Լրահոս
Օրվա լրահոսը

Հանգուցյալի լիցենզիան օգտագործվել է մասնագիտացված կազմակերպության կողմից

Սեպտեմբեր 13,2023 14:00

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ, երկրորդ դասի խորհրդական Տաթեւ Ներսիսյանի վարույթում է գտնվում հետաքրքիր մի գործ:

2023 թվականի ապրիլի 27-ին ՀՀ դատախազության Կոտայքի մարզի դատախազությունից ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ստացվել է քաղաքացի Դիանա Մովսեսյանի հաղորդումը հանցագործության մասին: Վերջինս հայտնել է, որ ինքը եւ ամուսինը սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզի Առինջ համայնքի Դուրյան թաղամաս 6-րդ փողոց թիվ 1 հասցեում գտնվող հողատարածքում առանձնատուն կառուցելու նախագիծ կազմելու նպատակով դիմել են «Արխանգել» ՍՊ ընկերությանը, որը 09.07.2021 թվականին մշակել եւ տրամադրել է նախագիծ, որով նախագծի գլխավոր ճարտարապետ է հանդիսացել Արսեն Դավթյանը, իսկ նախագծի գլխավոր կոնստրուկտորն է Էդիկ Աելքումյանը: Ընկերության կողմից մշակված նախագծի հիման վրա, որը կնքվել եւ ստորագրվել է տնօրեն Արտակ Կնյազյանի եւ գլխավոր ճարտարապետ Արսեն Դավթյանի կողմից, Դիանա Մովսեսյանին եւ ամուսնուն 2021թ. սեպտեմբերին ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի կողմից տրամադրվել է համապատասխան շինթույլտվությունը։

Շինարարության կազմակերպումն ու նախագծային վերահսկողությունը հանձնարարվել է «Արխանգել» ՍՊ ընկերության գլխավոր ճարտարապետ Արսեն Դավթյանին, որի հետ լրացուցիչ համաձայնեցվել էր իր վարձատրության չափը՝ շինարարական աշխատանքների կազմակերպման մասով:

Շինարարության մեկնարկը սկսվել է 2021թ. սեպտեմբերին եւ շարունակվել է մինչեւ 2022թ.  սեպտեմբեր ամիսը ներառյալ։ Այս ընթացքում, պարբերաբար  իրականացվել են վճարումներ՝ համաձայն Արսեն Դավթյանի կողմից ներկայացված հաշվետվությունների եւ հաշիվ-ապրանքագրերի: Ըստ Դ. Մովսեսյանի. «Տան ներքին հարդարման աշխատանքներին անցնելուց հետո Արսեն Դավթյանը շարունակեց իր անմիջական մասնակցությունը եւ իր կողմից բերված ներքին հարդարման աշխատանքների կատարման մասնագետների մասով, խնդրեց, որպեսզի իրենց հասանելիք գումարները նույնպես փոխանցվեն իրեն։ Ավելի ուշ պարզվեց, որ այն բանկային հաշիվները, որոնք տրամադրել էր Արսեն Դավթյանը, ողջ ընթացքում հանդես գալով «Արխանգել» ՍՊ ընկերության անունից, հանդիսանում են իր անձնական հաշիվները։ Ավելորդ է նշել, որ որեւէ փաստաթուղթ, որը վկայում էր նրա մասին, որ այդ գումարները հաշվառվում են ընկերության կողմից,  որպես հարկատու, չեն ներկայացվել»։ Շինարարության ընթացքում, ինչպես նշված է եղել տուժողի՝ հանցագործության մասին հաղորդման մեջ,  Ա. Դավթյանի կողմից պարբերաբար ստացվել են խնդրանքներ, որ այսինչ բանն է պակաս, այս է անհրաժեշտ, արդյունքում, համաձայնեցված նախահաշվի գումարը եւ այն գումարները, որոնք բանկային փոխանցմամբ տրամադրվել էին Ա. Դավթյանին, որպես «Արխանգել» ՍՊ ընկերության ներկայացուցիչ, էականորեն սկսել են տարբերվել։

Շինարարության «ավարտին», Ա. Դավթյանը Դիանա Մովսեսյանին տրամադրել է ընկերության կողմից պատրաստված նախագծային փաթեթը՝ ավարտական ակտ ստանալու համար։ Աբովյանի համայնքապետարանի կողմից հայտնաբերվել են լուրջ սխալներ։ Փաթեթը հետ է ուղարկվել լրամշակման, արդյունքում, ավարտական ակտը տրամադրվել եւ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից գրանցվել է առանձնատան նկատմամբ ամուսինների համատեղ սեփականության իրավունքը։

Պետք է նշել, որ այս ամբողջ ընթացքում Ա. Դավթյանի կողմից ներկայացվել են «ինչ-որ կուտակված պարտքի հաշվարկներ, համաձայն որոնց, Դիանա Մովսեսյանն ու իր ամուսինը իրեն խոշոր չափի գումարներ են պարտք», քանի որ Ա.Դավթյանի պնդմամբ. «ինքն ամբողջ շինարարությունն իրականացնում էր իր սեփական միջոցներից»,-նշել էր Մովսեսյանը։

Մասնագիտությամբ իրավաբան Դիանա Մովսեսյանը, որոշ հիմնավոր կասկածներ ունենալով, գրավոր հարցում է կատարում ՀՀ քաղաքաշինության կոմիտե, խնդրելով տրամադրել տեղեկատվություն նախագծի գլխավոր կոնստրուկտոր Էդիկ Մելքումյանի մասին: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից 2023թ. մարտի 20-ին ուղարկված պատասխանում նշվել է, որ  ՀՀ բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ Էդիկ Մելքումյանը մահացել է 2020 թվականի դեկտեմբերի 11-ին:  Դիանա Մովսեսյանը եւս մեկ հարցում է կատարում ՀՀ բնակչության պետական ռեգիստր եւ ստանում է Էդիկ Մելքումյանի մահվան վկայականը: Հետեւաբար, ինչպես պնդում է տուժող Դիանա Մովսեսյանը. «Ակնհայտ է, որ Էդիկ Մելքումյանը որեւէ կերպ չէր կարող հարություն առնել, իրականացնել իրենց առանձնատան կոնստրուկտորական մասը 2021թ. հուլիս ամսին, քանի որ այդ պահին արդեն մեկ տարուց ավելի է՝ մահացած էր», ինչը, սակայն, չի խանգարել «Արխանգել» ՍՊ ընկերության ղեկավարությանն օգտագործել հանգուցյալ Էդիկ Մելքումյանի լիցենզիան մշակված նախագծում՝ դնելով այն ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի կողմից շինթույլտվության տրամադրման փաստաթղթերի հիմքում:

Հաշվի առնելով այս հանգամանքը եւ այն, որ շինարարության ընթացքում էական շեղումներ էին հայտնաբերվել համաձայնեցված նախահաշվից, Դիանա Մովսեսյանը ստիպված եղավ դիմել ՍՊ ընկերության տնօրեն Արտակ Կնյազյանին, որը հայտնել է, որ իր ընկերությունն ու Արսեն Դավթյանը «շատ վաղուց իրար հետ կապ չունեն եւ որ ինքը, որպես «Արխանգել» ՍՊ ընկերության 50% մասնակից եւ տնօրեն, պարզապես ստորագրել է նախագծային փաթեթը եւ ոչ մի կապ չունի դրա հետ»։ Դիանա Մովսեսյանը ինչպես նախաքննության ժամանակ է հայտնել, այնպես էլ «Առավոտին» տեղեկացրեց, որ դիմել է նաեւ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր, ստացել ընկերության իրական շահառուների հայտարարագիրը՝ լրացված նշված ընկերության կողմից: Նշյալ ընկերության 50% մասնակից է հանդիսանում Արսեն Դավթյանը, իսկ մյուս 50% բաժնեմասը պատկանում է տնօրեն Արտակ Կնյազյանին։

Տուժող Մովսեսյանը դիմել է նաեւ «Քրեագետ» դատական եւ անկախ փորձագիտական կենտրոնին՝  խնդրելով պատասխանել հետեւյալ հարցերին, արդյո՞ք կառուցված շենքը համապատասխանում է նախագծին, քաղաքաշինական, տեխնիկական նորմերին, եւ որքա՞ն է կազմում փաստացի օգտագործված նյութերի արժեքը…

Տրամադրված ծավալուն մասնագիտական եզրակացությունը, որը նաեւ մեր տրամադրության տակ է,  ի հայտ բերեց մի շարք ծանրակշիռ փաստեր, համաձայն որոնց, հետազոտվող ժամանակահատվածի համար փաստացի չեն իրականացվել նախահաշվով սահմանված աշխատանքների մի մասը, չնայած այն հանգամանքին, որ դրանց դիմաց ամբողջ գումարը վճարվել էր Ա. Դավթյանին, իսկ մյուս մասի աշխատանքների եւ ապրանքների մասով, առկա են լուրջ հարցեր, կապված դրանց իրական արժեքի եւ Ա. Դավթյանի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացված հաշիվների հետ։ Եզրակացության համաձայն, ընկերության կողմից ավարտական ակտը ստանալու համար պատրաստված փաստաթղթերից մեկը՝ «Հաբշին Նախագիծ» ՍՊ ընկերության կողմից Ա. Դավթյանի պատվերով տրամադրված տեխնիկական եզրակացությունը, որեւէ կապ չունի տուժողների համատեղ սեփականության իրավունքով պատկանող առանձնատան հետ, քանի որ պարունակում է մեկ այլ շինության տվյալներ…

Ապրիլին Դիանա Մովսեսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ ներկայացնելով հաղորդում հանցագործության մասին, որում, մասնավորապես, հայտնել է, որ ընկերությունը 2021-2022թթ. ընթացքում կազմել է իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթղթեր, ներկայացնելով դրանք պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, չարաշահելով իրենց ընտանիքի վստահությունը, հափշտակել են շուրջ 48 մլն ՀՀ դրամ գումար, չեն կատարել շինարարության պատշաճ վերահսկողություն, ինչի արդյունքում շինարարության ընթացքում թույլ են տվել կոպիտ խախտումներ եւ մի շարք այլ գործողություններ։   Մայիսի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ, երկրորդ դասի խորհրդական Տաթեւ Ներսիսյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ, ավելի ուշ՝ Դիանա Մովսեսյանն ու իր ամուսինը նույն գործի շրջանակում ճանաչվել են տուժող:

«Առավոտը» կհետեւի այս գործով հետագա զարգացումներին, պարբերաբար տեղեկացնելով հնարավոր կողմերի պատասխանները, բացատրությունները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930