Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրատապ քննարկումներ» Ալիեւի հետ ինչի՞ շուրջ

Սեպտեմբեր 13,2023 12:00

Հայաստանյան քաղաքական դաշտը պետք է հստակ դիրքորոշում ունենա` կո՞ղմ է «Աղդամի ճանապարհի» գործարկմանը

Արցախում նախագահի ընտրությունից ժամեր անց Ռուսաստանից հայտնեցին, թե կառավարությունը հումանիտար օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ՝ Աղդամի ճանապարհով։ Ադրբեջանական Կարմիր մահիկն էլ իր հերթին հայտնեց, թե փոխադրումն իրականացվում է Կարմիր մահիկի եւ Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերությունների համագործակցության հուշագրով՝ Ռուսաստանի կառավարության նախաձեռնությամբ:

Ադրբեջանի նախագահի օգնականը նշել էր, թե իբր Ադրբեջանը թույլ կտա Հայաստանից սննդամթերք ուղարկել Ղարաբաղի բնակչությանը, եթե Բաքվին թույլ տրվի Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության մեքենաների մուտքը Լեռնային Ղարաբաղ։

Ինչպես հայտնի է, արցախցիները դեռ օրեր առաջ թույլ չէին տվել, որ Աղդամ հասած ադրբեջանական Կարմիր մահիկի 40 տոննա ալյուրը մտնի Արցախ։ Ստեփանակերտի դիրքորոշումը հստակ էր` չպետք է հավասարության նշան դնել Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքի ու այլ ճանապարհների միջեւ։

Անցյալ շաբաթ Արցախի խորհրդարանի ամբիոնից Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունից է խոսել Արցախի նորընտիր նախագահը։ «Ի հակառակ Բաքվի պնդումների, արդեն տեւական ժամանակ է՝ փակ է եւ պետք է բացվի։ Պետք է գործարկվեն նաեւ տարածաշրջանի այլ ճանապարհներ եւս, սակայն դրանք չեն կարող փոխարինել Լաչինի միջանցքին կամ դիտվել դրան այլընտրանք։ Առավել քան ակնհայտ է, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման դեպքում Արցախին որեւէ հումանիտար օգնություն տրամադրելու կարիք չի լինելու», – ասաց Սամվել Շահրամանյանը։

Սեպտեմբերի 9-ին Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ ՌԴ կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով մեր հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով:

«Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետեւանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն: Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից», ասվում էր հաղորդագրության մեջ:

Մեկ օր անց, սակայն, 168.am-ը մասնավորապես հայտնեց, որ ադրբեջանական կողմը խախտել է պայմանավորվածությունը` ռուսական կողմի նախաձեռնությունը ստեղծված հումանիտար աղետի հանգուցալուծման վերաբերյալ, ինչը ենթադրում էր ռուսական Կարմիր խաչի մեկ սիմվոլիկ բեռնատարի մուտք Աղդամով Ստեփանակերտ եւ դրանից հետո` Լաչինի միջանցքի գործարկում ապրանքների տեղափոխմամբ: Ադրբեջանական կողմը չեղարկել է պայմանավորվածությունը` ասելով, որ միայն Աղդամով մուտքն է լինելու` բացառելով Լաչինի միջանցքի որեւէ ձեւով գործարկումը: Այս պայմաններում Արցախի իշխանությունները մերժել են նրանց այդ առաջարկը, եւ փաստացի այն բեռը, որը պետք է Աղդամով հասներ Արցախ` մուտք չի գործել տարածք:

Այն, որ Մոսկվան կողմնակից էր Աղդամի ճանապարհի գործարկմանը` այդ մասին հրապարակավ ՌԴ ներկայացուցիչը ՄԱԿ-ում լսումներում հայտարարեց դեռ շաբաթներ առաջ: Արեւմուտքն էլ, կարծես, որպես այլընտրանքային տարբերակ այդ ճանապարհը դիտարկում է, սակայն ի տարբերություն ռուսական կողմի, Արեւմուտքը առայժմ հաստատակամորեն պնդում է Լաչինի միջանցքի անվերապահ բացման պահանջը:

Լաչինի միջանցքը պետք է հիմա վերաբացվի, մյուս ճանապարհներն, ինչպես օրինակ, Աղդամինը, կարող են բացվել որպես լուծման մի մաս, բայց ոչ որպես այլընտրանք, օրերս Ադրբեջանի արտգործնախարարի հետ զրույցից հետո X-ի (նախկին Twitter) իր էջում գրեց Եվրամիության արտգործնախարար Ժոզեֆ Բորելը։ «Ջեյհուն Բայրամովի հետ իմ հեռախոսազրույցում ես վերահաստատեցի իմ մտահոգությունը հումանիտար իրավիճակի առնչությամբ, որին բախվում են Ղարաբաղի հայերը», – նշել էր Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան։

Վաշինգտոնից կրկին արձագանքեցին վերջին օրերին իրադարձություններին: Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակով, նշված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի տարածած հաղորդագրության մեջ։ «Մենք նշում ենք, որ մարդասիրական պաշարները տեղակայված են ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիների մոտ, եւ մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ եւ միաժամանակ բացել երկու միջանցքները՝ թույլ տալու համար հուսահատորեն անհրաժեշտ մարդասիրական մատակարարումները Լեռնային Ղարաբաղում տղամարդկանց, կանանց եւ երեխաներին։ Մենք նաեւ կոչ ենք անում առաջնորդներին՝ չձեռնարկել որեւէ գործողություն, որը լարվածություն է բարձրացնում կամ շեղում այս նպատակից: Վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է։

Հարավային Կովկասում լարվածության վերջին աճի լույսի ներքո, Միացյալ Նահանգները կշարունակի խստորեն աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերին՝ լուծելու առկա խնդիրները ուղղակի երկխոսության միջոցով՝ նպատակ ունենալով հասնել արժանապատիվ եւ կայուն խաղաղության: Մենք կրկնում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը։ Մենք նաեւ խրախուսում ենք երկխոսությունը Բաքվի եւ Լեռնային Ղարաբաղի բնակիչների միջեւ։ Միացյալ Նահանգները նաեւ վերահաստատում է առաջընթացի միակ ճանապարհը խաղաղությունը, երկխոսությունը եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը՝ միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի հիման վրա», – նշվել էր հայտարարության մեջ։

Այն, որ Ադրբեջանը չի հարգելու ձեռքբերված ցանկացած գրավոր, կամ բանավոր պայմանավորվածություն, դա արդեն որեւէ կողմի համար գաղտնիք չէ: Իրավիճակը փակուղային է. Արցախը հայտնվել է պատանդի կարգավիճակում: Արցախցիների կամքի շնորհիվ է, որ Լաչինի միջանցքի նշանակությունն ու կարեւորությունը ընդգծվում է: Լաչինի միջանցքը` Արցախը հայկական պահելու միակ հնարավորությունն է:

Պաշտոնական Երեւանը Լաչինի միջանցքի բացման պահանջից չպետք է նահանջի: Այս օրերին Հայաստանի իշխանությունները կենտրոնացել են Երեւանի դիրքորոշման վերահաստատմամբ, ըստ երեւույթին, պատերազմի բռնկումը կանխելու նպատակով: ՀՀ իշխանությունները, սակայն, կրկին կենտրոնացել են «խաղաղության օրակարգի» թեմայի թեժացման վրա:

Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որում նշում էր, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը: «ՀՀ-ն իրավիճակի էսկալացիայի որեւէ մտադրություն չունի, ճիշտ հակառակը՝ շարունակում է բաց լինել իր կողմից նախկինում առաջարկված դեէսկալացիայի մեխանիզմների քննարկման համար: Հրավիրում ենք տարածաշրջանի կայունությամբ շահագրգռված բոլոր գործընկերների ուշադրությունը, որ ՀՀ-ն պատրաստ է այս ուղղությամբ առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները»:

Մեկ օր անց Նիկոլ Փաշինյանը մի շարք հեռախոսազանգեր ունեցավ, որոնցով պատրաստակամություն է հայտնում «լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ»:

Նիկոլ Փաշինյանի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջեւ հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի եւ 2023թ. մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին եւ բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական եղանակներով ու կառուցողական մթնոլորտում լուծելու մոտեցումներին: «Վարչապետ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ: Նախագահ Մակրոնն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ջանքերին»:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել էր Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացման, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցեր: Այս զրույցի ընթացքում եւս Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում կարգավորելու մոտեցումներին, եւ ընդգծել էր Պրահայում եւ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաեւ հայտնել էր, որ պատրաստ է լարվածությունը նվազեցնելուն միտված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:

Նույնաբովանդակ հաղորդագրություններ էր կառավարությունը տարածել նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ինչպես նաեւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ ունեցած հեռախոսազրույցների վերաբերյալ:

Ի՞նչ են փոխելու «հրատապ քննարկումները» Ադրբեջանի նախագահի հետ:

Պաշտոնական Երեւանը իրավիճակի ի՞նչ լուծումներ է պատկերացնում, դրանցով կիսվե՞լ է գործընկեր երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցներում, առաջարկե՞լ է տարբերակներ:

Եվ ի վերջո, հայաստանյան քաղաքական դաշտը եւս պետք է հստակ դիրքորոշում ունենա` կո՞ղմ է «Աղդամի ճանապարհի» գործարկմանը: Եթե ոչ` դա պետք է ակնհայտ լինի Հայաստանի գործընկերների, տարածաշրջանային խաղացողների համար, անկախ նրանից, թե որքանով է Անկարան ու Բաքուն «վճռական» այդ հարցում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 12.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930