Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետական, ոչ թե թայֆայական

Սեպտեմբեր 13,2023 10:00

Ինչո՞ւ Փաշինյանը չի շնորհավորել Սամվել Շահրամանյանին՝ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Երկուշաբթի օրը «Հ1»-ին տված հարցազրույցում վարչապետը բացատրեց դա նրանով, որ առաջնորդվում է «միջազգային հանրության տրամաբանության հետ համադրելու եւ չհակադրելու տրամաբանությամբ»:

2020 թ. մայիսի 21-ին Շուշիում Արցախի Հանրապետության նախորդ նախագահ Արայիկ Հարությունյանի երդման արարողությունն էր: Հայաստանի վարչապետը ոչ միայն շնորհավորել էր նախագահին, այլեւ անձամբ մասնակցել այդ արարողությանը: Հետաքրքիր է, այն ժամանակ միջազգային հանրությունը ճանաչո՞ւմ էր ԼՂՀ անկախությունը եւ այդ պետության նախագահի ընտրությունները: Այն ժամանակ «հակադրվելու» խնդիր չկա՞ր: Եվ, ի դեպ, այն ժամանակ Փաշինյանը դեռ չէ՞ր հասցրել ծանոթանալ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որը, ինչպես հիմա է նա պնդում, Լեռնային Ղարաբաղը ճանաչում էր Ադրբեջանի մաս:

Ոմանք ասում են, որ Շահրամանյանին չշնորհավորելը բացատրվում է նրանով, որ Հայաստանի վարչապետը չէր ուզում առաջացնել Էրդողանի դժգոհությունը: Իսկապես, շատ հնարավոր է, որ Թուրքիայի նախագահը հեռախոսով մի երկու թթու խոսք ասեր այդ շնորհավորանքի առիթով: Իսկ հիմա երեւի դրվատել է, գուցե նաեւ գովել Է Փաշինյանին՝ ՀՀ Անկախության հռչակագրի եւ ՀՀ զինանշանի վերաբերյալ իր դիրքորոշման համար:

Բայց, կարծում եմ, որ այս իշխանության համար նույնիսկ Էրդողանի դժգոհությունը կամ դրվատանքը որոշիչ նշանակություն չունեն: Կյանքի ընկալման նրանց միակ չափանիշն է «յուրային – օտար» անջրպետը: Արայիկ Հարությունյանը նրանց կողմից ընկալվում էր որպես «յուրային»՝ իրենք որոշակի ջանքեր էին գործադրել, որ Հարությունյանը փոխարինի Բակո Սահակյանին (որը, բնականաբար, «օտար» էր): Արցախի նոր նախագահին նրանք «օտար» են համարում՝ դատելով իշխանության քարոզիչների ամենօրյա ռեժիմով այս՝ վերջին իշխանափոխությունը խստորեն դատապարտելու եւ Ռուսաստանին վերագրելու միտումներից:

Մինչդեռ մոտեցումը պետք է լինի պետական, ոչ թե թայֆայական: Կարեւոր չէ, թե ով է Արցախի նախագահը՝ աշխարհի բոլորը հայերը եւ հատկապես պետական այրերը պետք է ամեն ինչ անեն՝ նրա հեղինակությունը եւ լեգիտիմությունը բարձրացնելու համար: Որովհետեւ դա, վերջին հաշվով, նպաստում է Արցախի սուբյեկտայնությանը:

…Ինչպես էլ ես վերաբերվեմ Հայաստանի ներկայիս վարչապետին, ես դեմ եմ, որ Զատուլինի կամ Կրիվոպուսկովի նման գործիչները նրա մասին խոսեն առանց հարգանքի, դա ոչ թե անձի, այլ՝ պետության խնդիր է: Ուրիշ հարց, որ այդ ռուս գործիչներից պետք չէ վրեժ լուծել՝ Հայաստան չթողնելով: Դա էլ է, իր հերթին, ոչ պետական մոտեցում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ. Շ. says:

    Շատ կը ներէք, սակայն 2020 թ. Մայիսի հետ բաղդատականը, ի զօրու չէ:

    2020ի աշնան տեղի ունեցած, Հայութեան աղէտալի պարտութենէն եւ անասելի կորուստներէն ի վեր, ՀՀ կառավարութիւնը՝ հարկա՛դրաբար, ստիպուած է չափազանց զգոյշ հանդիսանալու: Որպէսզի գոնէ ջանայ կանխել – կամ ուշացնել – Աղէտին յաջորդ հանգրուանները:

    Եթէ պիտի բաղդատենք, եկէք բաղդատենք նոյն վարչապետին՝ «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ» տխրահռչակ արտայայտութեան հետ: Որու հետեւանքները, լաւ տեսանք…

    Նոյնքան սխալ էր, էն վախտ, այդ ճառախօսութիւնը ծափահարելը, որքան այսօր՝ այպանելը որ Հայաստանի չի ուզում ճանաչել Արցախի պետութիւնը: Զորս, ի դէպ, Հայաստանը երբեք չի ճանաչել: Նոյնիսկ երբ որ, այդքան երկար ժամանակ, յաղթական դիրքի վրայ էինք:

    Ես կ’ուզեմ, խորապէս կը տենչամ որ որ այս վարչակարգը փոխուի: Սակայն այդ գործընթացը պէտք է որ տեղի ունենայ արդար կերպով:

    Բոլոր հակառակ կարծիքներու նկատմամբ իսկական յարգանքով,

    Մ. Հայդուկ Շամլեան

  2. Լավատես says:

    Ընտրություն կոչվածում ես ընտրում եմ ոչ թե նրան, ով իմ շահերն է պաշտպանում, այլ նրան, ում կարող եմ քացի տալ ու դուրս շպրտել պաշտոնից, զզվացրիք սրա նրա դրածո զիբիլներ, մարդ եղեք, հրաժարվեք ձեզ հրամցրած պաշտոններից, մի քիչ հայ եղեք:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930