Այսօր Հանրային հեռուստաընկերությամբ Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը քաղաքացիներին հանրահավաքի հրավիրող «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Մանուկ Սուքիասյանին հարցրեց՝ այդ հավաքի ժամանակ ձեր առաջին համարը էլի՞ ասելու է, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է կամ գոյություն ունի՝ Արցախի հարցը լուծելու համար, Արցախի հարցը լուծելուց հետո ո՞ւմ եք պարտք գույքի դիմաց նվիրելու Հայաստանը:
«Վայ էս ի՞նչ տառապած տեքստ եք ասում, տիկին Խաչատրյան: Եթե ձեր համար 5 րոպեի հարց է Արցախի հարցը լուծելը, դուք էս իշխանությունների հետ քաղաքական բաջանաղություն եք անում, գնացեք ու լուծեք, մեզ մի՛ հեգնեք էդ հարցով: Դուք պիտի իմանայիք, որ արցախյան շարժմանը զուգընթաց է ձեւավորվել այս հանրապետությունը, ու այս բառախաղերը, որ անում եք»,- արձագանքեց Մանուկ Սուքիասյանը եւ ստացավ պատասխան, թե՝ «դուք էիք Նիկոլ Փաշինյանի Մանուկ Սուքիասյանը, ես ձեզ Նիկոլ Փաշինյանով եմ ճանաչում»:
Սուքիասյանը պատասխանեց. «Ես իդեալիստ, ընդդիմադիր հայացքներ եմ ունեցել Հայաստանի բոլոր երեք նախկին նախագահների վերաբերյալ արտահայտվելով քննադատաբար, բոլորի օրոք ունեցել եմ պաշտոն զբաղեցնելու հնարավորություն ու չեմ զբաղեցրել, դուք դա լավ գիտեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ