Այսօր Հանրային հեռուստաընկերությամբ Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին հարցրեց՝ դուք խոսում եք Երեւանի գլխավոր հատակագծից, որի ժամկետը 2020-ին լրացել է, էս 3 տարի ի՞նչը չէր հերիքում՝ ցանկություն, կադրային ռեսուրս, հնարավորություններ, ի՞նչը չստացվեց ձեր մոտ, որ Երեւանի գլխավոր հատակագիծը այդպես էլ չհաստատվեց, որի արդյունքում խայտառակ շինարարություն է տեղի ունենում Երեւանում, վերջին ամիսներին այնքան շինթույլտվություն եք տվել, որ վերջին 5 տարում այդքան շինթույլտվություն չի տրվել: Սուրեն Գրիգորյանը պատասխանեց, որ գլխավոր հատակագծի մշակումը մեկ ամսվա պրոբլեմ չի, մշակման աշխատանքները արդեն իսկ մեկնարկել են:
«Մայր Հայաստան» դաշինքից Մանուկ Սուքիասյանը տեղից արձագանքեց՝ դրա՞ համար եք պոլիկլինիկաները կրճատում, որ էդ պոլիկլինիկաների տեղում էլ շինթույլտվություն տա՞ք: Վարողները նկատողություն արեցին՝ «դուք մեկ ռեպլիկ եք անում, մեկ բերանին եք գալիս»:
Մասնակիցները իշխանական թեկնածուին հարցնում էին՝ դուք խոսում եք տրանսպորտից, վերելակներից, 5 տարին բավարար չէ՞ր այդ խնդիրները լուծելու համար, ասում եք մանկապարտեզներ ենք կառուցել, իսկ որքա՞ն մանկապարտեզ եք փակել, դա էլ ներկայացրեք: Սուրեն Գրիգորյանը պատասխանեց. «Մենք չենք փակել մանկապարտեզ, աննախադեպ քանակի մանկապարտեզ ենք վերանորոգել ու կառուցել»: «Դրա՞ համար են երեխաները հերթ կանգնում այնքան, որ դպրոցի հերթն է հասնում արդեն»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը:
Իշխանական թեկնածուին նաեւ հարցնում էին՝ ինչո՞ւ վերջնականապես չեն լուծել աղբահանության հարցը, չեն կառուցել 33-րդ թաղամասը, Սարի թաղը, Կոնդը, Երեւանը շրջանցող ճանապարհներ: Սուրեն Գրիգորյանը պատասխանեց, որ տրանսպորտի հարցը բազմաշերտ է, 578 ավտոբուս են բերել:
Կարդացեք նաև
Քանի որ մասնակիցները ընդհատում էին ու վիճարկում Գրիգորյանի թեզերը՝ նա հայտարարեց՝ «Դուք չեք կարողանում քաղաքակիրթ բանավեճի կանոնները պահպանել, այդ ոճով ուզում եք Երեւա՞ն կառավարել»: Նրան արձագանքեցին. «Մենք լավ գիտենք ինչպես ենք կառավարելու, համենայնդեպս, ոչ ձեր նման, ամբողջ կառավարումը ձախողել եք՝ 3 քաղաքապետ փոխելով, դուք սպառված քաղաքական ուժ եք»:
«Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը Սուրեն Գրիգորյանին հարցրեց. «Ինչո՞ւ ձեր քաղաքական թիմը աճեցրեց ու հնարավոր է՝ աճեցնում է քաղաքական խարդախների։ Հայկ Մարությանը ձերն էր, բերեցիք կնքեցիք քաղաքապետ, «Ապրելու երկրից» պարոն Առաքելյանը ձերն էր, պատերազմից հետո նախարար էր։ Մարդկանց եք դրել, ովքեր ՀՀ անկախությունը թուլացնելու, խարխլելու միտված քայլեր են անում։ Հիմա մենք ստիպված ենք պայքարել, որ Երեւանը «թաթարական Կազան» չդառնա, կամ «Կարգին հաղորդում» չդառնա»: Սուրեն Գրիգորյանն էլ պատասխանեց, թե մասամբ քննադատությունը ստիպված է ընդունել, որովհետեւ այո, սխալ կադրային քաղաքականություն եղել է: Մանուկ Սուքիասյանը միջամտեց. «Էդ պաշտոնները պիտի իրենց տայիք»՝ ակնարկելով, որ Անի Խաչատրյանը պաշտոնի կռիվ է անում:
Մեսրոպ Առաքելյանն էլ արձագանքեց. «Տիկի՛ն Խաչատրյան, ես ձեզ կոչ եմ անում ձեր տգիտությունը այլ հարթակներում դրսեւորել, քանի որ 20 տարի է՝ դուք պայքարում եք գործող իշխանությունների դեմ, հիմա էլ մեր դեմ եք պայքարում, մի քիչ շուտ եք սկսել, կգաք ավագանիով»:
Այս ողջ բանավեճի ու հաղորդման ժամանակ «Ուժը հայրենյաց» կուսակցությունը ներկայացնող Նատալյա Ռոտենբերգը խոսում էր ռուսերեն՝ համաժամանակյա թարգմանությամբ եւ տեխնիկական խնդիրներից էր բողոքում, թե չի լսում մյուս մասնակիցների թարգմանությունը: Նրան ժամանակ առ ժամանակ հարցնում էին՝ «տիկի՛ն Արզաքանցյան, ձեր մոտ ամեն ինչ նորմա՞լ է»: Ի տարբերություն մյուս մասնակիցների, որոնք հարցեր էին ուղղում իշխանության ներկայացուցչին, Արցաքանցյանը վիճում էր Եվրոպական կուսակցության ներկայացուցչի հետ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ