«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ֆեյսբուքի ուղիղ եթերում պատասխանել է օգտատերերի հարցերին։
Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ մի շարք հարցեր են ուղղվել Ռուբեն Վարդանյանին։
Օգտատերերից մեկը հետաքրքրվել է՝ Արցախում ձեզ մոտ ոչինչ չստացվեց, հիմա մտադիր եք «Ապրելու երկիր» կուսակցության միջոցով իշխանությունը Երեւանո՞ւմ գրավել։
Ի պատասխան այս հարցի, Վարդանյանն ասաց․«Ստացվեց, թե՝ չստացվեց՝ եկեք հարցնենք արցախցիներին։ Մենք Արցախում տասնյակ ծրագրեր ենք իրականացրել։ Ես չեմ ամաչում իմ արած գործերից՝ որպես պետնախաար»։
Կարդացեք նաև
Մեկ այլ օգտատեր էլ հարցրել է՝ ձեր վարկանիշը «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի վարկանիշից բարձր է, ինչո՞ւ ձեր թեկնածությունը չեք առաջադրել։
«Ես գտնվում եմ Արցախում, ճգնաժամի մեջ ենք, վերջին երեսուն տարվա մեջ Արցախում ամենասուր իրավիճակն է։ Այս իմաստով պետք է հասկանալ, թե որն է կարեւորը։ Այսօր Արցախում գտնվելն ավելի կարեւոր է, իհարկե Երեւանի ավագանու ընտրություններն էլ կարեւոր են, բայց անհամեմատելի են»,-ասաց Վարդանյանը։
Ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության հաղթելու հնարավորությունը Վարդանյանը բարձր է գնահատում։ Նա ասաց, որ կուսակցությունը երկու տարվա մեջ ցույց տվեց, որ եթե աշխատում ես համակարգված, հետեւողական սկզբունքներով, կարող ես հասնել հաջողության․« Ոչ ոք չէր հավատում, բայց ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիրը» երկրորդ կուսակցությունն էր, որ ընդհանուր շատ ձայն հավաքեց եւ շատ համայնքներում հաղթեց։ Ոչ մի տեղ կուսակցությունը չմիացավ իշխող ուժին, այդ իմաստով համարում եմ, որ Երեւանում շատ մեծ շանսեր կան։ Մանե Թանդիլյանը եւ բոլոր թեկնածուները ներկայացնում են այն սերունդը, որն իսկապես շատ կարեւոր է, որ գան իշխանության։ Ես վստահ եմ, որ Երեւանի ընտրություններում «Ապրելու երկիրը» կարող է շատ ձայներ հավաքել»։
Հարցին՝ եթե «Ապրելու երկիրը» հաղթի Երեւանի ավագանու ընտրություններում, անձամբ ձեր կյանքում ի՞նչ կփոխվի, Ռուբեն Վարդանյանը պատասխանեց․«Ես ու իմ ընկերները քսան տարուց ավելի է՝ տարբեր ծրագրեր ենք անում։ Սյունքիում, Տավուշում Գյումրիում եւ Երեւանում տարբեր ծրագրեր ենք արել ու անում։ Այդ իմաստով եթե «Ապրելու երկիրը» ստանձնի իշխանությունը, ավելի շատ ծանրաբեռնվածություն կլինի, մեծ պրոյեկտներ, գաղափարներ կան, որ կուզենք իրականացնել։ Ամեն ինչ անելու ենք, որ մեր փորձը, ծրագրերը, կապերը օգտագործելով՝ ներդրում անենք Երեւանում։ Վերջին հինգ տարիների, մինչ այդ էլ, Երեւանի զարգացման ռազմավարությունն անընդունելի է։ Քաղաքը շատ ծանր վիճակում է, եթե ստանձնեք իշխանությունը՝ դա ծանր մարտահրավեր է լինելու»։
Օգտատերերից մեկն էլ «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Մանե Թանդիլյանի մասին կարծիք էր հայտնել՝ ինձ համար անհասկանալի է մի մարդու դիրքորոշումը, որը մի ճամբարից մյուսն է գնում։ Այս առնչությամբ էլ Վարդանյանն ասաց՝ մենք երկու տարի է՝ համագործակցում ենք․«Ես մեծ վստահություն ունեմ Մանե Թանդիլյանի նկատմամբ։ Կյանք է, պետք է պատրաստ լինես ամեն ինչին։ Բայց ես տարբեր ժամանակաշրջանում եւ տարբեր իրավիճակներում տեսել եմ իր դիրքորոշումը, պահելաձեւը, դա ինձ մեծ վստահություն է տվել։ Իհարկե, գործով պետք է ապացուցվի։ Ես ապրում եմ այնպես, որ պետք է մարդկանց վստահես, եւ ես շատ հաջողությունների եմ հասել այդպես»։
Տպավորություն է, որ «Ապրելու երկիրը» մրցում է ոչ թե իշխանության հետ, այլ ձգտում է ընդդիմադիր մյուս կուսակցություններից ձայներ վերցնել, ո՞ր ուժն է «Ապրելու երկիր» կուսակցության իրական մրցակիցը։ Այս հարցին էլ ի պատասխան Ռուբեն Վարդանյանն ասաց․«Ինձ թվում է, որ պարզ երեւում է, որ «Ապրելու երկիրը» մրցակցում է իշխող ուժի հետ, եւ ամենամեծ մրցակիցը ՔՊ-ի ներկայացուցիչն է եւ մենք համագործակցում ենք այն մարդկանց հետ, որոնք նույնպես բացառում են ՔՊ-ի համագործակցությունը։ Համաձայն չեմ, որ «Ապրելու երկիրն» ընդդիմադիրներից է ուզում ձայներ տանել»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ