Հարցազրույց պարուհի, խորեոգրաֆ Վալերիա Կասպարովայի հետ
– Հարգարժան Վալերիա, ձեր արվեստին՝ որպես ժամանակակից ոճի պարուհու եւ խորեոգրաֆի, հիմնականում հանդիպում ենք Հայաստանում արդեն երրորդ անգամ անցկացվող SUMMET ժամանակակից պարի միջազգային փառատոնին, որի գեղարվեստական ղեկավարն եք։ Մինչ փառատոնին անդրադարձը մեր ընթերցողին տեղեկացնենք, որ ծնունդով Սանկտ Պետերբուրգից եք, ունեք հայկական արմատներ, ավելին՝ Ռուսաստանում թողնելով «ձեր ընտանեկան բիզնեսը», ընդմիշտ տեղափոխվել եք Երեւան, ամուսնացել բալետի ճանաչված արտիստ, Balmanukyan Dance Project-ի ղեկավար Արման Բալմանուկյանի հետ։ Ասում են՝ ձեր ծնողները Սանկտ Պետերբուրգում միակ պետական ժամանակակից պարի թատրոնի հիմնադիրներն են։
– Այո, դեռեւս 1997թ. ծնողներս հիմնեցին ժամանակակից պարի թատրոն, որին 2021-ին շնորհվեց պետական կարգավիճակ։ Հայրս ազգությամբ հայ է՝ Վադիմ Կասպարովը, մասնագիտությամբ պրոդյուսեր, թատրոնի տնօրենն է, իսկ մայրս՝ Նատալյա Կասպարովան՝ պարուհի, ժամանակակից եւ ջազային պարի մասնագետ։ Հայրս Պիտերում արդեն 25 տարի անցկացվող ժամանակակից պարի OPEN LOOK միջազգային փառատոնի հիմնադիրն է։
Առաջին անգամ Հայաստան եմ եկել 18 տարեկանում, 2013թ. ու հիմա կդժվարանամ ասել, թե ինչպես դա պատահեց, բայց հասկացա, որ ես հայ եմ, պարտավոր եմ վերադառնալ իմ արմատներին ու ինչով կարող եմ օգտակար լինել հայրենիքիս։
Կարդացեք նաև
Էլի եմ եկել Երեւան՝ ղեկավարածս Kannon dance ժամանակակից պարի խմբով, Հայֆեստի շրջանակներում ներկայացրել եմ «Ձայներ» բեմադրությունը։
– Փաստորեն ճակատագրի բերումով ձեր հայրն ու ամուսինը բախտակիցներ են. ամուսնացել են պարուհիների հետ…
– Ծնողներս սիրով ամուսիններ են։ Երբ արդեն ծնվել էինք ես ու քույրս, մորս հրավիրում են աշխատանքի Ճապոնիա եւ Ամերիկա։ Հայրս այդ ժամանակ հայավարի իր խոսքն է ասում՝ ոչ մի տեղ չես գնա, փոխարենը աշխարհը կբերեմ Պիտեր։ Պահելով տղամարդու իր խոսքը, այդպես էլ վարվում է՝ հիմնում է OPEN LOOK փառատոնը։ Ի դեպ, քույրս էլ կարիերա է անում Մոսկվայում՝ իբրեւ մյուզիքլի արտիստ։
– Ձեր ծնողներին վերաբերող այս փոքր պատմությունից արդեն երեւաց նրանց բուռն սերը, ձեր դեպքո՞ւմ ինչպես է։
– Մենք արդեն ունենք փոքրիկ Արեւիկ եւ առանց ամուսնուս օգնության, պարզից էլ պարզ է, որ չէի կարող շարունակել կարիերաս։ Եվ դա գալիս է միմյանց հասկանալուց, սիրուց։
– Չե՞ք կարծում, որ, այնուամենայնիվ, գերծանրաբեռնված եք՝ ստեղծագործական աշխատանքը զուգահեռում եք ադմինիստրատիվի հետ, ընտանիք…
– Ես ձգտում եմ լինել մուլտիֆունկցիոնալ՝ լավ կին, մայր, պարուհի, դասատու եւ կազմակերպիչ։
Տեսեք՝ այս տարի, օգոստոսի 20-27-ը կայացած փառատոնի շրջանակներում իրականություն դարձրի մի նպատակ եւս, ինչը ես կանվանեի «երկխոսություն». հայաստանցի խորեոգրաֆ Լիլիթ Հակոբյանը ներկայացրեց իր բեմադրությունը՝ ռուսական բալետային խմբի հետ, իսկ մակեդոնացի Իգոր Կիրովը՝ հայերի՝ Balmanukyan Dance Project-ի հետ։
– Չմոռանանք նշել, որ դուք դասավանդում եք նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում։
– Ոչ, թատերականում ես չեմ դասախոսում, պարզապես ինստիտուտի «Լաբորատորիա»-ում անցկացրել եմ վարպետության դասեր, որի արդյունքը՝ «Նամուս» բեմադրությունը, ներկայացրի փառատոնի շրջանակներում։
– Ձեր նպատակասլացությամբ, իհարկե՝ ժամանակակից պարի ոլորտում, կարող ենք զուգահեռ անցկացնել մեր Ռիմա Պիպոյանի հետ, ում ջանքերով Երեւանի պարարվեստի քոլեջում հիմնվեց մոդեռն պարի բաժին, որն այս տարի ունեցավ իր առաջին շրջանավարտները։ Այստեղ մի «բայց» կա. իսկ որտե՞ղ են աշխատելու նրանք։
– Իսկապես, Ռիման մեծ աշխատանք է տանում Հայաստանում մոդեռնի եւ ժամանակակից պարի զարգացման համար։ Եթե դուք նկատի ունեք Երեւանում դեռեւս գոյություն չունեցող ժամանակակից պարի թատրոնի հիմնում, ստեղծում, ապա դա հիանալի կլիներ։ Այստեղ հայ պարողները, հայ բալետմայստերները, հայ խորեոգրաֆները ոչ միայն կարող էին իրենց արվեստը ներկայացնել փառատոնից փառատոն, համերգից համերգ, այլ թիմով ներկայանալ միջազգային հարթակներում, նաեւ կարող են բուռն համագործակցություն ծավալել ժամանակակից հայ կոմպոզիտորների հետ։ Իհարկե, հրաշալի կլինի, որ այդ թատրոնն ունենա պետական կարգավիճակ, ինչը հնարավորություն կտա, կհեշտացնի վարպետության դասերի անցկացումը, հյուրախաղերը, ի վերջո՝ պարբերաբար հանդիսատեսին ներկայանալը եւ այլն։
– Ռուսաստանյան ԶԼՄ-ներում շրջանառվող ձեր բեմադրություններից մեր ուշադրությունը գրավեց «Սեւ այգի» վերնագրով ներկայացումը…
– Հասկանալի է։ 2020թ. սեպտեմբերի 26-ին հանդիպեցի կոմպոզիտոր Օլեգ Գուդաչյովին վերոնշյալ բեմադրությանս համար երաժշտություն ընտրելու նպատակով։ Նրան ներկայացրի սցենարս, որի հիմքում ղարաբաղյան առաջին պատերազմն է։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ հենց հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, կսկսվի 44-օրյան… Միառժամանակ անց կայացավ պրեմիերան, ինչի առիթով իսկապես բազմաթիվ արձագանքներ ստացա։ Գուցե հիմա հարցնեք, թե ինչո՞ւ Երեւանում մինչ օրս չեմ ներկայացրել այդ բեմադրությունը։ Ասեմ. պատրաստվում եմ «Սեւ այգի»-ի երեւանյան պրեմիերայի առիթով դիմել Ազգային օպերային թատրոնի տնօրեն մաեստրո Կարեն Դուրգարյանին եւ վստահ եմ, որ անվանի երաժիշտը դրական կարձագանքի։
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Լուսանկարներում՝ տեսարաններ Վալերիա Կասպարովայի բեմադրություններից։
«Առավոտ» օրաթերթ
12.09.2023