Եվ ո՞րն է դրանց դեմ ամենաուժեղ հակաթույնը
Թագավարակի ժամանակաշրջանում աշխարհում լայն տարածում էին գտել զանազան տարաշխարհիկ տեսություններ, որոնցից, իմ կարծիքով, ամենացնցողը հետեւյալն էր: Ըստ այդ տեսության, որը ձեւավորվել էր ԱՄՆ-ում, իրականում աշխարհում վաղուց արդեն վերացել են թռչունները՝ այն, ինչ թռչում է երկնքում, բացառապես դրոններ են: Իսկ Covid-19 -ի ժամանակ «լոքդաունները» կիրառվում էին այն պատճառով, որ այդ ԱԹՍ-ների մարտկոցները նստել էին, եւ խնդիր կար դրանք վերալիցքավորելու: Հենց այդ պատճառով մարդկանց փողոց չէին թողնում, թե չէ, դուրս գալով, նրանք կտեսնեին, որ «թռչուններ» (իսկ իրականում՝ դրոններ) երկնքում չկան:
Երբ Հայաստանում 2003 թվականին ներմուծվում էր սոցիալական քարտերի համակարգը, մեր երկրում գոյություն ունեին որոշ շրջանակներում հեղինակավոր խմբեր, որոնք հասարակությանը համոզում էին, որ այդպիսով մարդկանց «չիպավորելու» են, եւ այն թվերը, որոնք գրված են լինելու սոցքարտերի վրա, թվաբանական որոշ գործողություններից հետո կազմելու են «666» սատանայական թիվը:
Սրանք երկուսն են դավադրության հազարավոր տեսություններից, որոնք եղել են, կան եւ կլինեն աշխարհի տարբեր անկյուններում: Դրանց հիմքում ընկած է երեք համոզմունք. 1/ աշխարհում բոլոր երեւույթները փոխկապակցված են, 2/ աշխարհում ոչինչ պատահաբար տեղի չի ունենում, 3/ բոլոր պարզ եւ հասկանալի բացատրությունները սուտ են, դրանք հնարում են դավադիրները՝ իրենց գաղտնի ծրագրերը քողարկելու համար: (Դրա մասին ավելի մանրամասն կարդացեք Իլյա Յաբլոկովի «Դավադրության ռուսական մշակույթը» գրքում):
Կարդացեք նաև
Դավադրության տեսությունները «հեշտությամբ» բացատրում են, թե ինչու է տեղի ունենում այս կամ արհավիրքը, աղետը: Այսինքն՝ եթե գործ ունենք դավադրության հետ, ապա քիչ հավանական է, որ գաղտնի (կիսագաղտնի) խումբը նպատակ ունենա կյանքը լավացնելու: Եթե չնչին բացառությունները հաշվի չառնենք, ապա խոսք կարող է լինել միայն հակառակի մասին՝ այդ խումբը ինչ-որ վատ, վնասակար բան է անում եւ շարունակում է անել. դրա նպատակն է՝ սովորական մարդկանց կյանքն ավելի դժվար դարձնելու գնով հասնել իշխանության կամ ավելի ահավոր դարձնել արդեն եղած իշխանությունը:
Որպես այս տեսության «գլխավոր գործող անձինք» սովորաբար հանդես են գալիս ատելի ազգերը, պետությունները կամ ատելի սոցիալական խմբերը: Վերջին շրջանում տարածված են «թշնամու» այդ երկու տեսակները: Օրինակ, այսօր ռուսական «պաշտոնական» տեսությունը հետեւյալն է. 2014 թվականին Կիեւում Արեւմուտքը կազմակերպել էր արյունալի հեղաշրջում, որի նպատակն էր իշխանության բերել նացիստներին եւ կործանել Ռուսաստանը: Ուկրաիական «հայելանման» տեսությունը. դարերի ընթացքում ռուսական կայսրությունը ճնշում եւ գաղութացնում էր ուկրաինացիներին, եւ հիմա նրանք հնարավորություն ունեն ստեղծելու զուտ ուկրաինական պետություն՝ մաքրելով այն գաղութատերերի ազդեցությունից:
Դավադրություն «պաշտոնական» տեսությունը ժամանակակից Հայաստանում. «30 տարի հարուստները (ղարաբաղցիները) թալանել եւ ստորացրել են հայ ժողովրդին, եւ հիմա եկել է նրանցից վրեժ լուծելու ժամանակը»: Սովորաբար նման տեսություններն աչքի են ընկնում ծայրահեղ պոպուլիզմով, որը հակադրում է լավ, բարի, մի քիչ միամիտ, բայց շատ մաքուր ժողովրդին՝ չար, ագահ, նենգ էլիտաների հետ: Ընդ որում, դա կարող է տեղի ունենալ ոչ միայն աղքատ եւ ավտորիտար երկրներում: Դոնալդ Թրամփի ողջ հռետորաբանությունը հիմնված էր հենց այդ հակադրության վրա: Հիշենք, օրինակ, թե ինչպես էր նա անընդհատ սպառնում «չորացնել վաշինգտոնյան ճահիճը»:
Հայաստանում «50+» տարիքի «կիսաինտելեկտուալ» շրջանակներում բավականին տարածված է Երրորդ հանրապետության ծագման մասին դավադրության տեսությունը: Ըստ այդմ՝ հրեաները, մասոնները, Արեւմուտքը, որոնք քանդեցին Խորհրդային Միությունը, Հայաստանում իշխանության բերեցին իրենց դրածո Լեւոն Տեր-Պետրոսյանին, որի նպատակն էր հայերին իրենց ազգային ինքնությունից զրկելը: Բայց այսօր այդ տեսությունը «մեյնսթրիմային» չէ, որովհետեւ իշխանության կողմից խրախուսվում է, կարելի է ասել, հակառակ տեսությունը: Այն է՝ պատերազմի, պարտության, Բերձորի միջանցքի փակման, երկրի ներսում ցանկացած ընդդիմադիր շարժման հետեւում կանգնած է Ռուսաստանը, որի նպատակն է զրկել Հայաստանն ինքնիշխանությունից:
Մեզ մոտ կա նաեւ «ընդդիմադիր» տեսություն. 2018 թվականի իշխանափոխությունը կազմակերպել են Արեւմուտքը եւ Թուրքիան՝ Արցախի եւ Հայաստանի պետականությունը կործանելու համար: Արդյո՞ք այդ տեսությունը ճիշտ է՝ ես չգիտեմ: (Որպես կանոն, վերը շարադրված տեսությունները վերցնում են իրականության ինչ-որ մի տարր եւ աչք են փակում մի քանի տասնյակ այլ գործոնների վրա): Որ հայկական պետականությունը Հարավային Կովկասում վերանալու եզրին է՝ դա ակնհայտ է: Որ դա դավադրության արդյունք է՝ դժվար է ասել:
Շատ դեպքերում կասկած չկա, որ դավադրությունն առկա է, բայց պարզ չէ, թե ում դավադրությունն է դա: Նման օրինակ է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը: Ո՞վ էր կանգնած մեր պետության դեմ այդ դավադրության հետեւում, ես դարձյալ չգիտեմ: Հատուկ ծառայությունների պատմությունից հայտնի է, որ դրանցում ընդգրկված պրոֆեսիոնալներն իրենց նպատակներին հասնելու համար ընտրում են որոշակի հոգեբանական տեսակը՝ մարդկանց, որոնց ամբիցիաները հասնում են մինչեւ երկինք եւ որոնք, մյուս կողմից, չունեն բարոյական արգելակներ: Աշխատանք է տարվում հենց այդպիսի մարդկանց հետ, որոնք երբեմն չեն էլ հասկանում, որ «ծրագրավորվում են»՝ ամբիցիաներն են կուրացնում: Հատուկ ծառայությունների նման պրոֆեսիոնալներ կան Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Թուրքիայում եւ բազմաթիվ այլ երկրներում: Կոնկրետ այս դեպքում ովքեր էին աշխատում՝ ես չեմ կարող ասել:
«Ես չգիտեմ»: Որքան էլ պարադոքսալ հնչի, հենց այդ երկու բառերն են դավադրության տեսությունների դեմ հիմնական «հակաթույնը»: Երբ մարդը խոստովանում է, որ չի տիրապետում ամբողջական նյութին, երբ իրեն չի դնում ամենագետի տեղ, երբ նա պարտադրված չէ կամ ցանկություն չունի ամեն մի հարցի մասին ունենալ ու հայտնել իր «հեղինակավոր» կարծիքը, նա պաշտպանված է դավադրության տեսությունից: Ոչ կոմպետենտ կարծիքները հիմնված են ֆանտազիաների, կարծրատիպերի, նախապաշարումների վրա: Երբ դու հասկանում ես, որ այդպիսի՛ կարծիք չպիտի հայտնես, դու զգուշավոր ես նաեւ այլ մարդկանց արտահայտած կարծիքների հանդեպ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.09.2023