անցնում հանգստից հետո,
- կապված չէ կոնկրետ գործողության հետ,
- նախկինում չի եղել։
Քրոնիկ հոգնածության համախտանիշ է ախտորոշվում, երբ հոգնածությունն ու դրա արդյունքում ակտիվության նվազումը 6 և ավելի ամիս է տևում, և բժիշկները չեն գտնում այդ վիճակն առաջացնող առողջական այլ պատճառներ։
2․ Երբ ծանրաբեռնվածությունից հետո առաջանում է ինքնազգացողության վատթարացում
Այս դեպքում մտավոր կամ ֆիզիկական լարումից հետո մարդու մոտ առաջանում են նոր ախտանշաններ, կամ սրվում են հները․ ի հայտ են գալիս՝
- մտավոր դժվարություններ,
- քնի հետ կապված խնդիրներ,
- կոկորդի ցավ,
- գլխացավ,
- գլխապտույտ,
- հոգնածություն
Այս վիճակում անհատը մի քանի օր և անգամ շաբաթ ի վիճակի չի լինում տնից դուրս գալու, առօրյա հոգսերով զբաղվելու։ Ախտանշանները վատանալու միտում ունեն ծանրաբեռնվածությունից 12–48 ժամ հետո։ Ընդ որում այս վիճակի առաջացման պատճառ կարող են դառնալ ամենասովորական գործողությունները, օրինակ՝ ցնցուղ ընդունելը կամ խանութ գնալը։
3․ Երբ առաջանում են քնի խանգարումներ
Մարդը կարող է քնելու ուժեղ ցանկություն ունենալ, բայց չկարողանա քնել կամ արթնանալիս կրկին հոգնած լինել։
Բնորոշ ախտանշաններն են՝
- Վառ ու բազմազան երազները,
- անհանգիստ ոտքերը,
- մկանային ջղակծկումները,
- քնի ապնոէն։
Այլ առանցքային ախտանշաններն են՝
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ ՔՀՀ-ն ախտորոշելու համար այս 3 հիմնական ախտանշաններից բացի պետք է լինի նաև հետևյալ 2 ախտանշաններից որևէ մեկը։
1․ Մտածողության ու հիշողության հետ կապված խնդիրներ
Մարդը կարող է բախվել «մշուշոտ ուղեղին» բնորոշ հետևյալ բարդություններին՝
- որոշումներ ընդունելու,
- մանրուքների վրա ուշադրությունը կենտրոնացնելու,
- արագ մտածելու,
- հիշելու։
2․ Գլխապտույտ վեր կենալիս
Պառկած վիճակից վեր կենալիս մարդը կարող է զգալ՝
- գլխապտույտ,
- թուլություն,
- տեսողության խանգարումներ, օրինակ՝ տեսողության մթագնում կամ բծեր աչքերի առջև։
Հնարավոր այլ ախտանշաններն են՝
Քրոնիկ հոգնածության համախտանիշի բնորոշ ախտանշաններից են ցավն ու անհարմարությունը, որոնք կապված չեն վնասվածքների կամ մեկ այլ ախտորոշված պատճառի հետ։
Ցավերը կարող են լինել՝
- մկանային ցավեր,
- հոդացավեր՝ առանց տեղային կարմրության ու այտուցի,
- գլխացավեր։
Մարդը կարող է նաև ունենալ՝
- լիմֆատիկ գեղձերի ցավոտություն հատկապես պարանոցի ու թևատակերի շրջանում,
- աղեստամոքսային խնդիրներ,
- դող ու գիշերային քրտնարտադրություն,
- սննդային ալերգիա,
- զգայունություն լույսի, հպումների, տաքի կամ ցրտի նկատմամբ,
- մկանային թուլություն,
- հևոց,
- առիթմիա,
- տրամադրության փոփոխություններ,
- անհանգստություն ու տագնապային գրոհներ,
- դեմքի, ոտքերի ու ձեռքերի շրջանում թմրածություն, ծակծկոց, այրոց
- մարմնի ջերմաստիճանի նվազում,
- տեսողական խնդիրներ։
Հնարավոր այլ ախտանշաններն են՝ ցանը, խոսքի խանգարումը, ականջների խշշոցը, նախադաշտանային համախտանիշի ախտանշանների սրումը, սեռական ցանկության բացակայությունը, քաշի անբացատրելի փոփոխությունները, մազաթափությունը և այլն։
Քրոնիկ հոգնածության համախտանիշի պատճառներն ու ռիսկի գործոնները
Լիովին հայտնի չէ այս հիվանդության պատճառագիտությունը, սակայն կան տվյալներ, որ քրոնիկ հոգնածության համախտանիշն առավել հաճախ զարգանում է առողջական այլ խնդիրներից հետո, որոնք են՝
- գրիպանման հիվանդությունները,
- ստամոքսային կամ այլ վարակները,
- մոնոնուկլեոզի հարուցիչ Էպշտեյն Բարի վիրուսը,
- ֆիզիկական ծայրահեղ ծանրաբեռնվածությունը, օրինակ՝ վիրահատությունը։
Հետազոտողներն ավելի շատ ապացույցներ են ստանում ՔՀՀ-ի ու իմունային համակարգի կապի մասին, սակայն ազդեցության մեխանիզմները դեռևս ուսումնասիրվում են։
Նշենք, որ կանայք 2-4 անգամ ավելի շատ են տառապում այս համախտանիշով։
Բուժումը
Ներկայումս այս խնդրի բուժման հատուկ եղանակ չկա, սակայն բժիշկը կարող է աշխատել այն ախտանշանների հետ, որոնք առավել շատ են անհանգստացնում պացիենտին։ ՔՀՀ-ի կառավարումը կարող է ենթադրել՝
- Քնի կարգավորում՝ առողջ քնի գրաֆիկի մշակում, ըստ անհրաժեշտության դեղամիջոցների նշանակում։
- Ցավի կառավարում, որը ներառում է առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկողների օգտագործումը կամ բժշկի կողմից նշանակվող դեղորայքը, ցավազրկման ոչ դեղորայքային միջոցների կիրառումը՝ մերսումը, ջրային թերապիան, ջերմային թերապիան և այլն։
- Սթրեսի կառավարում, որը կարող է ներառել ինչպես հակադեպրեսանտների օգտագործումը, այնպես էլ ռելաքսացիայի միջոցների կիրառումը, թեթև մարմնամարզությունը, յոգան և այլն։
Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող ծառայել որպես հիմք ախտորոշման համար։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ Advanced Science, CDC