Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր օրոր

Սեպտեմբեր 13,2023 12:30

Զրույց կոմպոզիտոր Բելա Հովհաննիսյանի եւ երգչուհի Մանե Գալոյանի հետ

Կյանքի արագընթաց, հակասական եւ բարդություններով լեցուն շավիղում արվեստի որեւէ ստեղծագործության ծնունդը առաջին հերթին արվեստագետի մտորումների ամբողջացումն է եւ ունկնդրի հետ իր մտքերով կիսվելու հնարավորությունը: Մեր զրույցի առիթը այդպիսի մի նոր ստեղծագործության՝ երգի պրեմիերան է:

Զրուցակիցներս են կոմպոզիտոր, ԵՊԿ ԳՄ դասախոս, դոցենտ Բելա Հովհաննիսյանը եւ սոպրանո, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, օպերային երգչուհի Մանե Գալոյանը:

– Սիրելի Բելա, ուրախ ենք Ձեզ ողջունել մեր ընթերցողների անունից: Զրույցը սկսենք ներկայացնելով սույն ստեղծագործությունը: Ի՞նչ գործ է, եւ ի՞նչը խթան հանդիսացավ երգի ծնունդի համար:

Բելա Հովհաննիսյան – Սիրով։ Ստեղծագործությունը «Օրորներ» խորագիրը կրող օրորերգերից մեկն է։ «Օրորներ»-ը շատ երկար մտածումի արդյունք է։ Ես կասեի հոգեվիճակ, որն իր մեջ ներառում է իմ անցյալը՝ մանկությունը, ներկան, որ հիմա ապրում ենք, եւ ապագան, որը պետք է լինի։ Եվ սրանք փոխկապակցված են, ինչը մեկ բառով կարելի է կոչել կյանք։

– Ձեր ստեղծագործությունների ժանրային շրջանակը բավական ընդգրկուն է՝ սիմֆոնիայից մինչեւ կամերային ստեղծագործություններ: Փոխվե՞լ են, արդյոք, նախընտրելի արտահայտչամիջոցները:

– Փոխվե՞լ, փոխվում է մեզ շրջապատող աշխարհը, երեւույթները, դրսեւորումները, հըըը՜մ, մարդիկ։ Այս ամենի նկատմամբ մեր պատկերացումները, զգացումները տարբեր մոտեցումներ ու վերադրսեւորումներ ունեն՝ հիացումի, հիասթափության, նվիրումի, պայքարի, եւ այս շարքը կարելի է անվերջ թվել։

Պատասխանելով հարցին՝ ես կասեի՝ չի փոխվել։ Այն տարիների ընթացքում մեկը մյուսին փոխարինում են, հետո՝ կրկին հետ վերադառնում, ո՞վ գիտե։

– Ներկայացվող «Օրորին» նախորդել էր եւս մեկ օրոր՝ «Նեննի» վերտառությամբ, որը տարբերվում է իր բնույթով եւ մտահղացմամբ: Հիշում եմ առաջին տպավորությունս այդ գործից, որի ունկնդրումից հետո բնորոշել էի, որպես հետաքրքիր թովիչ տպավորությամբ եւ ազդեցությամբ այնքան բնական ու քնքուշ երգ։ Մի փոքր պատմեք դրա մասին:

– Բոլոր օրորներն են լինելու տարաբնույթ։ Ինչպես նշեցիք, նախորդը կոչվում է «Նեննի», որը գրված է սոպրանո, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, ԵՊԿ դասախոս, նուրբ եւ լուսավոր Արծվիկ Դեմուրչյան անհատականության համար։

Ես ընդհանրապես չեմ պատմում իմ ստեղծագործությունների մասին, ստեղծագործություններս են պատմում իրենց մասին, գուցե եւ՝ ի՞մ (ժպտում է)։ Ուղղակի կնշեմ  «Օրոր»-ի տողերից. «Երթամ, բալե՛ս, խաղաղություն բերեմ, քնի։ Երթամ բերեմ խապրիկմը էն դուրան դաշտեն ու ձայնեմ, նեննի»:

Հիմա կհարցնեք, թե ինչո՞ւ այդ խոսքերով։ Շատ ցավով պետք է նշեմ. դեռ հնուց խաղաղություն փնտրող ենք:

– Եթե չեմ սխալվում՝ այս խոսքերի հեղինակը Դուք եք (ժպտում ենք):

Իսկ երգչուհիների ընտրությունը ինչո՞վ է պայմանավորված: Ըստ Ձեզ՝ ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա երգչի ձայնը, տվյալ գործը ճիշտ մեկնաբանելու համար:

– Ցանկացած կատարող կոմպոզիտորի ստեղծագործությունը ճանաչելու, ապրումակցելու եւ ստեղծագործության խորքը ներթափանցելու կարողություն պետք է ունենա։ Կոմպոզիտորին հասկանալ, ընկալել է հարկավոր, այդ դեպքում գուցե սպասումները իրագործվեն։

– Վերադառնալով վերջին ստեղծագործությանը՝ «Օրոր»-ին, խոսենք մտահղացման ընդհանուր համատեքստի, գաղափարի մասին:

– «Օրոր»-ի խոսքերի հեղինակը Գուրգեն Մահարին է։ Բանաստեղծությունից մի փոքրիկ հատված է վերցված։

Իմ հույզերին արեւավոր օրոր, օրոր։

Օրոր մարգին, արտույտներին, ծառին, ձորին օրոր, օրոր։

Օրոր սարին, հանդին, արտին, օրոր մարդուն,

Արեւավոր իմ սերերին օրոր, օրոր։

Խորը փիլիսոփայություն է, մտքի թռիչք, հոգու ճիչ։ Աշխատել եմ երգի մեջ պահել բանաստեղծության կերպարը, ձայնային ելեւէջները։ Ցանկացած բանաստեղծական խոսք իր երաժշտությունը ունի, այն լսել է հարկավոր։

– Արվեստի ցանկացած գործ ծնվում է սկզբից արվեստագետի երեւակայության մեջ, նոր ստանում նյութական կերպավորում։ Սակայն երաժշտական արվեստում անչափ կարեւոր է կատարողի դերը, քանի որ նրա մեկնաբանության շնորհիվ է ստեղծագործությունը կյանքի կոչվում։ Ենթադրելի է, որ այն լիովին նույնը, ինչ ստեղծագործողի մտքում է եղել, չի կարող լինել։ Ինչպե՞ս կբնութագրեք այս կատարումը։ Ինչպիսի՞ն է այն։

– Ինչպես հասկացա, վերջին ստեղծագործության մասին է խոսքը։

Սիրով նշեմ, որ ստեղծագործությունը կատարեց սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր, Բեռլինի օպերայի մեներգչուհի, աշխարհի տարբեր բեմերում հանդես եկած իմ սիրելի համաքաղաքացի, բարեկամ Մանե Գալոյանը։ Մանեի նվաճումների մասին դեռ շատ ենք լսելու։ Եթե փորձենք այս նույն երաժշտական կտավը ապրեցնել նկարի տեսքով, անշուշտ տարբեր նկարիչների զգացականը տարբեր կլինի, եւ կկերտվի տարբեր կտավներ։ Կարեւորը  այն լույսն է, որը չի խամրում եւ համահունչ է կոմպոզիտորի հոգեկերտվածքին։ Այո՛, Մանե Գալոյանի մոտ ստացվեց համաձուլվել ստեղծագործության հետ եւ յուրովի ապրեցնել։

– Սիրելի Մանե, մենք Ձեզ նույնպես ողջունում ենք եւ ուրախ ենք, որ Բելա Հովհաննիսյանի գեղեցիկ ստեղծագործությունը առիթ եղավ Ձեզ հետ զրուցելու համար: Ներկայացրեք, խնդրեմ, «Օրոր»-ից ստացած Ձեր առաջին տպավորությունները: Ի՞նչը ստիպեց Ձեզ այդքան կարճ ժամանակահատվածում այն ձայնագրել:

Մանե Գալոյան -Նախ եւ առաջ, ես կուզեի ասել, որ շատ զգացված էի, որ Բելան դիմել էր ինձ լինել այս պրոյեկտի մասը եւ «Օրոր»-ից ստացած առաջին տպավորությունս շատ ջերմ էր եւ գողտրիկ: Ինձ շատ դուր եկավ երաժշտությունը, ինչպես նաեւ համադրումը գեղեցիկ տեքստի հետ: Գուրգեն Մահարու տեքսը շատ հուզիչ է եւ ազդեցիկ, նման ձեւով Բելայի երաժշտությունն է: Նման գեղեցիկ համադրությունները ոգեշնչում են արտիստին արագ եւ ոգեշնչված աշխատել: Այդ էր պատճառը, որ մենք որոշեցինք շատ արագ իրականացնել այս պրոյեկտը եւ ձայնագրել:

– Ի՞նչ կարծիքի եք, այն կդառնա՞ Ձեր երկացանկի մասը:

– Այս պահին ես կատարում եմ ավելի շատ օպերային գործեր, ավելի շատ ներկայացումների մեջ եմ, բայց իհարկե, եթե ունենամ կամերային համերգներ, կընդգրկեմ Բելայի գործը եւ կցուցադրեմ ներկայիս հայ կոմպոզիտորների աշխատանքը: Շատ հաճելի կլինի:

– Ձեր արվեստի երկրպագուները եւ հետեւորդները լավատեղյակ են այն ընդգրկուն համերգային գործունեությունից, որ ծավալում եք: Այնուամենայնիվ, օգտվելով առիթից, խնդրում եմ մեր ընթերցողներին պատմել Ձեր արդեն կայացած եւ կայանալիք ծրագրերի մասին:

– Անցած եթերաշրջանի կաեւոր կետերից էին Aix-en-Provence, ինչպես նաեւ սըր Մարկ Էլդերի հետ BBC Proms փառատոներին մասնակցությունը, համերգները՝ Պլասիդո Դոմինգոյի հետ: Այս թատերաշրջանում շատ կարեւոր դեբյուտներ ունեմ՝ ինչպիսիք են Վիեննայի պետական օպերա, Բավարական պետական օպերա, Կանադական օպերա, Դեթրոյթ օպերա: Ամռանը Santa Fe  փառատոնին կմասնակցեմ, որը ԱՄՆ-ում եւ աշխարհում մեծագույն ամառային փառատոներից է։

– Զրույցի ավարտին ուզում եմ  շնորհավորել մեր օրերի հայ արվեստի վառ ներկայացուցիչներ Բելա Հավհաննիսյանին եւ Մանե Գալոյանին կայացած պրոյեկտի առթիվ՝ մաղթել ստեղծագործական նոր համագործակցություն: Մեզ մնում է նոր սպասումներով հետեւել զրուցակիցներիս հետագա ինքնատիպ գործունեությանը:

Զրույցը վարեց ԵՊԿ ԳՄ դասախոս, երաժշտագետ

Ն. Ա. ԵՂՈՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
12.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930