Այսօր Հանրային հեռուստաընկերությամբ Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Մանուկ Սուքիասյանը հարց ուղղեց ՔՊ թեկնածու,Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին. «Հայաստանում երբեք ընդդիմությունը իշխանություն չէր դարձել մինչեւ 2018 թիվը, ժողովրդի մեծ վստահությունը մսխեցիք դուք, հայտարարեցիք՝ Արցախը Հայաստան է, 3 տարի հետո հայտարարեցիք՝ Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի մաս, 2021-ի ընտրություններին մասնակցեցիք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշումը պաշտպանեք, այսօր ձեռքերը լվացել եք, ասեցիք 2,5 մլրդ դոլարի թալան եք վերադարձնելու, բանակը զինեք, Նիկոլն է ասել Փաշինյան, հիմա էդքանը որ չեք արել, մի բան էլ հակառակը՝ ամոթից գետինը չե՞ք մտնում, ի՞նչ երեսով եք եկել բանավեճի: Ի՞նչ եք ասել ու արել, երկիրը գնալով փոքրանում է ձեր կառավարումից»:
Սուրեն Գրիգորյանը պատասխանեց. «Ինչ ենք ասել եւ արել՝ այդ հարցի պատասխանը մեր նախընտրական ծրագրում կա: Դուք տեղյա՞կ եք, որ ներկայացնում եք մի ուժ, որի քաղաքապետի թեկնածուն պատգամավոր էր, ուներ մանդատ այս բոլոր հարցերով զբաղվելու, այդ մանդատը վայր է դրել, եկել է մասնակցում է քաղաքապետի ընտրություններին, հարցեր է բարձրացնում, որոնք շատ կարեւոր են, բայց կապ չունեն քաղաքապետարանի հետ: Մենք ինչի՞ գետինը պետք է մտնենք, դուք պետք է գետինը մտնեք, որ երեւանցիներին խաբում եք, ասում եք սա հարթակ է իշխանափոխության համար: Լավ, բա որ իշխանափոխությունը չստացվեց հերթական անգամ ձեր մոտ զբաղվելո՞ւ եք քաղաքային խնդիրներով»:
Մանուկ Սուքիասյանն ասաց, որ մեծ քաղաքական խիզախություն է պետք ավելի բարձր մանդատը թողնել ու գալ, մասնակցել քաղաքապետի ընտրություններին, բացի այդ, մեր երկիրը պատերազմից 5 է պակաս. «Խնդիրը չոքած է մեր դռանը, կարո՞ւմ եք, դուք լուծեք, չէ՝ հեռացեք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ